Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլորիս ֆռռացնում են». Հովհաննես Սահակյան

Մայիս 05,2020 16:40

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Սահակյանի համար մեկ ինքնաթիռ ծխախոտ ավել-պակասն իհարկե, խնդրահարույց է, շատ վատ է, բայց նա շատ ավելի կարեւորում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` Արցախի հարցում փուլային կարգավորման տարբերակի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հերքումը, թեկուզ իր սիրած մեթոդով`ուղիղ եթերով: Այս մասին այսօր խոսելով «Հայելի» մամուլի ակումբում, Հովհաննես Սահակյանն ասաց, որ դեռ ուշ չէ եւ հորդորեց Նիկոլ Փաշինյանին` հանդես գալ հայտարարությամբ, Լավրովի ասածների մասին դիրքորոշում հայտնել եւ հստակ ներկայացնել Արցախի հարցի կարգավորման սեփական տարբերակը: Համենայնդեպս, մինչեւ հիմա նախորդ տարբերակների քննադատությունից զատ, Նիկոլ Փաշինյանից այլ բան Հովհաննես Սահակյանը չի լսել. «Անվտանգային գոտի…կարող են գալ մարդիկ եւ ասել`մենք երաշխավորում ենք քո անվտանգությունը. մենք պետք է տա՞նք այդ հինգ շրջանները, թե՞ չպետք է տանք: Այս հարցերը ուղիղ եւ սկզբունքային պատասխաններ են պահանջում: Ասենք`այո`պատրաստ ենք տալ այս պարագայում, մյուս պարագայում`պատրաստ չենք տալ»:

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պատասխանները նախկին իշխանավորը համարում է «դիվանագիտական, շատ հետաքրքիր եւ մանյովրներով պատասխաններ» եւ նկատում, որ հստակ հայտարարվել է`քննարկվում է հինգ շրջանների վերադարձը, ուստի շատ հստակ պատասխան է ակնկալում. «Այդ պատասխանը պետք է տա թիվ մեկ պատասխանատուն` Նիկոլ Փաշինյանը»:

Անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ Արթուր Վանեցյանի հայտարարություններին, Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանի կողմից Վանեցյանին օտարերկրյա գործակալ լինելու մասին հակադարձումներին, ենթադրյալ երկրի հետ հարաբերությունները չվատացնելու համար այս առնչությամբ գործընթաց չսկսելուն, Հովհաննես Սահակյանն ասում է՝ փաստորեն, մեր երկրի շահը ստորադասում ենք ինչ-որ երկրի հետ բարեկամական հարաբերություններին. «Ու սա իրավիճակ է, որ այլեւս լուրջ չես ընդունում: Բայց երբ սթափ մտածում ես` են մեղադրում հավաքագրված լինելու մեջ…Այդ մարդը հասարակ պատգամավոր չէ, քաղծառայող չէ, էդ մարդը եղել է ԱԱԾ տնօրեն, գնդապետ, մեր անվտանգության թիվ մեկ պատասխանատուն: Սա լրջագույն անվտանգային խնդիր է»: Նման հայտարարություններ անող բարձրաստիճան պաշտոնյաներին, ովքեր նաեւ «թիվ մեկ ընտանիքի անդամներ են», բանախոսը հորդորում է ավելի զուսպ լինել, ենթադրություններն ու իրականությունը չխառնել, քանի որ դրանք երկրի համար վատ հետեւանքներ կարող են ունենալ:

Ձեր հարեւանները ձեզ օգնե՞լ են`լրագրողի հարցին`վարչապետի հայտնի հորդորի`պետության կողմից գազի եւ լույսի փոխհատուցումներն ավելի կարիքավոր հարեւանների հաշիվներին փոխանցելու տրամաբանության մեջ, ի պատասխան Հովհաննես Սահակյանը ևս հիշեց ՀՀՇ-ի տարիները`«հարեւաններից հաց ուզեք, պարտք վերցրեք, յոլա գնացեք»: Արդյունքում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակի վերլուծությունը նրան թույլ է տալիս արձանագրել, որ մեր երկրում ձեւն ու բովանդակությունը խառնվել են իրար. «Ուրեմն մեր երկրում, այդքան թվայնացված երկրում, համենայնդեպս, սոցիալական ոլորտն այդպիսին է, մենք չե՞նք կարողանում տեղորոշել կարիքավոր ընտանիքներին եւ հասցեական օգնություններ ցուցաբերել ու 20-րդ դարի 1990-ականների 21-րդ դարյան մոդելն ենք առաջարկում`գումարը փոխանցել ենք, փոխանցեք կարիքավոր հարեւանների հոսանքի վարձը: Կամ մեզ են խաբում, կամ այս պետական ապարատն ուղղակի չի աշխատում, որովհետեւ 2-3 օրվա ընթացքում, շատ արագ կարելի է կարիքավոր ընտանիքներին տեղորոշել եւ հասցեական օգնությունը հասցնել: Կամ չենք ուզում, կամ չենք կարողանում, կամ այդ հնարավորությունը չկա օգնությունը տրամադրելու, կամ, ներողություն արտահայտությանս համար, բոլորիս ֆռռացնում են`ասում են`չենք կարողանում տեղորոշել դրա համար չենք կարողանում օգնել»: Այս իրավիճակը Հովհաննես Սահակյանը ծիծաղելի է համարում:

Համադրելով առկա ցուցանիշները՝ նա նաեւ առաջիկա ամիսների համար տնտեսական բարդություններ է կանխատեսում: Եվ մինչ կարանտինային իրավիճակում պետական բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, եւ հիմա, կարանտինի միջոցառումները մեղմացնելուն զուգորդվող հայտարարությունները`10 հազար զոհ, 500 հազար վարակվածներ ունենալու մասին, Հովհաննես Սահակյանի մոտ տպավորություն է, որ անպատասխանատու կամ ցայտնոտային, հապճեպ որոշումներ կայացնելու իրավիճակում ենք. «Թե մարդն այլեւս արժեք չէ՞»: Նա կարծում է, որ օրվա իշխանությունն ազնիվ չէ. «Պետք է ասի`չենք կարողանում ձեզ պահել, դուրս եկեք`աշխատեք`ապրեք, բայց զգույշ եղեք»: Նախկին իշխանավորը մտավախություններ ունի, որ անվերահսկելի իրավիճակի ենք հանդիպելու:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031