«Մարտական գործողությունների վերսկսման հնարավորության» մասին ազդարարելով՝
ադրբեջանական իշխանությունները
մի քանի խնդիրներ են լուծում
Հայաստանի եւ Արցախի ռազմական համագործակցության եւ գործողությունների համադրման ծրագրի շրջանակում մայիսի 1-ից 2-ը Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով ԼՂ ՊԲ-ում էր:
Արցախի պաշտպանության նախարարությունից տեղեկացնում էին, որ Արցախի իր պաշտոնակից, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ, Հայաստանի պաշտպանության նախարարը եղել է հյուսիսային ու կենտրոնական ուղղությամբ գործող մի շարք զորամասերում, այցելել զորային ու թիկունքային նշանակության տարբեր օբյեկտներ, հանդիպումներ ունեցել սպայական, պայմանագրային ու ժամկետային կազմի զինվորականների հետ:
Դավիթ Տոնոյանը բարձր է գնահատել Հայաստանի եւ Արցախի ռազմական համագործակցության արդի մակարդակն ու այս համատեքստում, մասնավորապես այն բոլոր միջոցառումների որակական ցուցանիշները, որոնք իրականացվում են ՊԲ-ում: Պաշտոնական հաղորդագրությունում ասվում էր, որ աշխատանքային շրջայցի ընթացքում նաեւ ճշգրտվել են այն հետագա անելիքների առաջնահերթ ուղղությունները, որոնք առաջիկայում պետք է ընկած լինեն ռազմական համագործակցության օրակարգի հիմքում:
Կարդացեք նաև
Վերջին 5-6 ամիսներին՝ Ադրբեջանի իշխանությունների հնչեցրած հայտարարությունների ու գնահատականների ֆոնին, կարելի է ասել, որ պաշտոնական Բաքուն առաջ է ընթանում իր գծած սցենարով: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը դեկտեմբերին ծավալուն հարցազրույցներով որոշ «բացահայտումներ» արեց՝ ցույց տալով, թե որն է ադրբեջանական իշխանությունների պատկերացրած լուծումը:
Դեկտեմբերից սկսած ադրբեջանական կողմը բռնեց բանակցություններում քննարկվող «տարբերակի գաղտնազերծման» ուղին՝ որոշ ադրբեջանանպաստ մանրամասներ հրապարակայնացնելով: Քարոզչական կողմն ապահովելով եւ հայկական կողմի ուղղությամբ ճնշումներ գործադրելու համար, այսպես ասած՝ պակասում էր շփման գծում ժամանակ առ ժամանակ լարումը: Դա էլ պաշտոնական Բաքուն ժամանակ առ ժամանակ ապահովեց:
Իսկ օրերս այդ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ձեւակերպել է իր երկրի իրական նպատակները: Հասանովը բանակի հրամանատարների հետ հանդիպմանը հայտարարել է, թե՝ վերջին շրջանում «կտրուկ բարձրացել է ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը», ապա՝ «պահանջել է, որ բանակը պատրաստ լինի մարտական գործողությունների վարման»։
Թե՛ երկրի ներսում բազմաթիվ այլ խնդիրներից ուշադրություն շեղելու, թե՛ հասարակությանը «ռազմահայրենասիրական» թեմաներով զբաղեցնելու համար, եւ իհարկե, «վրա հասնող» «մարտական գործողությունների վերսկսման հնարավորության» մասին ազդարարելով՝ ադրբեջանական իշխանությունները մի քանի խնդիրներ են իրականում լուծում:
Առաջիկա բանակցություններից առաջ, ադրբեջանական կողմը համարում է, որ միջազգային հանրության համար համապատասխան մթնոլորտ է ձեւավորել: Նեղն ընկնելու դեպքում Բաքուն կարող է դիմել նոր սադրանքների: Այս առումով, կարեւոր է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Բաքվի իրական նպատակների վրա: Այդ ուղղությամբ հայկական դիվանագիտությունը պետք է հստակ աշխատանքներ իրականացնի:
Նկատենք, որ ապրիլի 26-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում՝ Արցախի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 170 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1200 կրակոց, օրերս հայտնեց Արցախի պաշտպանության նախարարությունը:
Բացի վերոնշյալ խախտումներից, ապրիլի 29-ին՝ ժամը 15:00-ի եւ 17:25-ի սահմաններում, ՊԲ արեւելյան (Մարտունի) հատվածում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ 60 միլիմետրանոց ականանետներ (8 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկում Արցախի օդային եւ ցամաքային սահմանների պաշտպանությունը վստահորեն իրականացնելու համար, նշվում էր Արցախի ռազմական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրությունում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 05.05.2020