«Այն, ինչը մենք փոխզիջում ենք անվանում կամ ընկալում որպես բանակցության բնականոն ընթացք, Ադրբեջանը չունի նման ընկալում կամ ձեւացնում է, որ չունի: Մյուս կողմից, այսօրվա շփումների ընթացքում դիտարկվո՞ւմ են «մադրիդյան սկզբունքների» տարրեր: Շատ են խոսում նաեւ փաթեթային/փուլային տարբերակների մասին: ԱԳՆ-ն ասում է, որ նման հարցերը չեն էլ քննարկվում, բայց, այնուամենայնիվ, կա՞ հենք, որից ելնելով՝ տեղեկատվական հոսքերը պնդում են փաթեթային կամ փուլային տարբերակը»,-ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում այսօր ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին արցախյան հակամարտության կարգավորման համատեքստում նման հարցադրումներ հղեց ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը:
Մնացականյանն արձագանքեց՝ Ադրբեջանը վերջերս առիթներ ունեցել է արտահայտվելու, բայց վերջինիս մոտեցումը չի նպաստում առաջընթացին եւ չի էլ կարող իրականացվել:
«Դուք ասում եք՝ բանակցություն կամ խորհրդատվություն, իսկ ես հակված եմ անվանելու բանակցություն, որովհետեւ կողմերը ներգրավված են այդ գործընթացում՝ փորձելով աշխատել սկզբունքների շուրջ, որոնք արտահայտում են յուրաքանչյուրի դիրքորոշումը»,-դիմելով Աբովյանին՝ հավելեց նախարարը:
Ինչ վերաբերում է փուլային/փաթեթային մոտեցումներին, Մնացականյանը շեշտեց. «Այդ տերմինաբանությունը շատ բաների, նաեւ՝ որոշ պատմական բաների հետ է կապված: Եթե որեւէ մեկը ենթադրում է, որ կարող է լինել այնպիսի փուլային տարբերակ, որում մենք խախտում ենք մարտավարությունների համադրությունը, ապա ասեմ՝ դա չի աշխատի»:
Կարդացեք նաև
Նախարարը շեշտեց. «Կար մի գործընկեր, ով ժամանակին ասում էր՝ մենք համաձայն ենք փուլային տարբերակին՝ առաջին փուլում ստատուսի հարցն է լուծվում, հետո՝ մնացածը… հասկանո՞ւմ եք: Մեզ համար էական է ձեւավորել փաթեթային շրջանակ, որում պարտավորություններն արտահայտված են, համադրելի եւ շոշափելի: Սա առաջնային խնդիրն է: Էլի եմ ասում՝ եթե ենթադրվում է, որ որեւէ փուլային տարբերակում մի կողմն իրականացնում է իր պարտավորություններն ավելի մեծ չափով եւ չի ստանում համադրելի պատասխան քայլեր մյուս կողմից, խարխլվում են անվտանգային դիրքերը: Սրա իրականացումն անհնար է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ