Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Զոհրաբ Մնացականյան. «Մեզ համար չափազանց էական է ձևավորել փաթեթային շրջանակ, որտեղ պարտավորությունները համադրելի են, համաչափ, շոշափելի և վերահսկելի»

Մայիս 04,2020 21:21

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթը և պատասխանները պատգամավորների հարցերին Ազգային Ժողովում կառավարության ծրագրի կատարողականի վերաբերյալ լսումներին

Հարգելի պարո՛ն Ռուբինյան,

Պատգամավորներ, գործընկերներ

Կառավարության ծրագրի հաշվետվողականությունը ներկայացվում է մի ժամանակաշրջանում, երբ ողջ միջազգային հանրությունն ազգային մակարդակում և միջազգային համագործակցությամբ քայլեր է ձեռնարկում հնարավորինս արդյունավետ հասցեագրելու նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերները: Համավարակը մարտահրավեր է դարձել ամբողջ աշխարհի համար: Այդ մարտահրավերը առկա է քաղաքական և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում միջազգային անվտանգության և համագործակցության համար:

Մի կողմից բազմաթիվ ասպարեզներում կաթվածահար է եղել միջազգային համագործակցությունը, սակայն մյուս կողմից առավել է ընդգծվել դրա կարևորությունը հենց գլոբալ սպառնալիքների, կոնկրետ այս պարագայում համավարակի դեմ պայքարելու պայմաններում:

Մեր արտաքին քաղաքականության մեջ, մեր միջազգային օրակարգի հիմքում եղել և մնում է արժեքային, համագործակցային մոտեցումը: Ոչ մի երկիր միայնակ չի կարող դիմակայել գլոբալ մարտահրավերներին առանձին: Առավել ևս երբ նման երկրների համար համագործակցությունը միջազգային կայունության և անվտանգության ապահովման կարևոր գործիք է: Այդ առումով մեզ համար թ՛ե համավարակից առաջ և թե՛ հիմա առաջնային խնդիրը եղել և մնում է մեկը՝ ապահովել մեր անվտանգային համակարգի, մեր անվտանգության ամբողջ ճարտարապետության համապարփակությունը:

2019թ. հայկական դիվանագիտությունն իր գործունեությամբ հաստատեց, որ ինքնիշխանությունը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն սկզբունքն է և երկու մյուս սկզբունքների՝ համահայկականության և փոխգործակցության հետ մեկտեղ ապահովում է միջազգային ասպարեզում հայ ժողովրդի արժեքների և շահերի հետապնդումը: Այդ սկզբունքներն առաջին անգամ հստակորեն ամրագրվեցին օգոստոսի 27-ից սեպտեմբերի 4-ը Հայաստանում և Արցախում կայացած ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ու հյուպատոսական հիմնարկների ամենամյա համաժողովի ժամանակ, համաժողով, որը նորովի էր թե՛ բովանդակային և թե՛ կազմակերպչական ձևաչափով:

2019թ. ընդլայնվել և 2020թ. կշարունակի ընդլայնվել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխարհագրությունը: 2019թ. Հայաստանում բացվել է Ուրուգվայի գլխավոր հյուպատոսությունը, 2020թ. փետրվարին ՀՀ֊ում բացվեց Սլովակիայի դեսպանությունը։ Եվս երեք եվրոպական երկիր՝ Սերբիան, Նիդերլանդները և Շվեդիան որոշում են ընդունել 2020թ. ընթացքում դեսպանություններ բացելու Հայաստանում և արդեն այս ուղղությամբ կատարել են կոնկրետ քայլեր: Նիդերլանդների կողմից արդեն իսկ նշանակվել է առաջին ռեզիդենտ դեսպանը: Բացվել է ՀՀ դեսպանությունը Կատարում, Եթովպիայում, Իսրայելում։ Դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել Հյուսիսային Մակեդոնիայի հետ:

Հայաստանը ամրապնդել է երկկողմ բարձր մակարդակի երկխոսության վրա հիմնված իր բազմաբնույթ և բազմաշերտ համագործակցությունը ՌԴ-ի հետ, ի թիվս այլոց՝ ռազմաքաղաքական, առևտրատնտեսական, մշակութային, գիտակրթական, զբոսաշրջության և այլ ոլորտներում:

Շարունակական քայլեր են ձեռնարկվել ՀԱՊԿ շրջանակներում իրականացվող համագործակցության հետագա խորացման ու կատարելագործման ուղղությամբ

2019թ. ընթացքում  Հայաստանը հաջողությամբ նախագահել է Եվրասիական տնտեսական միության մարմիններում: Այդ ընթացքում նաև մեծ ուշադրություն է դարձվել Միության՝ երրորդ երկրների հետ համագործակցության խորացմանը: Հոկտեմբերի 1-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի երևանյան նիստին ԵԱՏՄ անդամ երկրների հետ մեկտեղ մասնակցել են Սինգապուրի, Իրանի և Մոլդովայի ղեկավարները: Նիստում ստորագրվել են Շրջանակային համաձայնագիր տնտեսական համագործակցության մասին և համաձայնագիր՝ Եվրասիական տնտեսական միության, նրա անդամ պետությունների և Սինգապուրի Հանրապետության միջև ազատ առևտրի մասին: Հոկտեմբերի 27-ին ուժի մեջ է մտել 2018թ. մայիսին ստորագրված ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու ձևավորմանը միտված ժամանակավոր համաձայնագիրը։

Հայաստանի գործընկերային հարաբերությունները Եվրոպական միության, ԵՄ անդամ երկրների, Եվրոպական մայրցամաքի բոլոր երկրների հետ վերընթաց զարգացում են ապրել թե՛ քաղաքական և թե՛ տնտեսական ոլորտներում: 2019թ. զգալի աճել է ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցությունը. 2019թ. տարեկան գործողությունների ծրագրով նախատեսված 40 մլն եվրոյի չափով աջակցությանը հավելվել է լրացուցիչ 25 մլն եվրո հովանոցային ֆոնդից: Ընդհանուր 65 մլն եվրոյի չափով ֆինանսական աջակցությունը 2017թ. և 2018թ. համեմատությամբ զգալիորեն աճել է:

Երկկողմ համագործակցության աշխուժացման ուղղությամբ վարվող արտաքին քաղաքականությանը զուգահեռ՝ Հայաստանը մասնակցել և ակտիվորեն ներգրավված է եղել եռակողմ ձևաչափի ստեղծման գործում: Կիպրոս-Հայաստան-Հունաստան համագործակցության եռակողմ ձևաչափը պատմական, քաղաքակրթական արժեքների վրա հիմնված գործընկերություն է, որը բոլոր մասնակիցների ջանքերի շնորհիվ պետք է վերածվի գործնական համագործակցության հարթակի՝ ի շահ մեր ազգերի և ժողովուրդների: Համագործակցության այս նոր հարթակի նպատակն է համագործակցության օրակարգ ձևավորել՝ միտված տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը և համագործակցությանը: Երևանում պետք է տեղի ունենար Կիպրոս-Հայաստան-Հունաստան ձևաչափով գագաթաժողովը, որը, սակայն, հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով: Սակայն մեր կանոնավոր շփումները շարունակվում են նաև այս պայմաններում, մասնավորապես վերջերս հեռախոսազրույց եմ ունեցել Հունաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների հետ:

Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկը եղել և մնում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բարեկամական և գործընկերային հարաբերությունների ամրապնդումն ու առավել խորացումը: ԱՄՆ-ի հետ անցած տարվա ընթացքում հաստատված ռազմավարական երկխոսության հարթակը համագործակցության օրակարգն ընդլայնելու և խորացնելու նոր հնարավորություններ է պարունակում: Միացյալ Նահանգների կառավարությունը ավելացրել է 2019թ. Հայաստանին հատկացվող օժանդակությունը շուրջ 40 տոկոսով՝ հասցնելով շուրջ 60 մլն ԱՄՆ դոլարի:

Մեզ համար առանձնահատուկ կարևորություն ունի մեր երկու անմիջական հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ համագործակցության ամրապնդումը և զարգացումը, այդ թվում տրանսպորտային և էներգետիկ փոխկապակցվածության շրջանակում:

Անցած տարի բավական ակտիվ է եղել երկկողմ համագործակցության զարգացումը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ:

Մենք հետևողական ենք խորացնելու Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունները՝ բազմաոլորտ և փոխշահավետ լայն համագործակցության ծավալման և ընդլայնման միջոցով, և անցած տարի այս ուղղությամբ կարևոր քայլեր են կատարվել, մասնավորապես մեր երկրների միջև հաստատվել է առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ:

Մեզ հաջողվել է երկկողմ համագործակցության արդյունավետ ծրագրեր նախաձեռնել  և զուգահեռաբար ամրապնդել քաղաքական երկխոսությունը Հնդկաստանի հետ:

Ճապոնիայի հետ բարեկամական և բազմակողմանի փոխգործակցության զարգացման ու խորացման ուղղությամբ նույնպես ունենք շոշափելի արդյունքներ, այդ թվում աղետների վտանգների կառավարման ուղղությամբ:

Փոխգործակցության շարունակական ընդլայնումը Մերձավոր Արևելքի  երկրների հետ շարունակում է մնալ մեր առաջնայնություններում: Հայաստանի Հանրապետությունն ուշիուշով հետևում է Մերձավոր Արևելքում ընթացող աշխարհաքաղաքական գործընթացներին և քայլեր է ձեռնարկել Մերձավոր Արևելքի բոլոր երկրների հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ առանց բացառության՝ հիմնվելով իր արտաքին քաղաքական հռչակված սկզբունքների վրա: Առանձնահատուկ կարևորություն ունի Մերձավոր Արևելքում հայկական համայնքներին աջակցությունը: Անցած տարի մենք շարունակել ենք աջակցություն ցուցաբերել Սիրիայի ժողովրդին մարդասիրական առաքելության շրջանակներում:

Արտաքին գերատեսչության երկարամյա աշխատանքի արդյունքում Հայաստանն ընտրվեց ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի անդամ: Սա ինչպես մեր երկրում տեղի ունեցած ժողովրդավարական վերափոխումների, այնպես էլ միջազգային ասպարեզում մարդու իրավունքների պաշտպանության, այդ թվում ցեղասպանությունների կանխարգելման գործում Հայաստանի ներդրման գնահատականն է:

Այս առումով ցանկանում եմ անդրադառնալ Հայաստանի արտաքին քաղաքականության մեկ այլ առաջնահերթության՝ ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի առաջմղմանը, որին հանձնառության մեր հայտը ներկայացրել ենք դեռևս 1998թ., երբ Հայաստանի կողմից ՄԱԿ-ում նախաձեռնվեց և ընդունվեց Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիայի 50-ամյակին նվիրված բանաձևը: Հետագա տարիների ընթացքում առավել շեշտադրում ենք կատարել ցեղասպանության կանխարգելման և զոհերի ոգեկոչման վրա, ինչի արդյունք էր 2015թ. ՄԱԿ-ի կողմից ցեղասպանության զոհերի արժանապատվության և հիշատակի, ինչպես նաև ցեղասպանության կանխարգելման օրվա սահմանումը: Այս տարի մենք Մարդու իրավունքների խորհրդում ներկայացրել ենք ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ նոր բանաձևի նախագիծ, որն ամփոփում է մինչ այդ արված աշխատանքը և ուրվագծում հետագա քայլերը:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը մնում է մեր կարևորագույն օրակարգային հարցը:

Անցած տարի Հայոց ցեղասպանության ճանաչման և զոհերի ոգեկոչման ուղղությամբ եղել են մի շարք միջազգային նախաձեռնություններ: Ֆրանսիան սահմանել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր: Դատապարտման և ճանաչման նախաձեռնություններ են ընդունվել Իտալիայի և Պորտուգալիայի խորհրդարանների կողմից: Հոկտեմբերի 30-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը հաստատող բանաձև, իսկ դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատի կողմից միաձայն ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև: 2020թ. փետրվարի 13-ին Սիրիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը:

Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը վաղուց ի վեր ձեռք է բերել համամարդկային նշանակություն, քանի որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ցեղասպանության հանցագործության կանխարգելման ամենագործուն քայլերից մեկն է: Այս առումով հատկանշական են վերջին շրջանում Հայոց ցեղասպանության ճանաչման ենթատեքստերը, որոնք պայմանավորված են ոչ միայն դրանք ճանաչած ժողովուրդների և հայ ժողովրդի միջև բարեկամական հարաբերություններով, այլև աշխարհում և  տարածաշրջանում նոր ողբերգությունները կանխարգելելու ձգտմամբ:

Փաստորեն մեր տարածաշրջանում՝ լայն ընկալմամբ, ձևավորվել է այն գիտակցումը, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն անվտանգության սպառնալիքը զսպող ուժ է:

Անցած տարի մենք ընդլայնել ենք ՄԱԿ-ում մեր օրակարգը: Դեկտեմբերի 12-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է հուլիսի 20-ը Շախմատի համաշխարհային օր հռչակելու մասին Հայաստանի հեղինակած բանաձևը: Մարտի 22-ին Հայաստանը ստանձնեց ՄԱԿ Կանանց կարգավիճակով հանձնաժողովի (CSW) նախագահությունը երկու տարի ժամկետով` 2020-2021թթ. համար:

Դեկտեմբերի 11-ին ընդունվել է Հայաստանի կողմից ներկայացված հայտը՝ «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» ներառելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում: Կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150 և կինոռեժիսոր Անրի Վերնոյի 100-ամյա հոբելյաններն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021թթ. օրացույցում։

Գործնական քայլեր են ձեռնարկվել Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև հաստատված արդյունավետ համագործակցության առավել ընդլայնման ուղղությամբ: Հունիսին ազդարարվեց Հայաստան-Եվրոպայի խորհուրդ քառամյա 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի մեկնարկը, և երաշխավորվեց ծրագրի իրականացման անհրաժեշտ ֆինանսավորումը: Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագիրն արդյունավետ շրջանակ է հանդիսանում Հայաստանի կառավարության կողմից առաջնահերթություն հռչակված ոլորտներում, ներառյալ՝ դատաիրավական ոլորտում բարեփոխումների իրականացման համար:

2019թ. ընթացքում Հայաստանի իր արտաքին քաղաքական գերակայությունների շարքում է եղել մեր երկրի ՏՏ հնարավորությունների և այդ ուղղությամբ միջազգային համագործակցության հարթակների ձևավորումը. հոկտեմբերին Երևանում գումարվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը, հոկտեմբերի 30-31-ին Մոնակոյում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի 36-րդ նախարարական համաժողովին Հայաստանի կողմից ներկայացվեց և միաձայն ընդունվեց գիտության, կրթության և թվային տնտեսության զարգացման գործում նորարարության ունեցած դերի վերաբերյալ բանաձև: Բանաձևի ընդունումը կարևոր քայլ է Ֆրանկոֆոն տարածքում առկա թվային ներուժի լիարժեք իրացման և նոր գաղափարներով հանդես գալու ճանապարհին:

Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն գերակայությունն է մնում արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորումը:

Այս նպատակով Հայաստանը շարունակել է սերտ համագործակցությունը միջազգային միջնորդների՝ Մինսկի խմբի համանախագահների հետ արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը և հանդիպումներ արտգործնախարարների մակարդակով:

Տարվա ընթացքում հնարավոր է դարձել ձեռք բերել երկու պայմանավորվածություն՝ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու և խաղաղության համար բարենպաստ միջավայր ստեղծելու ուղղությամբ:

Այս պայմանավորվածությունների շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի լրագրողների փոխանակման այցը:

Տարվա ընթացքում սերտ համագործակցություն է ծավալվել Հայաստանի և Արցախի ԱԳՆ-ների միջև, որը իրականացվել է Երևանում և Ստեփանակերտում պարբերական խորհրդակցությունների ձևով՝ տարբեր մակարդակներում: Հուլիսի 5-ին Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարների կողմից ստորագրվեց Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների պլան, որը նախատեսում է 2019-2020 թթ. անցկացնել կանոնավոր խորհրդակցություններ արցախյան հիմնախնդրի և արտաքին քաղաքական հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների և Արցախի ԱԳՆ կենտրոնական ապարատի միջև խորհրդակցություն՝ երկու ԱԳ նախարարների նախագահությամբ:

Հայաստանը հստակորեն սահմանել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման իր մոտեցումները, որոնք արտահայտվել են բազմաթիվ առիթներով, ներառյալ անցյալ տարի Բրատիսլավայում տեղի ունեցած ԵԱՀԿ նախարարական համաժողովի ընթացքում:

Նոր տիպի կորոնավիրուսի պայմաններում ԱԳՆ գործունեության հիմնական ուղղություններն են.

Արտերկրում գտնվող մեր քաղաքացիների վերադարձ և տեղում իրենց անվտանգության ապահովման ուղղությամբ քայլերի ձեռնարկում;

Բեռնափոխադրումների անխափանության ապահովման ուղղությամբ քայլերի ձեռնարկում և համակարգում;

Կորոնավիրուսի դեմ պայքարում միջազգային համագործակցության իրականացումը՝ ուղղված թե՛ փորձի փոխանակմանը, թե՛ պայքարի համար անհրաժեշտ միջոցների ձեռքբերման և Հայաստան տեղափոխման աշխատանքների համակարգմանը:

Մեր գործընկերների հետ ձեռքբերված պայմանավորվածությունների արդյունքում Հայաստան են ներմուծվել COVID-19-ի դեմ պայքարի համար անհրաժեշտ առողջապահական պարագաներ, նյութեր, սարքավորումներ։ Մասնավորապես, Չինաստանից չվերթներով Հայաստան են բերվել անհրաժեշտ առողջապահական պարագաներ, որոնք ձեռք էին բերվել Հայաստանի կառավարության, ինչպես նաև նվիրաբերվել էին ՉԺՀ կառավարական շրջանակների, ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի (WFP), տարբեր բարեգործական հիմնադրամների, հայազգի և օտարազգի անհատների կողմից։

Այս պայմաններում մեզ համար անգնահատելի է ԵՄ և անդամ երկրների, ԱՄՆ, Չինաստանի, ՌԴ, Հնդկաստանի, Ճապոնիայի, ԱՄԷ և Շվեյցարիայի կողմից տրամադրված օգնությունը և ծրագրված աջակցության փաթեթները։

ՌԴ, Իրանի, Վրաստանի մեր գործընկերների հետ փոխգործակցության բարձր մակարդակի շնորհիվ հնարավոր դարձավ մեր քաղաքացիների՝ Հայաստան տեղափոխման արդյունավետ իրականացումը։

Նման համագործակցություն իրականացվել է բազմաթիվ այլ երկրների հետ, որի շնորհիվ հաջողվել է Հայաստան տեղափոխել մեր քաղաքացիներին:

Սա ամփոփ շրջանակն է, որ ես ցանկացա ներկայացնել, և, բնականաբար,  երկխոսության միջոցով կկարողանանք ավելի ընդարձակվել:

Շնորհակալություն:

Հովհաննես Իգիթյան. Շնորհակալություն, պարո՛ն նախարար: Ես զգացի, և տրամաբանորեն Ձեր ելույթի, զեկույցի մի մասը դրա մասին էր, նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում ԱԳ նախարարության վրա նաև լրացուցիչ բեռ է դրված: Ես ենթադրում եմ նաև, որ մեր քաղաքացիների դրսում գտնվելը կենթադրի նաև ֆինանսական ծախս: Պարզ է, որ միշտ էլ եղել է, բայց գնալով մենք տեսնում ենք, որ թվերը բավականին մեծանում են. հազարավոր մարդիկ արդեն դիմում են ԱԳՆ: Չեք կարծու՞մ, որ այս իրավիճակում, այն սովորական իրավիճակի համար նախատեսված մարդկային ռեսուրսները կարող են չբավականացնել, որովհետև շատ մարդիկ հիմա դրսում գտնվում են վատ վիճակում, և եթե այլ դեպքերում նրանք չէին նախատեսում վերադառնալ Հայաստան, ապա այսօր շատերը, կորցնելով իրենց աշխատանքը դրսում և լինելով Հայաստանի քաղաքացի, չտեսնելով օգնություն այդ երկրում, ցանկանում են վերադառնալ: Ինձ դիմում են դրսից, կարծում եմ՝ դիմում են նաև ԱԳՆ, և համոզված եմ, որ դա ինչ-որ ծախսերի հետ կապված կարող է լինել: Ինչպե՞ս եք նախատեսում այս մեծ բեռը իրականացնել առկա սահմանափակ միջոցներով: Այստեղ այլ խնդիր կա. այլ երկրներից տրանզիտի հարցը պետք է լուծեք այն երկրների միջոցով, որտեղ օտար քաղաքացիների մուտքն արգելված է: Այստեղ նաև շատ մեծ բեռ կա:

Երկրորդ հարցը՝ նույնպես կապված իրավիճակի հետ: Միջազգային կազմակերպությունները, որոնք այս կամ այն ձևով թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում իրականացնում էին մոնիտորինգը, այսօր ֆիզիկապես չեն կարողանում դա իրականացնել: Բայց հաշվի առնելով, օրինակ, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի, Եվրախորհրդի հայտարարությունները՝ այս իրավիճակում զերծ մնալ ռազմական գործողություններից,  մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը խախտում է թե՛ այստեղ, թե՛ Արցախում: Ինձ թվում է՝ այս մոնիտորինգի կամ տեղեկանքների բեռը պատրաստելը և միջազգային կառույցներին ներկայացնելը կրկին Ձեզ վրա է հիմնականում: Դա էլ է մարդկային ռեսուրսների, տեխնիկական և ծախսի հետ է կապված: Այդ երկու հարցերը ինչպե՞ս եք նախատեսում իրականացնել այս իրավիճակում:

Զոհրաբ Մնացականյան. Շնորհակալություն: Առաջին հարցի վերաբերյալ, բնականաբար, մեզ համար այստեղ ամենակարևոր խնդիրը կարողությունների և մեր քաղաքացիների առջև պարտավորության համադրումն է: Այս շրջանում՝ մարտի մեկից ի վեր, Հայաստան է վերադարձել մոտավորապես 63 հազար ՀՀ քաղաքացի: Մենք արդեն վաղ շրջանում հայտարարությունների էինք տարածում և քաջալերում մեր քաղաքացիներին օգտվել բոլոր հնարավոր առիթներից, ընդունել ողջամիտ որոշումներ՝ հաշվի առնելով համավարակի աճող վտանգը: Եվ բազմաթիվ մարդիկ օգտվեցին, այսինքն գնահատեցին իրավիճակը և որոշում ընդունեցին վերադառնալ Հայաստան, ընդհատել իրենց գործողություններն արտերկրում և արագացնել իրենց վերադարձը. յուրաքանչյուրն ըստ իրավիճակի որոշումներ էր ընդունում: Արդեն մարտի կեսին, երբ Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն, և արդեն ավելի ցայտուն էր համավարակն աշխարհում, 23 հազար ՀՀ քաղաքացի է վերադարձել այն պայմաններում, երբ դադարել էին օդային բազմաթիվ փոխադրումներ, բազմաթիվ ընկերություններ դադարեցրել էին իրենց աշխատանքը:

Բացի այդ, անհրաժեշտ էր մշտապես և շատ ուշադիր գնահատել Հայաստանի կարողությունները՝ այդ ծավալները, այդ հոսքերը կառավարելու համար, որովհետև մենք պետք է համադրենք երկու կարևոր խնդիր. առաջինը, մեզ անհրաժեշտ է ապահովել Հայաստանում ներքին անվտանգությունը, այստեղ գտնվող քաղաքացիների անվտանգությունը: Այդ առումով կարանտինի պահանջը չափազանց ընդգծված է, և ես կարծում եմ, որ դա շատ ողջամիտ և ճիշտ է: Մենք ունեինք դեպքեր, երբ վերադարձած քաղաքացիները եղել են վարակի տարածման աղբյուր, և կարանտինը շատ արդարացված որոշում է: Կարանտինը նշանակում է կարողություններ, ռեսուրս, որքան մարդ մենք կարող ենք ապահովել կարանտինով:

Բացի այդ, օդային ուղևորափոխադրումները խախտված են, և հաշվի ենք առնում, որ կան բազմաթիվ մարդիկ, որոնք հայտնվում են ծանր իրավիճակում: Այս ամենը համադրելով, ամեն դեպքն առանձին գնահատելով՝ փորձում ենք հավասարաչափ ծրագրել տարբեր երկրներից, տարբեր տարածաշրջաններից մեր քաղաքացիների հոսքերը բոլոր դեսպանությունների և ԱԳՆ կենտրոնական ապարատի, պարետատան, պարետի, առողջապահության նախարարի, քաղավիացիայի, բազմաթիվ այլ գործընկերների հետ համատեղ, ինչպես նաև մեր տարբեր գործընկերների աջակցությամբ  և ներգրավմամբ, տարբեր համայնքային կառույցների ներգրավմամբ: Բոլոր օղակները օգտակար են եղել, որ մենք կարողանանք այդ ամենը կառավարել:

Մարտի 15-ից սկսած մինչև մայիսի 6-ը մոտավորապես հետևյալ հոսքերն են եղել դեպի Հայաստան. ամեն ինչն առանձին գնահատելու, համադրելու և համաչափ հոսքերն իրականացնելու վրա է հիմնված եղել: Մարտի 15-ին 67 քաղաքացի Հռոմից անվճար տեղափոխվել է Հայաստան: Վրաստանից նույն օրը 115 քաղաքացի է տեղափոխվել Հայաստան՝ նույնպես անվճար: Անգոլայից 24 քաղաքացի է տեղափոխվել: Լեհաստանից մարտի 28-ին՝ 14 քաղաքացի անվճար: Մարտի 31-ին 68 քաղաքացի Հնդկաստանից անվճար տեղափոխվել է Հայաստան: Ապրիլի 6-ին 234  քաղաքացի Մոսկվայից վերդարձել է Հայաստան, որից 80-ը՝ անվճար: Ապրիլի 7-ին Մոսկվայից 226 քաղաքացի է վերադարձել, որից 150-ը՝ անվճար: Ապրիլի 4-ին Թել Ավիվից 10 քաղաքացի է անվճար վերադարձել: Ապրիլի 10-ին Վաշինգտոնից 35 քաղաքացի է վերադարձել անվճար: Ապրիլի 4-ին Թուրքիայից 73 քաղաքացի է անվճար վերադարձել: Ապրիլի 12-ին Մոսկվայից 230 քաղաքացի է վերադարձել, որից 200-ը անվճար: Ապրիլի 13-ին Սուդանից 8 քաղաքացի է վերադարձել: Ապրիլի 19-ին Կրասնոդարից 100 քաղաքացի անվճար վերադարձել է Հայաստան: Ապրիլի 20-ին Դոնի Ռոստովից 100 քաղաքացի անվճար վերադարձել է Հայաստան: Ապրիլի 21-ին Արաբական Միացյալ Էմիրություններից 18 քաղաքացի է վերադարձել: Ապրիլի 22 Մոսկվայից 205 քաղաքացի է վերադարձել՝ 170-ը անվճար: Ապրիլի 23-ին Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ թռիչքով 230 քաղաքացի է վերադարձել, որից 150-ը՝ անվճար: Ապրիլի 24-ին, Բաղդադից 21 քաղաքացի է վերադարձել՝ բոլորն անվճար: Ապրիլի 27-ին Վարշավա-Մինսկ թռիչքով 18 քաղաքացի է վերադարձել: Ապրիլի 28-ին Կիևից 150 հոգի է վերադարձել անվճար, ապրիլի 29-ին Դամասկոսից 18 քաղաքացի է վերադարձել անվճար։ Մայիսի 2-ին Վենետիկից 5 քաղաքացի է անվճար վերադարձել, մայիսի 3-ին Քուվեյթ-Թբիլիսի-Երևան չվերթով Հայաստան է վերադարձել 9 քաղաքացի, մայիսի 4-ին Բեյրութից 20 քաղաքացի են վերադառնում։ Նախատեսվում է, որ մայիսի 6-ին Ալմաթիից Հայաստան կվերադառնան 30 քաղաքացի: Մայիսի 6-ին Ամման-Թբիլիսի-Երևան չվերթով 12 քաղաքացի ենք նախատեսում վերադարձնել, 12-ն էլ՝ անվճար։ Իմ նշած բոլոր այս անվճար վերադարձների ապահովումը թե՛ Հայաստանի կառավարության կողմից իր վրա վերցրած ծախսերի, թե՛ տարբեր գործընկեր կառույցների, անհատների ջանքերի համադրություն է։

Բոլոր չվերթներն իրականացվել են ըստ հնարավորությունների, որովհետև, եթե եղել է հնարավորություն, որ, օրինակ, օդանավը գալիս է Թբիլիսի, մենք կազմակերպում ենք, որ մենք տեղափոխենք մեր քաղաքացիներին։ Չվերթը կազմակերպելու ձևերը բազմաթիվ են. կառավարությունների, ավիացիոն կազմակերպությունների, տարբեր համայնքների հետ համագործակցությամբ կազմակերպում ենք մեր քաղաքացիների վերադարձը։

Հնդկաստանից՝ Կալկաթայից, մեր 60 ուսանողներին, Հնդկաստանի իշխանությունների, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ համագործակցությամբ և ֆինանսավորմամբ, կարողացանք վերադարձնել Հայաստան։ Յուրաքանչյուր դեպք, ըստ կարողության, ըստ հնարավորության, գնահատվում է և իրականացվում։ Ընդհանուր առմամբ, տեսնում եք, որ բավական մեծ թվով քաղաքացի՝ 2035 հոգի, վերադարձել է Հայաստան, որից 1537-ը անվճար: Թե ինչպես ենք մենք դա կազմակերպել, այլ հարց է։

Մյուս հարցը, որը նույնպես մեր մարտավարության մաս է, այն, որ երբ անհնար է կազմակերպել վերադարձը, փորձում ենք նաև գնահատել և գտնել տարբերակներ՝ ինչպես թեթևացնենք բեռը մեր քաղաքացիների համար, երբ նրանք մնում են տվյալ երկրում: Այս առումով բավական մեծ ծանրաբեռնվածություն առկա է ՌԴ-ում: Իրապես, Մոսկվայում մեր դեսպանության և ՌԴ հարավում և հյուսիսում մեր հյուպատոսությունների աշխատանքը եղել է չափազանց լարված։ Գործ ունենք անհատների հետ, մեր քաղաքացիների հետ, որոնք գտնվում են ճգնաժամային իրավիճակում, և այս իրավիճակում մարդիկ տարբեր ձևով են արձագանքում, արտահայտվում, ինչը բնական է։ Մեզ մոտ կա իրավիճակի ամբողջ ընկալումը: Համագործակցելով համայնքային կառույցների հետ՝ օգտագործում ենք բոլոր հնարավորությունները, որպեսզի մեր քաղաքացիներին տեղավորենք կեցավայրերում, ապահովենք սննդով։ Մեզ մոտ դեռևս քաղաքացիների մեծ ցանկ կա, որը մեր ուշադրության կենտրոնում է, և մենք պետք է շարունակենք իրականացնել այդ ամենը: Սակայն նորից նշեմ՝ այս ամենը կատարվում է հստակ հաշվարկված, պարետի, պարետատան հետ համագործակցությամբ, Առողջապահության նախարարության և մյուս հիմնական դերակատարների հետ համագործակցությամբ։ Եվ մենք գնահատում և որոշում ենք ընդունում՝ ինչպիսին են այստեղ մեր քաղաքացիներին ընդունելու և  անհրաժեշտ առողջապահական գործառույթներն ապահովելու կարողությունները, երբ իրենք հասնում են Հայաստան: Սա էր առաջին հարցի պատասխանը։

Ինչ վերաբերում է երկրորդ հարցին․ այս շրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կապը եղել և մնում է անմիջական և մշտական։ Մենք մնում ենք շատ սերտ կապի մեջ և շարունակում ենք տարբեր քննարկումներ՝ առաջին հերթին, իրավիճակին արձագանքելու և զինադադարի ռեժիմը պահպանելու առումով։ Ընդհանուր առմամբ այս իրավիճակում պահպանվում է համեմատաբար հանգիստ վիճակ, բայց մենք անմիջապես ենք արձագանքում յուրաքանչյուր զարգացման, որն անհանգստության առիթ է տալիս։

Մենք միացանք և արձագանքեցինք թե՛ համանախագահների հայտարարությանը, թե՛ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հայտարարությանը: Գլոբալ զինադադարի պահպանման և, մասնավորապես, մեր տարածաշրջանում զինադադարի պահպանման առումով այդ ամենը արտահայտվեց թե՛ համանախագահների հայտարարության մեջ, թե՛ մեր համատեղ հայտարարության մեջ, որը արդյունք էր ապրիլի 21-ի մեր տեսակոնֆերանսի։ Ներկայիս պայմաններում զինադադարի պահպանումը, կարծում եմ, էական է բոլորի համար, բոլոր երկրների համար,  ներառյալ տարածաշրջանում:

Այսօր առաջնային, գերակա խնդիրը համավարակի դեմ պայքարն է, և սա պատասխանատվություն է մեր հասարակությունների առջև․ որքան մենք ենք կրում պատասխանատվություն, այդքան էլ, վստահ եմ, Ադրբեջանը պետք է կրի պատասխանատվություն՝ ուղղելու բոլոր իր ուժերը կորոնավիրուսի դեմ պայքարին։ Սա է մեր աշխատանքի տրամաբանությունը, սա է ամենակարևոր հարցը, որը մեր ուշադրության կենտրոնում է ներկայիս փուլում։

 

Սոս Ավետիսյան. Պարո՛ն նախարար, շնորհակալություն կառավարության հաշվետվությունը ներկայացնելու համար: Առնվազն հասկանում եմ, որ խոսքը հիմնականում 2019թ. մասին էր, ակնկալելի էր, որ գրավոր հաշվետվության մեջ նաև նշեցիք COVID-ի հատվածը, որովհետև Դուք Ձեր բանավոր խոսքում նշում եք, կարևոր է, որ դա Կառավարության զեկույցում լինի, քանի որ դրա հետ կապված կան հարցեր: Իսրայելի, Եթովպիայի, Կատարի դեսպանությունների բացման ինչպիսի՞ ժամանակացույց ունենք, պայմանավորված վիրուսով, կա՞ դրա ազդեցությունը: Եվ նույն կերպ այն երեք դեսպանատները՝ Նիդերլանդների, Շվեդիայի, Սերբիայի, որ Դուք նշեցիք, որ Հայաստանում են բացվելու, ժամանակացույցի փոփոխություն, COVID-ով պայմանավորված, կա՞, թե չկա, ե՞րբ է սպասվում. սա շատ կարևոր հարց է:

Բացի Չինաստանի հետ համագործակցելուց դեղորայքի և կարևոր ապրանքների ներկրման առումով, կան երկրներ, որոնք հիմա ավելի հետազոտական ջանք են թափում, կորոնավիրուսի պատվաստանյութի շուրջ են մտածում: Ցանկանում եմ հասկանալ՝ մեր արտաքին քաղաքականությունն այս երկրների հետ կապի առումով և հնարավոր առաջընթացների պարագայում, եթե նման զարգացում լինի, որքանո՞վ ենք մենք կարողանալու առաջ ընկնել և ստանալ անհրաժեշտ պարագաները, որ նույնպես մեր անվտանգության, ինչպես նաև փոխօգնության սկզբունքի կարևորագույն բաղադրիչն են:

Զոհրաբ Մնացականյան. Շնորհակալություն: Ինչ վերաբերում է առաջին հարցին, կորոնավիրուսի դեմ պայքարում ես իրապես շատ բարձր եմ գնահատում մեր արտաքին գերատեսչության բոլոր ներկայացուցիչների աշխատանքը, մեր դեսպանների, դեսպանությունների, որոնք աշխատում են շատ ծանր պայմաններում՝ հաշվի առնելով, որ ուղղակի անսովոր իրավիճակ է, և յուրաքանչյուրն իր տեղում ապահովել է կոնկրետ գործառույթ, լինի դա քաղաքացիների տեղափոխման հարց, բեռների տեղափոխման կազմակերպման հարց, կառավարությունների հետ երկխոսություն ապահովելու, գտնելու այն ձևաչափերը, ինչպես մենք կարող ենք իրականացնել մարդկանց տեղափոխման կազմակերպման և տարբեր միջոցառումների գործառույթներ, որոնք ուղղված են առողջապահական կարողություններն ամրապնդելուն, նյութական, ֆինանսական տարբեր այլ ձևերով:

Միջազգային կառույցներում աշխատանքը շարունակում է շատ ակտիվ, չնայած պետք է ընդունենք, որ բնականոն աշխատանքը բոլոր դեպքերում խափանված է: Սակայն նույնիսկ այս սահմանափակումների պայմաններում բոլոր միջազգային կառույցներում իրականացվում է աշխատանք, ընդունվում են բանաձևեր, իրականացվում են տարբեր խորհրդակցություններ՝ միջազգային համագործակցությունն ամրապնդելու առումով, ոչ միայն կորոնավիրուսի, այլև ավելի լայն՝ ընդհանուր միջազգային օրակարգին վերաբերող հարցերի շուրջ: Այնտեղ, որտեղ հնարավոր է, աշխատանքը շարունակվում է: Ծավալն իսկապես շատ մեծ է, դա, բնականաբար, կարտահայտվի ավելի համապարփակ և մանրամասն ներկայացմամբ: Եվ յուրաքանչյուրի գործը, ես հիմա ընդհանուր եմ ասում, բայց անձամբ շատ բարձր եմ գնահատում, որովհետև մեր գործընկերները հսկայական ծավալի աշխատանք են կատարել, ընդգծված կարևորություն է տալիս այն խիստ համակարգվածությանը և շատ արդյունավետ աշխատանքին այստեղ՝ Երևանում՝ Կառավարության տարբեր մարմինների, պարետատան և բոլոր մյուս կառույցների միջև: Ուղղակի շատ արագ, օպերատիվ աշխատանք է տարվում, որոշումներ են ընդունվում, իրականացվում է շատ հստակ համակարգված աշխատանք, որը տալիս է իր արդյունքները:

Ինչ վերաբերում է տարբեր երկրներին և միջազգային կառույցներին, Դուք անդրադարձաք Չինաստանին: Չինաստանն, այո՛, այդ երկրներից մեկն է, որտեղ մենք շատ արագ կարողացել ենք ապահովել անհրաժեշտ պարագաների գնում և տեղափոխում: Մենք նաև շատ բարձր ենք գնահատում Չինաստանի իշխանությունների կողմից տրամադրված օգնությունը. մի մասը եղել է նվիրատվություն իրենց կողմից:

Երկրները շատ ավելին են: Շատ զգույշ պետք է լինեմ, որովհետև այնքան շատ են երկրները, և որևէ մեկին բաց թողնելն ուղղակի անմարդկային կլինի: Շատ են այն երկրները, որոնք շատ օգտակար են եղել և աշխատել են մեզ հետ: Նշեմ  նաև միջազգային կառույցները, որոնք օգտակար են եղել՝ որպես օպերատորներ կազմակերպելով բեռի հավաքը և տեղափոխումը Հայաստան: Դա ՄԱԿ տարբեր կառույցներ են, Պարենի համաշխարհային ծրագիրը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և այլն:

Ներկայացնելու դեպքում պետք է ամբողջը նշեմ, չեմ ցանկանա ընտրովի ներկայացնեմ, քանի որ անարդար կլինի յուրաքանչյուրի հանդեպ, ով շատ օգտակար է եղել. Միացյալ Նահանգներից մինչև Չինաստան, ԵՄ-ից մինչև ՌԴ, Մերձավոր Արևելքի մեր գործընկերները, Հնդկաստանը, Ճապոնիան և այլն: Շատ են երկրները, որոնց հետ համագործակցությունը եղել է շատ սերտ:

Ինչ վերաբերում է հետագա զարգացումներին և քայլերին՝ կապված դեղամիջոցի ստեղծման հետ, սա մի հարց է, որը հիմա ընթանում է, միջազգային կառույցներում քննարկման առարկա է: Սա մի հարց է, որը հիմա է տեղի ունենում. վակցինան դեռ չկա, և այս պահին դեռևս շատ բան չկա ասելու:

Ինչ վերաբերում է դեսպանություններին, բոլոր նախադրյալներն արդեն դրված են, ամեն ինչ արդեն աշխատում է, իրականանում է: Շվեդիայի դեսպանությունը Հայաստանում գործում է, մենք սպասում ենք արդեն մշտական հիմունքներով դեսպանին: Նիդերլանդների, Սերբիայի առումով էլ է նույնը: Իրենք արդեն որպես միավորներ գործում են, դեսպանների նշանակումներն ընթացքի մեջ են: Մենք ևս նույն վիճակում ենք. ունենք դեսպաններ, որոնք չեն կարողանում հասնել իրենց նստավայրը, որպեսզի շարունակեն կամ սկսեն աշխատանքը: Այս առումով կորոնավիրուսն իր ազդեցությունը թողնում է, լուրջ սահմանափակումներ կան: Բայց սա է իրադրությունը, պետք է սպասենք և շարունակենք աշխատանքները:

Այդ առումով նկատած կլինեք, որ տարբեր երկրներ, այդ թվում մենք, բավական ակտիվ իրականացնում ենք, այսպես ասած, հեռախոսային դիվանագիտություն և բավական ակտիվ կապի մեջ ենք թե՛ նախարարների մակարդակով, թե՛ այլ մակարդակներով:

Դեսպանություններից  ստացվող և Հայաստանից ուղարկվող փաստաթղթերի ծավալն առանձնապես չի նվազել. մեր դեսպանությունները շարունակում են աշխատել իրենց տեղերում, յուրաքանչյուր հնարավորություն օգտագործվում է՝ հեռախոսակապ, տեսակապ: Սահմանափակումներ կան, նորմալ բնականոն աշխատանք չէ, սակայն պետք է պահպանել տեմպ, օրակարգ և անդրադառնալ բազմաթիվ հարցերի, որոնք մեր առջև են, այն պայմաններում, երբ բոլորս սպասում ենք բնականոն աշխատանքի քիչ թե շատ վերականգնմանը:

Ռուբեն Ռուբինյան. Պարո՛ն նախարար: Վերջին շրջանում ակտիվացել են խոսակցությունները ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ: Որոշ շրջանակներ ակտիվորեն քննարկում են, ըստ իրենց, ոչ հայանպաստ տարբերակների քննարկման մասին: Ի դեպ, հետաքրքիր պատճառահետևանքային կապ կա. հիմնականում այն անձինք, որոնք, օրինակ, խայտառակ կերպով հեռացվում են պետական աշխատանքից կամ այն անձինք, ում հետ կապված խայտառակ գործեր են հարուցվում, հիմնականում այդ մարդիկ են հանկարծ դառնում շատ ազգայնական և շատ անզիջում: Կցանկանայի մեկնաբանեիք՝ ընդհանրապես և՛ 2019թ., և՛ հիմա ի՞նչ է կատարվում հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, որո՞նք են Հայաստանի Հանրապետության սկզբունքները և դիրքորոշումները: Եվ այս համատեքստում կուզեի նաև անդրադառնայիք Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ երկու օր առաջ արված հայտարարությանը, ըստ որի, ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը կտրուկ մեծացել է: Շնորհակալություն, խնդրեմ:

Արման Բաբաջանյան. Եթե թույլ տաք, ես ավելացնեմ: Նույն հարցի շրջանակներում չենք կարող նաև մոռանալ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի ծավալուն անդրադարձը ղարաբաղյան խնդրին, հիշեցումը Լավրովյան պլանի կամ, այսպես ասած, փուլային տարբերակի մասին, ինչպես նաև Ձեր պատասխանը: Կցանկանայի ավելի խորացնեիք և, բնականաբար, Ձեր վերաբերմունքը ռուսական գազի վերաբերյալ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի մեկնաբանությանը և դա պայմանավորելը Հայաստանում իրավական գործընթացի հետ:

Արման Աբովյան. Պարոն նախարար, խնդիրն ավելի լայն ներկայացրեք, որովհետև այստեղ ոչ միայն, այսպես կոչված, Լավրովյան պլանն է կամ Բոլթոնյան պլանը, այստեղ խնդիրն ավելի շատ նրանում է, որ փաստացի ունենք հայտարարություն համանախագահի կողմից, և մնացած երկու համանախագահները, կարծես թե, չարձագանքեցին: Եվ այս պարագայում մեր դիրքորոշումը և այն, ինչ պարոն Ռուբինյանն ու պարոն Բաբաջանյանն ընդգծեցին: Շնորհակալություն:

Զոհրաբ Մնացականյան. Շնորհակալություն: 2019 թ.-ի ընթացքում, գիտեք շատ լավ, որ բավական ծավալուն աշխատանք է եղել համանախագահների ներգրավմամբ: Եվ սկզբունքորեն մենք բավական թափանցիկ խոսել ենք այն ծավալի մեջ, որը հնարավոր է: Հիմա այստեղ հրապարակային քննարկում է:  Որպես բանակցող՝ ինձ համար շատ էական է համադրել այն, ինչ անհրաժեշտ է արտահայտել հրապարակայնորեն, և այն, ինչ պետք է անել, որպեսզի մենք սահուն շարունակենք բանակցային գործընթացը, որտեղ մենք ունենք մեր նպատակները և մեր հիմնական կարևորագույն սկզբունքները: Այդ առումով անցած տարի մենք բավական ընդարձակ անդրադարձել ենք այդ սկզբունքներին: Դրանք են եղել մեր հիմնական քննարկման առարկաները:

Մենք հիմա վերցնում ենք այս ժամանակաշրջանը, բայց հիշեցնեմ, որ դեկտեմբերին Բրատիսլավայում ունեցանք ԵԱՀԿ նախարարական հանդիպում, որտեղ Ադրբեջանն իր դիրքորոշումը ներկայացնում էր այնպես, որ սկզբունքորեն մեզ համար պարզապես անընդունելի էր: Եվ հիշում եք մեր հայտարարությունը՝ արտահայտված ԵԱՀԿ-ում ունեցած իմ ելույթում, որը շատ հստակ ամրագրում է այն բոլոր մոտեցումները, որի մասին մենք խոսել ենք տարբեր ձևաչափերով, տարբեր շեշտադրումները, խոսել ենք անընդմեջ, և որոնք համապարփակ արտահայտվել են Բրատիսլավայում ունեցած իմ ելույթում: Դա երկու, այսպես ասած, մոտեցումներ են, որտեղ մենք նաև բազմիցս նշել ենք, որ հարցը հիմնվում է փոխզիջման սկզբունքի վրա:

Չի կարող որևէ մեկը սպասել, որ Հայաստանը որևէ քայլ կկատարի, որը համադրելի չէ, որը ենթադրում է զիջում, որը վնասում է մեր ազգային անվտանգությունը: Այստեղ շատ էական է մնալ ուղղակի սառնասիրտ և հանգիստ: Իհարկե շատ հրապուրիչ է, մանավանդ ներքին դաշտում, հասկանալով նաև քաղաքական համատեքստը, շատ գունավոր ձևերով արտահայտվելը, սակայն այն, ինչ մենք ասում ենք, առավել քան հստակ է, և ավելի քան ուղղորդում է մեր ներգրավումը բանակցային գործընթացում: Այն, ինչ արտահայտվել է Բրատիսլավայում, սկզբունքորեն կրկնվել է Երևանում ապրիլի 21-ին, երբ ես մեկնաբանում էի դրանից մի քանի ժամ առաջ արված մեկնաբանությունը: Դրանից հետո եղել են նաև Ռուսաստանի և Հայաստանի ԱԳՆ խոսնակների մակարդակով մեկնաբանություններ, և ես կարծում եմ, որ այդ առումով մենք այլևս բան չունենք խոսելու, և կարիք չկա էլ ավելի փորփրել:

Մեկ կարևորագույն սկզբունք կա այս ամենի մեջ, որը վերաբերում է մեր ներքին քաղաքականությանը, որից չենք փախչի, և հասկանալի է այդ ամենը:

Այստեղ շատ էական է մեկ այլ բան. առաջին հերթին մենք կտրականապես մերժել ենք սպառնալիքի գործոնը բանակցային գործընթացում: Սա պատասխանն է Ձեր հարցին, թե ինչ մեկնաբանություն է արել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Սա հստակ պատասխան է: Սա մենք բոլորս ընդունո՞ւմ ենք, թե՞՝ ոչ: Եթե մենք ընդունում ենք, որ սպառնալիքն այնքան է, որ մենք պետք է գնանք զիջման՝ ես, մեր կառավարությունը մեր հասարակությունից կամ որևէ մեկից նման ազդակ չունենք:

Սպառնալիքի լեզուն ժխտված է: Բանակցային լեզուն ընդունված է: Այդ բանակցությունների մեջ գոյություն ունեն այն սկզբունքները, որոնք ես կարող եմ նորից կրկնել, բայց այնքան շատ ենք խոսել դրանց մասին, որ առավել քան պարզ է:

Ինչ վերաբերում է մյուս կարևորագույն սկզբունքին և խնդրին, ես որևէ կերպ չեմ ներգրավվելու այն մրցակցության մեջ, թե ով է ավելի շատ հայրենասեր, ով՝ քիչ: Երբ մենք ներգրավվեցինք բանակցություններում, մենք առավել քան լուրջ էինք այն հարցերի շուրջ, որոնք Հայաստանի գերակայությունն են, որովհետև դա մեր միասնական հավաքական անվտանգությունն է: Մենք առաջ ենք բերել Արցախի ժողովրդի անվտանգությունը՝ որպես կարևորագույն խնդիր: Եվ այն, ինչ այսօր գոյություն ունի իրականում, անվտանգային համակարգ է և պաշտպանական գծեր: Ինչ վերաբերում է կարգավիճակի հարցին, թե ինչ նկատի ունեմ՝ կարգավիճակ ասելով: Ներողություն, ես ի՞նչ կարող եմ նկատի ունենալ կարգավիճակի առումով. հասկանում եք՝ մրցակցության կարիք չկա: Շատ ավելի էական է, քանի որ մեր դիրքերը շատ ավելի ամուր են: Ես ինձ շատ ավելի հանգիստ եմ զգում այդ առումով, որովհետև ընդհանուր առմամբ մեր հասարակությունում, ես գնահատում եմ, որ կա կոնսենսուս այս ամենի շուրջ, ինչն էլ ավելի է ամրապնդում մեր դիրքերը, կոնսենսուս և ներքին ուժ, որն ամենաառաջնային խնդիրն է: Ես նորից եմ կրկնում, որ կա քաղաքական մրցակցություն և Հայաստանի ներքին քաղաքականության մեջ տարբեր, շատ էական, կարևորագույն անվտանգային խնդիրների օգտագործում: Սրանից խուսափելը երևի շատ դժվար է: Բայց այս ամենի մեջ ավելի էական է վստահ լինել, որ մեր ներգրավումը բանակցությունների մեջ հիմնված է մեկ կարևորագույն սկզբունքի` համազգային կոնսենսուսի վրա, որի համաձայն Արցախի անվտանգային խնդիրներն առաջնային են, Հայաստանը եղել և մնում է անվտանգության միակ երաշխավորը, որ սպառնալիքի լեզուն ժխտված է, որ կարգավիճակի և անվտանգության հարցերը դիտարկում ենք այնպիսի համադրությամբ, որտեղ մենք խստագույնս պահպանում ենք մեր առաջնայնությունները: Անգամ սահմանափակումների մեջ առավել քան թափանցիկ ենք, որովհետև այն, ինչ ասում ենք, դա է բանակցային գործընթացում մեր հիմքը և բանակցություններում մեր ներգրավման հիմքը: Եվ եթե որևէ մեկը ենթադրում է, որ ողջամիտ է և հնարավոր է բանակցությունների ընթացքում ինչ-որ մի բան խոսել, որը չի համապատասխանում հրապարակային արտահայտվածին. այսինքն ինչպե՞ս է դա ենթադրվում, որ այնտեղ, այսպես ասած, որևէ բան պայմանավորվել, և գալ այստեղ այլ բան ասե՞լ… որովհետև այդ ամենը ո՛չ արտգործնախարարներն են պայմանավորվելու, ո՛չ էլ ղեկավարները, այլ հասարակություններն ու ժողովուրդները:

Ես ինձ շատ վստահ եմ զգում, որ իմ մանդատը՝ որպես բանակցող, բխում է մեր կառավարության մանդատից, և կառավարության մանդատը բխում է ժողովրդի մանդատից: Սա առավել քան ամրացնում է մեր դիրքերը բանակցային գործընթացում: Եթե որևէ մեկը ենթադրում է, որ հնարավոր է նման բան, դա ուղղակի մեկնաբանության ենթակա չէ, քանի որ դա բացարձակ հիմարություն է, եթե ավելի պարզ խոսենք: Ես նորից եմ կրկնում՝ հնարավոր է էլի բացել, սկսել քննարկել, վերլուծել և մեկնաբանել, թե այսպես ասաց, այնպես ասաց և ինչպես ասաց… Բայց եղավ մեկնաբանություն, եղավ երկրորդ մեկնաբանությունը, եղավ խոսնակների մակարդակով մեկնաբանություն, և մենք շարունակում ենք մեր աշխատանքը՝ առանց էլ ավելի կրքերը բորբորքելու:

Եթե հարցնում եք, թե մեր դիրքորոշումները և մեր մոտեցումները բոլորն ամբողջովին ընդունել են և ամբողջովին երջանիկ են դրանից, այդ ժամանակ հարցը վաղուց լուծված կլիներ: Նույնը վերաբերում է Ադրբեջանին. եթե որևէ մեկը ենթադրում է, որ Ադրբեջանի արտահայտած դիրքորոշումները, այսպես ասած, ընդունելի են դարձել բոլորի համար, նույնպես խորապես սխալվում է:

Գործընթացը իրապես բարդ է: Բայց այդ գործընթացում մենք մեր սկզբունքները հստակեցրել ենք՝ ելնելով մի շարք հանգամանքներից: Այս գործընթացը 2018թ.-ին չի սկսվել, այս գործընթացը սկսվել է 1988թ., 1991թ., 1994թ. և հետո… Անհնար է հաշվի չառնել այդ ամենը: Բայց այսօրվա իրականությունը մեզ հնարավորություն է տալիս, հիմնվելով մի շարք հանգամանքների վրա, բավական հստակ շարունակել աշխատել մեր էական սկզբունքների շուրջ՝ համադրելով դրանք մյուս հանգամանքների կամ դիրքորոշումների հետ: Եվ ամենակարևորը. հստակ հաշվարկի մեջ, թե՛ այժմ և, թե՛ ժամանակի մեջ, որևէ կերպ թույլ չտալ անվտանգային համակարգի որևէ խաթարում, որի մեջ կարգավիճակի հարցը կարևորագույն, գերակա անվտանգային գործիքներից մեկն է: Այդ տրամաբանությունը արտահայտված է բազմաթիվ անգամ և շատ հստակ:

Մեր խնդիրը իրական էքզիստենցիալ անվտանգության հարցն է: Չի լինելու 2016թ. ապրիլի կրկնություն, չեն լինելու 1991-1994 թվականներ: Այդ վճռականությունը մենք ունենք: Մյուս կարևոր բանն այն է, որ այս շրջանում Արցախի իշխանությունների հետ համագործակցությունը խորհրդակցությունների, միասին աշխատելու միջոցով եղել է շատ սերտ, և միմյանց շատ լավ հասկանում ենք, շատ լավ միասին աշխատում ենք: Սա նույնպես չափազանց էական հանգամանք է, որը մեզ հնարավորություն է տալիս հստակ լինել մեր մոտեցումների մեջ և հստակ, ճիշտ գնահատել և հաշվարկել, թե ինչպես ենք մենք աշխատում: Մեզ համար Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացում, ամենից բացի, պրակտիկ հարց է: Երկու տարի անց մենք դեռևս չենք կարողացել արձանագրել այնպիսի ճեղքում, որը կհանգեցներ հարցին հանգուցալուծմանը, ինչը շատ արդյունավետ կլիներ բանակցային գործընթացի առումով: Մենք շարունակելու ենք, մենք որևէ կերպ չենք փորձում դժվարացնել գործընթացը, սակայն չենք կարող հետ կանգնել մեզ համար նշանակություն ունեցող հարցից: Սա բանակցության մասին: Եթե ես որևէ բան բաց թողեցի, խնդրում եմ ինձ հիշեցրեք:

Տաթևիկ Հայրապետյան․ Նույն թեմայի հետ կապված․ մենք ասացինք, որ բանակցային գործընթացին գնում ենք նոր օրակարգով՝ հումանիտար միջոցառումների և փոխվստահության մթնոլորտի խորացման: Կցանկանայի իմանալ, քանի որ վերջերս տեսակոնֆերանսի միջոցով համանախագահների միջնորդությամբ հերթական հանդիպում է տեղի ունեցել, արդյո՞ք այս օրակարգը շարունակական է լինելու և դրանից հետո մեկ հարց ևս։

Զոհրաբ Մնացականյան. Այո՛, 2019թ․-ին ես անդրադարձա նաև իմ ներածականի մեջ։ Անմիջական, կենտրոնական հարցերից բացի կա նաև հարցերի մեկ այլ հատված, որը մեզ համար չափազանց մեծ նշանակություն ունի։ Մենք, իրապես, չենք հավատում, որ հնարավոր է իրական առաջընթաց ունենալ, երբ քեզ առաջարկվում է թե հնարավոր է մեկ ձեռքով բանակցել, մյուսով՝ կրակել։ Մենք խստորեն պնդում ենք՝ հնարավոր չէ։ Այդ իմաստով է, որ բարենպաստ միջավայրի ձևավորման նպատակը պրակտիկ իմաստ ունի։ Այդ իմաստով է, որ ռիսկերի նվազեցման գործառույթը, նպատակը գործնական նշանակություն ունի։ Հաճախ առնչվում ենք մի հարցի, որը վերաբերում է Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածություններին: Ասել եմ և նորից պետք է կրկնեմ, որ որևէ հարց, որը վերաբերում է ռիսկերի նվազեցմանը, օրակարգից դուրս չի եկել և չէր կարող դուրս գալ։ Ինչպես ցանկանում եք կոչեք: Ցանկացած գործողություն, որը միտված է, ուղղված է ռիսկերի նվազեցմանը և զինադադարի ամրապնդմանը, եղել և մնում է գործառույթ։ Դա վերաբերում է բոլոր հնարավոր ձևաչափերին։ Մենք այսօր ունենք ուղիղ կապի գործիքակազմը, որը մտադիր ենք շարունակել աշխատացնել և հնարավորինս ամրապնդել, աշխատել տեղում ուղիղ կապի ընդարձակման ուղղությամբ։ Նույնը վերաբերում է մոնիտորինգային կարողությունների ամրապնդմանը, զինադադարի խախտումների գնահատմանը։

Սկզբունքորեն ես ոչ մի կերպ չեմ ոգևորվում, բայց կա խախտումների հետ կապված նվազ վիճակագրություն։ Բայց, նորից եմ կրկնում, զգուշությամբ եմ արտահայտվում, որևէ կերպ չեմ ոգևորվում դրանից։ Սա պահանջում է շարունակական, շատ խիստ աշխատանք: Սա ընդգծում եմ ոչ միայն այն պատճառով, որ կտրականապես ժխտում ենք սպառնալիքի գործոնը, այլ նաև ոչ անհնար է պատկերացնել իրական առաջընթաց բանակցային գործընթացում, եթե կա լարվածություն։

Մյուսը վերաբերում է հասարակություններին. այս առումով մենք նույնպես պնդում ենք, որ հնարավոր չէ սերմանել ատելություն և ակնկալել ողջամիտ առաջընթաց բանակցային գործընթացում։ Նույնը վերաբերում է բանակցային գործընթացին. այն, ինչ ասվում է  ներքին լսարանի համար, չի կարող հակասության մեջ մտնել բանակցային գործընթացի հետ, մեր դեպքում հազիվ թե նման գործելակերպը կարող է աշխատել:

Այդ առումով է, որ մենք կարողացանք իրականացնել, թեև շատ համեստ արդյունքներով, լրագրողների փոխանակումը։ Այսքան տարի անց, մեզ հնարավոր եղավ դա իրականացնել, և նորից եմ կրկնում, արդյունքները, որոնք առկա են, ես կգնահատեմ համեստ։

Սա լավ առիթ է, որպեսզի այս երկու ուղղություններով մենք շարունակենք աշխատել: Արդյունքն այնպիսին է, որ հնարավոր է մտածել հաջորդ քայլերի մասին։ Եվ սա նույնպես եղել է մեր քննարկման առարկան և՛ դեկտեմբերին, և՛ հունվարին: Այժմ, բնականաբար, մի փոքր դժվար է դրա մասին խոսել։ Ապրիլի 21-ի համատեղ հայտարարության մեջ անդրադարձել ենք դրան: Սրանք ևս օրակարգային հարցեր են, որոնք ձևավորում են գործընթացի ամբողջությունը՝ բովանդակային հարցեր և այն հարցերը, որոնք նպաստում են խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորմանը միտված իրական, պրակտիկ առաջընթացին։

Տաթևիկ Հայրապետյան․ 2019թ․ կատարողականի առումով, իսկապես բուռն էր, հագեցած էր, 2020թ. հետ մարտահրավերները հասկանալի են, բայց միևնույն ժամանակ կցանկանայի իմանալ Ձեր դիտարկումները, ըստ Ձեզ, ի՞նչ թերացումներ են եղել 2019թ․, որոնք պետք է հաշվի առնել հետագա քաղաքականության  կառուցման մեջ։

Ռուբեն Ռուբինյան․ Մինչև հարցին անդրադառնալը, կցանկանայի մի փոքրիկ ճշտում ևս անել, որովհետև կարծում եմ, որ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի թեման անընդհատ շահարկվում է, և ես կցանկանայի մի բան հստակեցնել․ 2016թ․ Սերժ Սարգսյանը՝ ՀՀ նախագահը, ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել էր, որ սեղանին եղել էր փաստաթուղթ, որը ենթադրում էր նախ՝ Արցախի որոշ շրջանների հանձնում, ապա Արցախի կարգավիճակի հստակեցում։ Հիմա մենք ճի՞շտ ենք հասկանում, որ այդ փաստաթուղթը և որևիցե այլ փաստաթուղթ, որն ունի նմանատիպ բովանդակություն, չի քննարկվում։

Զոհրաբ Մնացականյան. Շնորհակալություն։ Մենք, երբ ստանձնել ենք պատասխանատվությունը՝ որպես կառավարություն, բնականաբար, ստանձնել ենք դա այն պայմաններում, երբ դրանից առաջ պատմություն է եղել, և ինչ վերաբերում է նախորդ շրջանին և այդ շրջանի քննարկումներին, ունեցել են իրենց տրամաբանությունը, բայց չեն ունեցել հանգուցալուծում։ Եվ ես հիմա չեմ ցանկանում վերլուծել՝ ինչ կարող էր լինել: Ինչ վերաբերում է մեր շրջանին, բնականաբար կան համանախագահները, կա մյուս կողմը և կանք մենք. միակ նորն այդ ամենի մեջ մենք ենք։ Երբ մենք ներգրավվեցինք այս գործընթացի մեջ, բնականաբար, այդ հարցը չէր վերացել։ Մեզ համար չափազանց կարևոր էր ի հայտ բերելու բոլոր այն արգելակները և խոչընդոտները, որոնք անընդունելի, անհնար են դարձնում շարժվելն այնպիսի ուղղությամբ, որտեղ առկա է պարտավորությունների անհամաչափություն։ Մենք չենք կարող ընդունել իրավիճակ, որտեղ ակնկալվում է, որ մենք պետք է ստանձնենք պարտավորություն, որը շոշափելի է և կոնկրետ, և ունենանք ոչ հստակ պարտավորություն մյուս կողմից։ Դա ես անվանում եմ «սալյամի տակտիկա», երբ կտրվում է մի կտոր և աշխատանքներ տարվում մյուսը պոկելու ուղղությամբ: Մենք չենք կարող այդ ուղղությամբ գնալ, քանի որ դա պարտավորությունների անհամաչափություն է: Որևէ մեկը չի կարող համաձայնել մի իրավիճակի հետ, որին ինքդ համաձայն չես, և առավել ևս ակնկալես, որ դա հնարավոր է համոզել հասարակությանը և առաջին հերթին Արցախին։ Սա է ամենակարևոր խնդիրն այս շրջանում՝ արձագանքել և չհամաձայնել պարտավորությունների անհամաչափության հետ։

Մենք պարզ ասում ենք՝ այո՛, փոխզիջում է, և դա Արցախն էլ է ասում, փոխզիջում՝ համադրվող պարտավորություններով, և երբ պարտավորությունների համադրումն անհամաչափ է, այն ստանում է մեր արձագանքը։ Սա չափազանց բարդ խնդիր է, և բացառվում է, որ մենք այլ կերպ վարվենք։ Բացառվում է, որ մենք ստեղծենք իրավիճակ, երբ անվտանգային համակարգը խարխլվի, լինի դա հիմա՝ անմիջապես, թե ժամանակի մեջ։ Եթե մենք չենք տեսնում այդ համաչափությունը, դժվար թե մենք խոսենք դրա երանգների և այլի մասին։ Խնդիրները, քննարկումներն այս սկզբունքների, մոտեցումների մասին են՝ համադրումը և համաչափությունը, և բացատրելը, թե ինչու, որտեղ, ինչ ռիսկայնություն մենք ունենք, համաչափության ինչ խախտում ունենք։ Հուսով եմ՝ կարողացա ներկայացնել։

Կարգավիճակս այնպիսին է, որ պետք է մտածեմ երկու խնդրի մասին․ թե՛ մեր ներքաղաքական քննարկումների մասին, և թե՛ բանակցությունների շարունակման մասին։ Մենք որևէ մտադրություն չունենք բանակցությունները խարխլելու, փակուղի մտցնելու, դադարեցնելու: Խաղաղ կարգավորման այլընտրանք չկա, իսկ ինչու՞ չկա: 2018թ․ ես արտահայտվեցի, ասացի, որ խաղաղ կարգավորման այլընտրանքն աղետ է, ասացին՝ «աղետը ի՞նչն է», «փաստորեն մենք պարտվողական ե՞նք»: Ո՛չ, հենց նրա համար, որ մենք ժխտում ենք սպառնալիքը, հենց նրա համար, որ մենք պատրաստ ենք պաշտպանել մեր դիրքերը: Սա հակամարտություն է։ Սպառնալիքի լեզուն ժխտելը նշանակում է ընտրություն անել։ Սա մեր հասարակությունների՝ և՛ Հայաստանի, և՛ Արցախի համար, շատ էական խնդիր է։

Արման Աբովյան․ Պարոն նախարար, դիրքորոշումը պարզ է, բազմաթիվ անգամ հնչեցվել է Ձեր կողմից, և առհասարակ մամլո ծառայության կողմից, սակայն երկու շատ հստակ հարց ունեմ, ավելի ճիշտ մեկ դիտարկում․ այն ինչ մենք ընկալում ենք՝ որպես փոխզիջում, բանակցային գործընթացի բնականոն ընթացք, ցավոք, Ադրբեջանական կողմը չունի այդ ընկալումը կամ ձև է տալիս, որ չունի։ Այն, ինչ մեզ համար և ամբողջ աշխարհի համար ընկալվում է որպես բնականոն գործընթաց, իրենց կողմից ընկալումն մի քիչ այլ է։ Շատ մեղմ եմ արտահայտվում, Դուք ինձնից լավ գիտեք։ Երկու հարց. բանակցություն կասեք թե խորհրդակցություն կասեք, այսօրվա շփումների ընթացքում դիտարկվո՞ւմ են օրինակ՝ Մադրիդյան սկզբունքների որոշակի տարրեր կամ տարբեր ժամանակների տարբեր առաջարկների տարրեր, որոնք վերաբերում են թե՛ անվտանգությանը, թե՛ ընթացիկ այդ բոլոր գործընթացներին:

Եվ երկրորդը շատ է խոսվում թե՛ փուլային, թե՛ փաթեթային տարբերակների մասին։ Հիմնվելով Արտաքին գործերի նախարարության հայտարարության վրա, որ առայժմ այդ հարցերը նույնիսկ քննարկման մեջ չեն, այնուամենայնիվ, կա՞ որոշակի հենք, որի վրա հենվում են տեղեկատվական հոսքերը, որոնք պնդում են այս կամ այն տարբերակը՝ փուլային թե փաթեթային։ Հստակ, պարզ հասկանանք։

Զոհրաբ Մնացականյան. Շնորհակալություն։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից ձևավորված այդ տարբեր ձևակերպումներին, ես Բրատիսլավայի հայտարարությունը հիշեցի: Վերջերս նորից առիթներ են եղել իրենց արտահայտվելու համար։ Նման մոտեցումը որևէ կերպ չի նպաստում առաջընթացին և որևէ կերպ չի կարող իրականացվել, քանի որ խախտում է համապարփակ, համատեղ պարամետրերի մոտեցումը։ Դուք ասում եք՝ կոչելու բանակցություն, կոնսուլտացիա, ես հակված եմ ամենը կոչելու բանակցություն, որովհետև բանակցություն է այն առումով, որ կողմերը ներգրավված են այդ գործընթացի մեջ՝ աշխատելով այն բոլոր սկզբունքների շուրջ, որոնք արտահայտում են յուրաքանչյուրի դիրքորոշումը։ Ինչ վերաբերում է փուլային, փաթեթային մոտեցումներին, ես այսպես կարտահայտվեմ․ փուլային, փաթեթային տերմինաբանությունը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, այդ թվում՝  խաղաղ գործընթացի պատմությամբ։

Եթե որևէ մեկը ենթադրում է, որ կարող է լինել այնպիսի փուլային տարբերակ, որտեղ մենք խախտում ենք պարտավորությունների համաչափությունը, ապա դա չաշխատող տարբերակ է։ Ժամանակին կար մի գործընկեր, որը համաձայն էր փուլային տարբերակին, եթե առաջին փուլում լուծվում է կարգավիճակի հարցը, հետո՝ մնացածը։ Մեզ համար չափազանց էական է ձևավորել փաթեթային շրջանակ, որտեղ պարտավորությունները համադրելի են, համաչափ, շոշափելի և վերահսկելի։ Սա ամենաառաջնային խնդիրն է։

Ես նորից եմ կրկնում, եթե ենթադրվում է, որ պետք է լինի փուլային տարբերակ, որտեղ մի կողմը սկսում է իրականացնել իր պարտավորություններն ավելի մեծ չափով և չի ստանում համաչափ պատասխան քայլ, պարտավորություն  մյուս կողմից, արդյունքում խախտում, խարխլում է իր անվտանգային դիրքերը և բոլոր մյուս դիրքերը բանակցությունների մեջ, ապա նման ձևով իրականացումն անհնար է։

Արման Աբովյան. Հասկանալի է։ Փաստորեն մենք ֆիքսում ենք շատ կարևոր մի պահ, որ հայկական կողմի համար էական չէ՝ փաթեթային, փուլային, էական է այդ համաչափության և բալանսի պահպանումը։ Կարելի է՞ այսպես ֆիքսել։ Շնորհակալություն։

Զոհրաբ Մնացականյան. Այո։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031