2020 թվականի մայիսի 2-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում, Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղի Գյումրու խճուղի 2 հասցեում գործող ավտոգազալցակայանում լիցքավորման ժամանակ պայթել է կայանված «Վազ 21213» մակնիշի ավտոմեքենայի գազաբալոնը, ինչի հետևանքով նույն գազալցակայանի լիցքավորող, Մեծ Սեպասար գյուղի բնակիչ, 1980 թվականին ծնված տղամարդը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 231-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է գործ:
Կատարվել են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է։ Արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին