45-ամյա միայնակ մայր Լիանա Գրիգորյանն անհանգստացած է. լսել է կառավարության աջակցության մասին, դիմել է, երկու շաբաթ է՝ որեւէ պատասխան չի ստացել: Aravot.am-ի հետ զրույցում Լիանան ասում է՝ դիմել է կորոնավիրուսի տնտեսական հետեւանքները չեզոքացնող 9-րդ միջոցառմամբ սահմանված աջակցության համար:
Այս միջոցառման շահառու են հանդիսանում 2002 թվականի ապրիլի 2-ից մինչեւ 2020 թվականի ապրիլի 2-ը ներառյալ ծնված երեխա ունեցող ընտանիքները, որոնք բավարարում հետեւյալ պայմաններին՝
1) Երեխայի երկու ծնողը կամ միայնակ ծնողը կամ խնամակալը 2020 թվականի մարտի 12-ի դրությամբ չի ունեցել գրանցված աշխատանք եւ 2020 թվականի մարտի 12- ից մինչեւ 2020 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում չի ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի, կամ գրանցված աշխատանք ունեցող ծնողի գործատուն լուծարվել (եթե առկա է լուծարման պետական գրանցում,
4) երեխայի ընտանիքը 2020 թվականի մարտի 12-ի դրությամբ հաշվառված չէ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում եւ ընտանիքի անապահովության միավորը բարձր չէ 28.00- ից:
Կարդացեք նաև
Լիանան միայնակ մայր է, չի աշխատում, ընտանիքը անապահովության գնահատման համակարգում ընդգրկված չէ, նրա 14-ամյա որդին հաշմանդամություն ունի, երկուսով ապրում են որդու 26,500 դրամ թոշակով, ինքն էլ չի աշխատում, քանի որ տղան մտավոր զարգացվածության խնդիրներ ունի, չի կարող նրան մենակ թողնել ու աշխատել, միայնակ է զբաղվում որդու խնամքով:
Լիանան դիմել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տարածքային ստորաբաժանմունք, աշխատակիցը սիրալիր համաձայնվել է օգնել: Լիանան համակարգիչ չունի, աշխատակիցն է նրա փոխարեն լրացրել նախարարության էլեկտրոնային դիմումի տվյալները. «Սոցապի աշխատողն էլ ասեց, որ ինձ հասնում է այս աջակցությունը: Առաջին անգամ ապրիլի 14-ին լրացրեց, ասաց՝ դեռ պատասխան չկա, պիտի սպասենք: Որոշ ժամանակ հետո, երկրորդ անգամ լրացրեց, ու նորից ասաց՝ պատասխան չկա: Վերջերս էլ գնացի էն բանկ, որտեղից միշտ ստանում եմ տղայիս թոշակը, ստուգեցին, ասացին՝ շահառուների ցանկում չկամ: Շատ խիստ կարիքի մեջ եմ, պարտքեր ունեմ, գոնե էդ աջակցությունը լիներ…մի մեծ բան չէ, բայց էլի մի հարց կլուծվեր»:
Լիանան պատմում է, որ նպաստառու էլ չէ, քանի որ, ինչպես սոցապից են բացատրել, բնակարանը վաճառել էր, եկամուտ էին դիտարկել. «Մի ժամանակ նպաստ էի ստանում, հետո կտրեցին էդ տան պատճառով: Տատիկիս տունն էր, գրանցված էի էնտեղ, մերոնք դա վաճառեցին, սոցապը դա պատճառ համարեց, ու կտրեց նպաստը: Ասացին որոշ ժամանակ հետո, նորից պետք է դիմեմ նպաստի համար, էդ ժամանակ տվյալներս կհամապատասխանեն»:
Քանի որ կառավարությունը հայտարարել էր, որ էլեկտրոնային դիմումների համակարգում, երբեմն տեխնիկական խնդիրներ են, ուստի մենք փորձեցինք Լիանայի տվյալները գրանցել նախարարության dimum.ssa.am կայքում, մի քանի փորձից հետո համակարգը պատասխանեց. «Մերժվել է, ոչ մի արդյունք չի գտնվել»:
Aravot.am-ը Լիանայի դիմումի համար պահանջվող բոլոր տվյալները ապրիլի 29-ին աշխատանքային օրվա ավարտին փոխանցել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը: Այսօր լրատվական ծառայությունից վստահեցրեցին՝ Լիանա Գրիգորյանի տվյալները դեռ ուսումնասիրվում են, խնդիրը պարզելուց հետո պարզաբանում կներկայացնեն:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ