Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ն դետեկտիվ ֆիլմ է «նկարում». Գլխավոր դերում Գագիկ Խաչատրյանի որդին է` Գուրգեն Խաչատրյանը

Մայիս 04,2020 19:07

ԱԱԾ-ի 7-րդ վարչության եւ պետավտոտեսչության ծառայակիցներն արդեն մի քանի օր է՝ խստացված հսկողություն են իրականացնում Տերյան 66 հասցեում գտվող շենքում: Այդ շենքում բնակվում է արդեն տեւական ժամանակ կալանքի տակ գտնվող ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատուրյանի որդու` Գուրգեն Խաչատրյանի ընտանիքը:

Շենքում կա 80-ից ավելի բնակարան: Բնակիչներն Aravot.am-ի հետ զրույցներում ահազանգում էին, որ օրը մի քանի անգամ շենքի բոլոր բնակիչներին ստուգում են ելումուտ անելուց: Խիստ ստուգում են նաեւ բոլոր բնակիչների մեքենաները: Բացի այդ, նաեւ բոլոր վարորդների վարորդական իրավունքներն են նկարում, ինչի իրավունքը չունեն, դա անձնական փաստաթուղթ է: Նաեւ` իրավապահները նման սանկցիա չունեն, քաղաքացիներից ոմանք պահանջել են եւ չեն ստացել վարորդական իրավունքը նկարելու թույլտվության մասին փաստաթուղթ:

Մեր զրուցակիցները պատմեցին, որ հատկապես կանանց են զննում: Մարդիկ պատմում էին, որ ԱԱԾ աշխատակիցներն իրենց հարցերին պատասխանել են, որ իբր օպերատիվ տեղեկություն ունեն այն մասին, որ Գուրգեն Խաչատրյանը կնոջ շորերով եւ պարիկով պատրաստվում է փախուստի դիմել: «Լրիվ դետեկտիվ կինո»,- այսպես բնութագրեց մեր զրուցակիցներից մեկ այն ամենն, ինչ տեղի է ունենում այս օրերին Տերյան 66 հասցեում:

Այս ամենի առիթով Aravot.am-ը փորձեց պարզաբանումներ ստանալ ԱԱԾ-ից: Մեր գրավոր հարցմանն ասացին կպատասխանեն օրենքով սահմանված հնգօրյա ժամկետում: Ոստիկանությունում`պետավտոտեսչության աշխատանքի մասով պարզաբանում նույնպես չտվեցին` հորդորելով բոլոր հարցերի պատասխանները ստանալ վարույթ իրականացնող մարմնից`ԱԱԾ-ից:

Մինչ վարույթ իրականացնող մարմնից կստանանք պարզաբանումները, հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, օրերս բավարարեց Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը՝ Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու վերաբերյալ։ Դեռ հունվարի 14-ից Գուրգեն Խաչատրյանը մեղադրվում էր հորը՝ Գագիկ Խաչատրյանին, առանձնապես խոշոր չափով յուրացում կատարելու գործում օժանդակելու մեջ։

Ապրիլի 28-ին Գուրգեն Խաչատրյանը հայտարարություն տարածեց այն մասին, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով ուղիղ և անուղղակի պահանջ է դրվել իր առջև՝ հանրային ճնշումներով ուղեկցվող ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը։ Գուրգեն Խաչատրյանը նաև տեղեկացրել էր, որ չհամաձայնվելու դեպքում հստակ հայտնել են, որ կարճ ժամկետում իրեն մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ և կալանավորելու, որին հետևելու է նույնաբնույթ գործողությունների իրականացումը եղբոր, ընտանիքի այլ անդամների, ազգականների, մտերիմների, ինչպես նաև առնչվող այլ անձանց նկատմամբ։ Հաջորդ օրը`ապրիլի 29-ին, հայտնի դարձավ, որ Գուրգեն Խաչատրյանի մեղադրանքը լրացվել է առանձնապես խոշոր չափով փողերի լվացման և կաշառք ստանալուն օժանդակելու դրվագներով, ինչպես նաև նրան կալանավորելու միջնորդություն ներկայացվել դատարան։

Լրացված մեղադրանքի դրվագներով կալանավորվել է նաև «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը։ Ըստ մեղադրանքի՝ Գուրգեն Խաչատրյանը Առուստամյանին է օժանդակել առանձնապես խոշոր չափով կաշառք տալու հարցում, ապա վերը նշված ենթադրյալ կաշառքի գումարի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով այն փոխանցել է Գագիկ Խաչատրյանի որդիների հետ փոխկապակցված արտերկրում գրանցված կազմակերպությունների հաշվեհամարներին։ Ըստ ԱԱԾ-ի, նկարագրված գործարքի հանցավոր բնույթը թաքցնելու և քողարկելու համար ձևականորեն կնքվել է փոխառության պայմանագիր: Գուրգեն Խաչատրյանի և Սեդրակ Առուստամյանի պաշտպանները, սակայն, պնդում են, որ իրենց պաշտպանյալների միջև կնքվել է փոխառության պայմանագիր, որը դեռևս ուժի մեջ է, Առուստամյանի փոխանցած գումարը պետք է, ըստ պայմանագրի, վերադարձվի նրան։

Հիշեցնենք նաեւ, որ մինչ Գուրգեն Խաչատրյանի հայտարարությունը լուրեր տարածվեցին, որ Ucom-ի շուրջ 800 աշխատակիցներ աշխատանքից դուրս գալու դիմում են գրել: Ապրիլի 14-ին ընկերության հիմնադիրներ և 5,94%-ի բաժնետերեր Եսայան եղբայրները հայտարարեցին, որ մյուս սեփականատերերին ավելի քան 34 մլրդ դրամ են առաջարկել մնացած բաժնետոմսերը ձեռք բերելու համար, որպեսզի կարողանան որոշիչ ձայն ունենալ բաժնետերերի որոշումներում: Ապրիլի 15-ին, սակայն, հայտարարվեց, որ ընկերության տնօրենների խորհրդի նիստում ընկերության գլխավոր տնօրեն է նշանակվել Արա Սերգեյի Խաչատրյանը։
Խաչատրյանը եղել է «Գալաքսի ընկերությունների խմբի» գլխավոր ֆինանսական տնօրենը։ Նա նաեւ ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար, նախարարության ենթակայության Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի (Նուբարաշենի հոգեբուժական կենտրոն) տնօրեն Սերգեյ Խաչատրյանի որդին է։ Արա Խաչատրյանի ընտրության նպատակով տնօրենների խորհրդի նիստը նախաձեռնել էր Գուրգեն Խաչատրյանը:

Իսկ երեկ Գուրգեն Խաչատրյանը հայտարարություն էր տարածել, որում ասվում է, որ այսօր օրակարգում բիզնեսի կազմաքանդումն է`առանց դրա սոցիալական եւ տնտեսական հետեւանքները հաշվի առնելու:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031