Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ե՞րբ կունենանք Մարզահամերգային համալիրի կարիքը. Առողջապահության նախարարի մամուլի խոսնակը մեկնաբանում է

Մայիս 04,2020 17:54

Ապրիլի 30-ին կորոնավիրուսից մահացան 69 եւ 47 տարեկան երկու քաղաքացիներ: Համաձայն առողջապահության նախարարության տեղեկատվության, նրանցից մեկը՝ 47-ամյա քաղաքացին, ուներ ուղեկցող խրոնիկական  հիվանդություններ: Կորոնավիրուսից չփրկված մյուս քաղաքացին սակայն, ինչպես այսօր տեղեկացանք, որեւէ հիվանդություն չէր ունեցել, մահվան պատճառը, պարզապես, նոր տիպի COVID-19 վարակն է եղել: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Ինչո՞վ է պայմանավորված վերջին մեկ-երկու շաբաթում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի  աճը մեր հարցին, Ալինա Նիկողոսյանը պատասխանեց՝ հիմնական պատճառներից մեկն այն է, որ շփման շրջանակներին շատ են թեստավորում. «Այսինքն՝ մեկ դեպք հայտնաբերվեց, նրա ընտանիքը, որը կարող է 6-7 հոգուց բաղկացած լինի, նրանց սերտ շփումները, որոնք էլ իրենց հերթին կարող են միջոցառումների մասնակցած լինեն՝ օրինակ՝ հուղարկավորություններ եւ այլն, այդ բոլոր շրջանակը թեստավորվում է եւ թիվը, բնականաբար, աճում է»:

Արդյոք զուգադիպությո՞ւն է, որ սահմանափակումները հանելուց մի քանի օր առաջ այդ ցուցանիշները զգալի աճ արձանագրեցին, մեր հարցին ի պատասխան, Ալինա Նիկողոսյանն ասաց՝ գուցե զուգադիպություն է. «Օրվա կտրվածքով հայտնի է դառնում՝ որքան հետազոտություն է արվել, դրանից որքանն է դրական, եւ ըստ այդմ էլ թվերը հրապարակվում են»: Ըստ նախարարի մամուլի քարտուղարի, վարակի երկու օջախ հանդիսացան  հուղարկավորությանը մասնակցած քաղաքացիները, ինչի հետեւանքով, վարակակիրների շրջանակը զգալի մեծացավ:

Մեր ճշտող հարցին՝ տեղեկություններ կան, որ Երեւանի հայտնի հիվանդանոցներից մեկի բժիշկն էլ է դարձել վարակի աղբյուր եւ տասնյակ բուժառուներ հենց նրանից են վարակվել, Ալինա Նիկողոսյանը պատասխանեց, որ նախարարությունն ի սկզբանե էլ հայտարարել է, որ բժիշկները ռիսկի խմբում են, սակայն նա չմանրամասնեց, թե կոնկրետ որ բուժհիմնարկի բուժաշխատողների մասին է խոսքը. «Փոքր օջախներ, հիմա, ցանկացած տեղում կարող են լինել»:

Նրա տվյալներով՝ մոտ 300 բուժաշխատող վարակվել է, սակայն նրանցից շատերն արդեն ապաքինվել են եւ անցել աշխատանքի:

Մեր այն դիտարկմանը՝ դեռեւս նախորդ շաբաթներում, ոչ պաշտոնական հաշվարկներով, խոսք էր գնում այն մասին, որ սահմանափակումները չհանած՝ ներկայումս առկա 2 հազարից ավել դեպքերը կարող են դառնալ 20 հազար եւ հիմա արդեն, բացելուց հետո շատ ավելի շատ, ի՞նչ են անելու, Մարզահամերգային համալի՞րն են, որպես մահճակալային ֆոնդ օգտագործելու, թե՞, ինչպես նախարար Արսեն Թորոսյանն ասաց՝ հնարավոր է թեթեւ հիվանդներին չհոսպիտալացնեն, Ալինա Նիկողոսյանն ասաց, որ այս պահին էլ մի քանի սցենար քննարկվում է. «Խոսքը երկար ժամանակի մասին է, հնարավոր է, այս ամենը մեկ-երկու տարի էլ դեռ տեւի եւ դեպքեր լինեն, բայց, պետությունը չի կարող այդքան երկար ժամանակ գնալ այդպիսի սահմանափակումների ճանապարհով: Քանի դեռ չունենք հստակ դեղամիջոց, պատվաստում, որը կկանխի, մենք դեպքեր ունենալու ենք: Մարդիկ հիվանդանալու են, լավանալու են, իմունիտետ են ձեռք բերելու»:

Ինչ վերաբերում է ՄՀՀ-ն գործարկելուն, նախարարի մամուլի խոսնակն ասաց, որ վարակի դեպքերի աճի համար տարբեր սցենարներ կան, սակայն, այս պահին մահճակալային ֆոնդը հերիքում է՝ հիվանդանոցում բուժելու համար. «Երբ արդեն հասկանանք՝ դա չի բավարարում, համապատասխան հայտարարություններ կանենք ու կասենք՝ որն է հաջորդ քայլը: Ոչ միայն  համալիրը, տարբեր տարածքներ կան, որոնք պատրաստվել են իրավիճակը հաղթահարելու համար: Նույնիսկ հյուրանոցներ ենք պատրաստել, որտեղ, անհրաժեշտության դեպքում մարդիկ կարող են բուժվել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031