Լրահոս
Օրվա լրահոսը

Գնդեվազի նախկին գյուղապետի և իր որդու գործողությունների հետևանքով համայնքին պատճառվել է 146.890.708 ՀՀ դրամի վնաս. Ամուլսարում հողերը Լիդիանին կոռուպցիոն ճանապարհով վաճառելու քրգործը դատարանում է. ՀԲՃ

Մայիս 04,2020 18:19

Կարևոր ենք համարում շեշտել հետևյալ կարևորագույն բացթողումները, որոնք ճակատագրական նշանակություն ունեն՝ պարզելու, թե նաև ինչ շահադիտական նպատակներով է ի վերջո Հայաստանի ժողովրդի վզին փաթաթվել Ամուլսարում հանքի շահագործման ծրագիրը (ՀԲՃ-ն այս քրեական գործի հետ կապված իր մի շարք մտահոգությունները ներկայացրել էր նաև դեռ 2019թ-ի օգոստոսի 14-ին հրապարակված հոդվածում)։

Բացթողումներ
1) Նախաքննությունն ընթացել է թերի, այն մարզային քննչական մարմնից 2019թ-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին տեղափոխվել է Քննչական կոմիտեի հատուկ կարևոր գործերով վարչություն, գտնվել է նույն քննիչների աշխատանքի տիրույթում, ովքեր հայտնի Յու. Իվանյանի գլխավորությամբ Ամուլսարի գործով քննչական խմբի մեջ էին։ Այս նույն ամիսներին այս քննչական խումբը Յու. Իվանյանի գլխավորությամբ խեղաթյուրեց Ամուլսարի գործով միջազգային փորձագիտական խմբի ներկայացրած զեկույցի արդյունքներն ու ըստ էության տապալեց Լիդիան ընկերության ներկայացրած թերի փաստաթղթերի ու դրանց հիման վրա տրված թույլտվությունների օրինականությունը վիճարկելու հետագա գործընթացը․

Ա) Գնդեվազի գյուղապետի գործով նախաքննական թերություններից է փաստը, որ համայնքային ու պետական նշանակության փաստաթղթերի մի մասը (գրանցամատյաններ, գյուղապետի և ավագանու բոլոր որոշումները) թաքցված են եղել, հասանելի չեն եղել ո՛չ պետական արխիվներում, ո՛չ էլ համայնքի (արդեն խոշորացված Ջերմուկ համայնքի) արխիվներում, սակայն դրանք չհրապարակված եղանակներով ի հայտ են եկել նախաքննության ժամանակ, ենթադրաբար այժմ գտնվում են դատարանում։ Նախաքննական մարմինը ոչ մի գործողություն չի արել պետական փաստաթղթերը թաքցնելու պատասխանատվությունը քննելու, հանցակազմն ուսումնասիրելու ուղղությամբ։

Բ) Նախաքննական թերություններից է նաև գյուղապետ Հայրապետ Մկրտչյանի ու նաև այլ պաշտոնատար անձանց կողմից համայնքային հողերի օտարման այլ գործողությունները չուսումնասիրելը, նույնիսկ եթե, ինչպես նշում է քննչական մարմինը, այդ գործարքները կատարվել են շուկայական գներով՝ ի տարբերություն սույն գործով ներկայացված անհեթեթ ցածր գների։ Նույն ժամանակաշրջանում հողեր են օտարվել նրա այլ ազգականների։ Թե ինչ գործարքների մասին է խոսքը, հանրությունը չի կարող իմանալ և չի էլ իմացել, քանի որ, ինչպես նշվեց վերը, դրանց ապացույց հանդիսացող պետական փաստաթղթերը՝ համայնքի ղեկավարի ու ավագանու որոշումների գրանցամատյանները թաքցված են եղել։

Գ) Մեղադրական եզրակացության մեջ նշված գործարքը կնքելու պահին, համայնքային հողերը սեփական որդուն օտարելու ժամանակ, Հայրապետ Մկրտչյանի որդի Լայերտ Մկրտչյանը եղել է անչափահաս։ Սա ավելացնում է Հայրապետ Մկրտչյանի պատասխանատվության չափը։
Դ) Քննությամբ չի պարզվել, թե արդյո՞ք պետական այլ ատյաններ, բարձրաստիճան պաշտոնյաներ որքանով են տեղյակ եղել այս գործարքներից։ Չի պարզվել, թե հետագայում Հայրապետ Մկրտչյանը Լիդիան Արմենիայի 360-ապատիկ բարձր գնով վճարած գումարը ինչպես է տնօրինել, հնարավոր է՝ նա այդ գումարը փոխանցել է նաև այլ պաշտոնյաների։ Այս հանգամանքը չպարզելը, նշանակում է ընդհանրապես չփորձել պարզել գործարքի ողջ շղթան և հնարավոր կոռուպցիոն շղթաները։ Թույլ տվեք հիշեցնել, որ վերջերս ԱԱԾ նախաքննությամբ մեղադրանքներ են առաջադրվել Մուլտի Գրուպ կոնցեռնի տնօրենին և Գագիկ Խաչատրյանին՝ փոխառության առերևույթ պայմանագրի միջոցով կաշառք տալու և այլ չարաշահումների համար։ Այսինքն՝ փաստաթղթային մակարդակից վեր քննություն է ընթացել, որը պարզել է կոռուպցիա։ Նույն տեսակի քննություն այս գործով տեղի չի ունեցել։

Ե) Քննության առարկա չի հանդիսացել Հայրապետ Մկրտչյանի դերակատարումը Ամուլսարում հանքարդյունաբերական ծրագրի հարցում, այսինքն, թե ինչ որոշումներ է նա ընդունել կամ իր ազդեցությունն օգտագործել, որ նման որոշումներ ընդունի ավագանին՝ ի շահ Լիդիան ընկերության, սկսած ծրագրին նախնական համաձայնություններ տալուց, մինչև հանրային լսումների կազմակերպումն ու դրանց ժամանակ նրա ագրեսիվ դերակատարումը։

2) Մեղադրանքն ինքնին անհեթեթ է, ցածրացնում է Հայրապետ Մկրտչյանի պատասխանատվությունը՝ իբր Գնդեվազ համայնքի օրինական շահերին պատճառվել է անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս։ Այստեղ խնդիրը միայն հողի վաճառքով համայնքին ֆինանսական վնաս պատճառելը չէ, այլ նաև այն, որ շահադիտական նպատակներից ելնելով գյուղապետն ու հնարավոր է նաև այլ պաշտոնյաներ առաջ են մղել հանքի ծրագիրն ու ամեն ինչ արել, որ այն իրականանա՝ առանց հաշվի առնելու տեղի բնակիչների բողոքներն ու դիմադրությունը։

3) Նաև անընդունելի է այն փաստը, որ նախաքննության ընթացքում Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի կողմից որպես հանցագործությամբ պատճառված վնասի մի մասի վերականգնում ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին է փոխանցվել ընդհանուր 70 միլիոն ՀՀ դրամ գումար: Հարց է առաջանում, թե ինչո՞ւ և ի՞նչ իրավական նորմերով է քննչական կոմիտեն որոշել, որ գումարը փոխանցելու տարբերակով կարելի է այս հանցագործության հարցը լուծել՝ այն դեպքում, երբ համայնքին պատկանող 10 հեկտար արոտավայրն անօրինական ճանապարհով օտարվել է ու հետո 360 անգամ թանկ գնով վաճառվել Լիդիան Արմենիա ընկերությանը։ Այս հարցի ճիշտ իրավական լուծումը լրիվ այլ պետք է լինի մեր կարծիքով․ ապօրինի վաճառված հողը պետք է հետ վերադարձվի համայնքին, իսկ հանցագործություն կատարած անձինք և կոռուպցիան շղթայի բոլոր մասնակիցները պետք է բացահայտվեն, փոխհատուցեն վնասներն ու կրեն լիարժեք քրեական պատասխանատվություն։

Մեղադրական եզրակացության համառոտագիրը

DataLex դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ սույն թվականի փետրվարի 21-ին ՀՀ գլխավոր դատախազությունից Արարատի և Վայոց ձորի մարզի դատարան է փոխանցվել համար 35100219 նախաքննական գործը։

«Հայրապետ Էդիկի Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ, որդու՝ Լայերտ Մկրտչյանի օժանդակությամբ, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով օգտագործել է իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ, որի հետևանքով Գնդեվազ համայնքի օրինական շահերին պատճառվել է անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս:

Այսպես.
Հայրապետ Էդիկի Մկրտչյանը 2012 թվականի սեպտեմբերի 28-ից մինչև 2016 թվականի հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցրել է ներկայումս Ջերմուկ համայնքին միավորված Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքի ղեկավարի պաշտոնը և հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում համայնքային ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ՝ օժտված է եղել կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներով: Վերջինս ի պաշտոնե մասնակից լինելով Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման վերաբերյալ «Գեոթիմ» ՓԲ ընկերության կողմից համայնքում հրավիրված հանդիպումներին, դեռևս 2013 թվականից տեղյակ է եղել, որ ՀՀ կառավարությունը որոշել է հանքավայրի կույտային տարալվացման հարթակը Սյունիքի մարզի Սարավան համայնքից տեղափոխել Գնդեվազ համայնք: Գիտակցելով, որ նշված հանգամանքով պայմանավորված՝ «Գեոթիմ» ՓԲ ընկերության համար անխուսափելիորեն առաջանալու է այդ հարթակի կառուցման վայրում գտնվող հողատարածքները ձեռք բերելու անհրաժեշտություն և տեղյակ լինելով, որ ընկերությունը դրա դիմաց պատրաստ է լինելու բարձր գին վճարել, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով՝ նպատակադրվել է ձևական աճուրդի միջոցով որդու՝ Լայերտ Մկրտչյանի անվամբ այդ վայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածք ձեռք բերել, այնուհետև այն ընկերությանն անհամեմատ բարձր գնով վաճառել:

Մտադրությունն իրագործելու նպատակով, Հայրապետ Մկրտչյանն օժտված լինելով համայնքի սեփականություն հանդիսացող գույքն օտարելու վերաբերյալ համայնքի ավագանուն առաջարկություն ներկայացնելու և ավագանու որոշմամբ օտարելու, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, հողային օրենսգրքով, այլ օրենքներով ու նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով համայնքի ավագանու հետ համայնքային սեփականության ներքո գտնվող հողերը կառավարելու և տնօրինելու, համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերն օտարելու լիազորություններով, 2014 թվականի մարտի 27-ին հրավիրել է Գնդեվազ համայնքի ավագանու նիստ և ստանալով 10-036-0214-0090 կադաստրային ծածկագրով հողատարածքն օտարելու վերաբերյալ ավագանու համաձայնությունը՝ որոշում է կայացրել աճուրդի միջոցով այն օտարելու մասին՝ աճուրդի մեկնարկային գին սահմանելով դրա կադաստրային արժեքի 60 տոկոսի չափով՝ 372.000 ՀՀ դրամ:

Այնուհետև, Հայրապետ Մկրտչյանը, անտեսելով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված արգելքն այն մասին, որ սակարկություններին չեն կարող մասնակցել աճուրդավարի երեխաները, ինչպես նաև այն անձինք, ովքեր սակարկություններով վաճառվող լոտի նկատմամբ չեն կարող ունենալ սեփականության իրավունք, աճուրդի մասնակից է գրանցել 18 տարին չլրացած՝ քաղաքացիական գործունակությամբ չօժտված իր որդուն՝ Լայերտ Հայրապետի Մկրտչյանին: 2014 թվականի մայիսի 6-ին Լայերտ Մկրտչյանը մասնակցել է Գնդեվազի համայնքապետարանում Հայրապետ Մկրտչյանի կազմակերպած և անձամբ վարած աճուրդին, որի ընթացքում օժանդակել է նրան՝ սակարկության սկսման համար մեկից ավելի սակարկողների առկայության անհրաժեշտության վերաբերյալ ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսված՝ խոչընդոտը հաղթահարելու, սակարկության ընթացքում 10-036-0214-0090 կադաստրային ծածկագրով հողատարածքի դիմաց առավել բարձր քայլ կատարելով հաղթող ճանաչվելու և 410.130 ՀՀ դրամով այն ձեռք բերելու իրավունք ստանալու եղանակով:

Դրանից հետո՝ 2014 թվականի մայիսի 29-ին, Լայերտ Մկրտչյանը շարունակել է օժանդակել Հայրապետ Մկրտչյանի հանցավոր գործողություններին և քաղաքացիական գործունակությամբ օժտված չլինելով ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Ջերմուկ սպասարկման գրասենյակում Գնդեվազ համայնքի՝ ի դեմս Հայրապետ Մկրտչյանի, հետ կնքել է 10-036-0214-0090 կադաստրային ծածկագրով հողատարածքի առուվաճառքի պայմանագիր և 410.130 ՀՀ դրամով գնել է այն, իսկ 2015 թվականի մայիսի 26-ին. Հայրապետ Մկրտչյանի նախնական մտադրության համաձայն, նույն հողատարածքը անհամեմատ բարձր գնով՝ 147.300.838 ՀՀ դրամով վաճառել է «Լիդիան Արմենիան» ՓԲ ընկերության վերանվանված «Գեոթիմ» ՓԲ ընկերությանը:

Արդյունքում Հայրապետ և Լայերտ Մկրտչյանների վերոգրյալ գործողություններով Գնդեվազ համայնքին պատճառվել է 146.890.708 ՀՀ դրամի գույքային վնաս, համայնքի բյուջեն զրկվել է դրամական մուտքերից, ինչպես նաև համայնքային միջոցներն անձնական շահերին ծառայեցնելով՝ հեղինակազրկվել է տեղական ինքնակառավարման մարմնի բարի համբավը, արժեզրկվել են համայնքային ծառայության սկզբունքներն ու նպատակները»:

Հիշեցնենք՝ վաղը՝ մայիսի 5ին, ժամը 16:00 Եղեգնաձոր քաղաքի դատարանում տեղի է ունենալու Գնդեվազի գյուղապետ Հայրապետ Մկրտչյանի և նրա որդու գործով դատական երկրորդ նիստը։

Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031