Լրահոս
Օրվա լրահոսը

«Պիտի գնամ դատավորների դռները ծեծեմ, ասեմ՝ դատավոր ջան, դռնակը բաց, ներս գամ ես, մի հատ կեղտոտ հա՞րց տամ քեզ». Գևորգ Պետրոսյանը՝ «Իմ քայլին»

Մայիս 04,2020 17:08

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց ԲՀԿ պատգամավորների հեղինակած նախագիծը՝ «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում» փոփոխություն, լրացում կատարելու մասին: Օրենքի համահեղինակ Գեւորգ Պետրոսյանը ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ասաց, որ առաջարկում են վիրավորանքի գործերը դատական կարգով քննել ավելի սեղմ ժամկետներում:

Քննարկման ժամանակ «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանն ասաց, որ գաղափարին ի սկզբանե կողմ է եղել, քիչ է մնացել, որ կողմ քվեարկի, բայց Գեւորգ Պետրոսյանի զեկուցումը իրեն համոզեց, որ պետք է դեմ քվեարկի. «Իմ տպավորությամբ, իր զեկուցումը միտված էր առ այն, որ նախաձեռնությունը մերժվելու է ու որոշակի կոնտեքստում արտահայտություններ էին արվում, որը ինձ համար, որպես քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ, ընդունելի չէ: Պարոն Պետրոսյանն ինձ համոզեց, որ ես պիտի դեմ քվեարկեմ իր նախաձեռնությանը: Իր հիմնական զեկուցումը քաղաքական ելույթ էր՝ ուղղված քաղաքական մեծամասնության դեմ, ես բաց եմ ասում: Ես չեմ կարող կողմ քվեարկել մի նախագծի, որի ենթատեքստում բացասական երանգներ են ուղղվում՝ իմ քաղաքական ուժի դեմ»:

Հիշեցնեք, որ Գեւորգ Պետրոսյանը, որպես վիրավորանքի օրինակներ, նշել էր «շնաբարո դուրսպրծուկ, թափթփուկներ, տականք» եւ այն արտահայտությունները, որոնք ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ԲԴԽ դատավոր անդամ Անի Մխիթարյանն ասաց, որ ժամկետներ սահմանելով՝ պետք է կարեւորեն նաեւ արդարադատության շահը, ինչը հարուցեց Գեւորգ Պետրոսյանի զարմանքը. «Բա մենք այսքան ի՞նչ ենք խոսում: Եթե արդարադատության շահն է կարեւոր, եկեք այնպես անենք, որ մարդը դրանից չտուժի»: Հետո նա անդրադարձավ իմքայլականների հակափաստարկներին. «Ասում եք՝ բողոք գրելու ժամկետը քիչ է, բայց դա գրողից է կախված: Փաստաբան կա, որ իր բողոք գրելը կարող է այնքան հաջողվի, ինչքան ինձ վեպ գրելը: Հետո ասում եք՝ դուք բոլոր դատավորների հետ խոսացե՞լ եք: Այսինքն, ես բանուգործը թողած՝ պիտի գնամ դատավորների դռները ծեծեմ, ասեմ՝ դատավոր ջան, դռնակը բաց, ներս գամ ես, մի հատ կեղտոտ հա՞րց տամ քեզ՝ ճի՞շտ եմ արել, որ այսպիսի օրենքի նախագիծ եմ բերել»:

Ինչ վերաբերում է Վահագն Հովակիմյանին՝ Գեւորգ Պետրոսյանն արձագանքեց, որ ամենահետամնաց ասիական երկրներում անգամ նման մոտեցում արտահայտել նախագծի վերաբերյալ չեն տեսնի, սա աննախադեպ բան է. «Ես չեմ կուլ տալու այդ խայծը: Մի պահ ասեցի հելնեմ դուրս գամ, սա արդեն քաղաքական բաների է տանում, բայց չէ, ես չեմ կուլ տալու… Ես զգացմունքային թելադրանքով չեմ գործելու»: Վահագն Հովակիմյանը պնդեց՝ եթե կողմ քվեարկի այս նախագծին, իր «կողմ»-ով այն նեգատիվը, որը դրել է Պետրոսյանը սրա հիմքում, կյանքի իրավունք կստանա:

Նախագիծը հետաձգվեց, որ մշակվի, նորից քննարկվի առաջիկա նիստում, որովհետեւ «Իմ քայլից» նոր առաջարկներ եղան, ինչն ընդունելի էր հեղինակի համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031