Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Ի՞նչ փաստաթղթի մասին էր 2016թ.-ին խոսում Սերժ Սարգսյանը. Զոհրաբ Մնացականյանի պարզաբանումը

Մայիս 04,2020 17:48

«Թեման անընդհատ շահարկվում է: Կուզենայի հստակեցնեինք: 2016թ.-ին Սերժ Սարգսյանը ռուսական ԶԼՄ-ներից մեկի հետ զրույցում ասել էր, որ սեղանին եղել է փաստաթուղթ, որը նախ ենթադրում էր Արցախի որոշ շրջանների հանձնում, ապա՝ Արցախի կարգավիճակի հստակեցում: Հիմա մենք ճի՞շտ ենք հասկանում, որ այդ փաստաթուղթը եւ որեւէ այլ փաստաթուղթ, որն ունի նմանատիպ բովանդակություն, չի քննարկվում»,-ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում այսօր ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին արցախյան հակամարտության կարգավորման համատեքստում նման հարցադրումներ հղեց հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը: Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց՝ նախորդ շրջանի քննարկումներն ունեցել են իրենց տրամաբանությունը, բայց չեն ունեցել հանգուցալուծում, ուստի հիմա չէր ուզենա վերլուծել, թե ինչպես եւ ոնց կլիներ:

«Ինչ վերաբերում է մեր շրջանին, ապա միակ նոր կողմը մենք ենք: Երբ ներգրավվեցինք, այդ հարցը չէր վերացել: Մեզ համար էական էր ի հայտ բերել եւ պնդել բոլոր այն արգելանքները, որոնք մեզ հնարավորություն չեն տալիս, սահմանափակում են եւ անհնար են դարձնում շարժվել մի ուղղությամբ, որում մենք կողմերի պարտավորությունների անհամաչափություն ենք տեսնում: Մենք չենք կարող ընդունել մի իրավիճակ, որում ստանձնում ենք շոշափելի պարտավորություններ, բայց ունենում ենք ոչ հստակ պարտավորություններ՝ մյուս կողմից: Դա անհամաչափություն է, եւ որեւէ մեկը չի կարող համաձայնել նման իրավիճակի հետ: Ինչպե՞ս համաձայնես, եթե համոզված չես եւ ակնկալես, որ դա չես կարող համոզել հասարակությանը եւ առաջին հերթին՝ Արցախին: Այս շրջանում սա է կարեւոր խնդիրը՝ արձագանքել եւ առնչվել անհամաչափության հետ»:

Զոհրաբ Մնացականյանը հավելեց. «Ասում ենք, եւ Արցախն էլ է ասում, որ դա փոխզիջում է, բայց փոխզիջում նշանակում է պարտավորությունների համադրություն, որի անհամաչափությունն է, որն արժանանում է մեր արձագանքին: Սա բարդ խնդիր է, բայց բացառվում է, որ մենք նման կերպ վարվենք: Բացառվում է, որ մենք ստեղծենք իրավիճակ, որում անվտանգային համակարգը կխարխլվի՝ հիմա՞, թե ժամանակի ընթացքում: Մենք որեւէ մտադրություն չունենք բանակցությունները խաթարելու կամ դադարեցնելու, խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: Այլընտրանքն աղետն է: Մենք ժխտում ենք սպառնալիքը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031