Լրահոս
Օրվա լրահոսը

Թորոսյանի պատասխանը՝ «ինչո՞ւ բոլորին արհեստական օդափոխության սարք չեք միացնում» հարցնողներին

Մայիս 04,2020 16:46

«Դժբախտաբար, նրանք էլ են ունեցել նույն հիվանդությունները՝ շաքարային դիաբետ, զարկերակային գերճնշում, սրտի իշեմիկ հիվանդություն, որոնք փաստացի կտրուկ վատթարացնում են օրգանիզմի վերականգնվելու ընդունակությունները, եւ մարդիկ չեն կարողանում վերականգնվել»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով կորոնավիրուսից մահվան վերջին չորս դեպքերին՝ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Իհարկե, լինում են շատ դեպքեր, երբ նույն հիվանդություններով քաղաքացիներն ամբողջությամբ ապաքինվում են»,-նշեց նա:

Թորոսյանն անդրադարձավ հարցադրումներին՝ «եթե կորոնավիրուսով վարակված եւ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 35 հիվանդներից 9-ին է միայն միացված արհեստական շնչառության սարք, ինչո՞ւ բոլորին չեն միացնում, ծանր վիճակում են»: «Որովհետեւ բժիշկ դառնալու համար պետք է առնվազն վեց տարի սովորել բժշկականում, հետո չորս տարի՝ օրդինատուրայում եւ ռեանիմատոլոգիայում, հետո նոր որոշել՝ մարդուն պե՞տք է միացնել թոքերի օդափոխության արհեստական սարք, թե՞ ոչ: Բոլոր դեպքերում չէ, որ դա ճիշտ է: Մեր ռեանիմատոլոգներն աշխատում են հնարավորինս ուշ միացնել այդ սարքերը, որովհետեւ դրանք որքան էլ անհրաժեշտ են, բայց միաժամանակ ունեն բարդացումների եւ պացիենտի վիճակն ավելի վատթարացնելու հնարավորություն: Ոչ թե բուն սարքի մասին է խոսքը, այլ մեթոդի: Ամեն դեպք յուրովի է գնահատվում ու բուժվում: Նույնն է, թե ասեք՝ ինչո՞ւ բոլորին ադրենալին չէք սրսկում… ինչ անհեթեթ հարցեր են»,-ասաց Արսեն Թորոսյանը:

Նախարարը հավելեց, որ տիրապետում են այս կամ այն խրոնիկ հիվանդություններ ունեցած եւ մահացած անձանց վիճակագրությանը, որն ավելի ուշ կհրապարակվի. «Սա չի նշանակում, որ պայմանական առողջ քաղաքացիներն ապահովագրված են: Եղել է, որ մահացած քաղաքացին քրոնիկ հիվանդություն չի ունեցել: Ունեցել ենք ծանր դեպք, երբ երիտասարդը կրկին չի ունեցել քրոնիկ հիվանդություն, նա մի կերպ է փրկվել: Սա ասում եմ, որպեսզի ոչ մեկն իրեն ապահովագրված չզգա»:

Արսեն Թորոսյանը նաեւ տեղեկացրեց՝ կորոնավիրուսից լավացածները «մնացորդային» առողջական խնդիրներ չեն ունեցել. «Հակառակը, այս հիվանդությանը բնորոշ է նաեւ գանգատ չունենալը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031