Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կյանքը վերադառնում է Գյումրի․ սրճարանները մարդաշատ են, վարսավիրանոցներն էլ աշխատում են զգուշությամբ. (Ֆոտոշարք)

Մայիս 05,2020 20:33

Որոշ սահմանափակումների վերացումից հետո կյանքը, կարծես, վերադառնում է Գյումրի․ չնայած քաղաքային տրանսպորտը չի աշխատում, այսօր էլ ցուրտ, անձրևային եղանակ է Գյումրիում, այդուհանդերձ քաղաքի կենտրոնական հատվածը բավական մարդաշատ է։ Խոսքը բանկերի առջև, ոստիկանների քթի տակ մարդկային մեծ կուտակումների մասին չէ, որոնք մշտապես առկա են եղել արտակարգ դրության պայմաններում, այլ զբոսնող, սրճարան, խանութ ու վարսավիրանոց հաճախող քաղաքացիների։

Գյումրու պատմական կենտրոնի բացօթյա սրճարաններն այսօր մարդաշատ էին, զգալի էր, մարդիկ կարոտել էին շփումներին․ նրանց հոսքը չէր դադարում, իսկ վարսավիրանոցներում ամեն ջանք գործադրում էին, որ որևէ կուտակում չլինի։ Օրինակ՝ Գյումրու Ռիժկովի ճեմափողոցում գտնվող գեղեցկության սրահներից մեկում մեզ պարզաբանեցին, որ հաճախորդներին սպասարկելիս՝ նրանց խստորեն նախազգուշացնում են՝ չգալ վարսավիրանոց ընկերների կամ հարազատների հետ։

«Փորձում ենք ամեն ինչ անել աշխատանքն անվտանգ կազմակերպելու․ գրանցումները քիչ-քիչ ենք անում, հիմնականում գրանցում ենք այն մարդկանց, որոնք ավելի վաղ են ցանկություն հայտնել հարդարել մազերը։ Երբ հեռախոսազրույց ենք ունենում հաճախորդի հետ, նախազգուշացնում ենք, եթե պիտի սպասարկվի մեկը, ուրեմն թող գա միայնակ, որպեսզի կարողանանք պահել թե՛ սոցիալական հեռավորություն, և թե՛ սենյակներում կուտակումներ չլինեն։ Թող գան միայնակ, որպեսզի մենք էլ հանգիստ լինենք։ Հաճախորդը հենց սրահ մտավ, եթե դիմակ կամ ձեռնոց չունի, անմիջապես տրամադրում ենք, պարտադիր է դրանք կրելը։ Ախտահանիչ նյութերը տեղադրված են, հենց աշխատակիցները մտնում են սրահ, ջերմաչափվում են։

Վարսավիրի աշխատանքում սոցիալական հեռավորություն, բնականաբար, պահպանել հնարավոր չէ, բայց հիգիենիկ պայմանները պահելը պարտադիր է․ հաճախորդներին նախկինի պես չենք գրանցում կես ժամը մեկ կամ մեկ ժամը մեկ, այլ գրանցում ենք 1,5 ժամը մեկ, իհարկե, սա մեզ համար բավական երկարատև ժամանակ է, բայց այս ձևով անվտանգ ենք աշխատում։ Իմաստն այն է, որ յուրաքանչյուր հաճախորդի սպասարկելուց հետո 15-20 րոպե ժամանակ ունենանք՝ աթոռ, սեղան ու հատկապես բռնակները հականեխելու համար»,-ասաց վարսավիրանոցի աշխատակից Արաքսյա Հուրիխանյանը։

Նկատենք՝ որքան էլ Գյումրու սրճարաններն այս պահին մարդաշատ լինեն, պարզ է, որ զբոսաշրջիկներ չունենալու պայմաններում սպասարկման օբյեկտների տերերը մեծ վնասներ են կրելու․ այս քաղաքը փոքր-ինչ աշխուժացել էր հենց զբոսաշրջության զարգացման հաշվին։

Այս մասին քիչ անց։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031