Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Կարող է մեկին ասի՝ ա՛յ էշ, հետո ասի՝ գիտեք ինչ, այդ էշը ես ասել եմ՝ որպես աշխատասիրության խորհրդանիշ, է հետո՞». Գեւորգ Պետրոսյան

Մայիս 04,2020 16:40

ԲՀԿ պատգամավորները «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում» լրացումներ կատարելու նախագիծ են դրել շրջանառության մեջ: Նրանք առաջարկում են, որ առաջին ատյանում, Վերաքննիչում երկամսյա ժամկետ սահմանեն վիրավորանքի գործերը քննելու համար, Վճռաբեկ դատարանին թողնեն ողջամիտ ժամկետում քննելու հնարավորությունը:

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում հարցի քննարկման ժամանակ «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նախագծի համահեղինակ Գեւորգ Պետրոսյանին հարցրեց՝ օրենքով անձը պատասխանատվություն չի կրում, եթե վիրավորելիս արդեն իսկ հրապարակված փաստի վրա է հղում անում, բայց մարդը կարող է հղում անել, օրինակ, ֆեյքի ու ասի՝ այս պատգամավորը այսինչ է: Սովորական քաղաքացու համար դժվար է գնալ ու գտնել, թե այդ ֆեյքի հետեւում ով է կանգնած, պետք է խառնվեն իրավապահները, չե՞ք կարծում, որ խորքային լուծում է պետք: Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց, որ մեր իրավապահները երկու հարցի պատասխան չեն կարող տալ՝ թե քանի աստղ կա երկնքում, մեկ էլ ինչ են հուշում աստղերը. «Հայաստանի ոստիկանները ցանկության դեպքում մնացած բոլոր հարցերին կարող են պատասխանել: Եթե ոստիկանությանը այս գործում ներգրավեցինք, օպերատիվ հետախուզական ժամկետ պիտի սահմանենք եւ այլն: Հետո իմ ասածը ձեր ասածի հետ աղերս գրեթե չունի, սա վերաբերում է այն դեպքերին, երբ վիրավորողը պարզ է: Սա չի վերաբերում անորոշ ակունքով մեկին, որը նկար է գցում, թե՝ գազանների գազան, կենդանիների տեսքով նկարներ են գցում, տակը մեկը գրում է՝ ճշտով տղա, մեկը՝ սխալով աղջիկ, ինչ ասես անում են: Մենք խոսում ենք այն դեպքերի մասին, երբ վիրավորողը հայտնի է»:

Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ այսօր շատ դեպքերում վիրավորանքը գալիս է անհայտ էջերից, անհայտ ֆինանսավորման աղբյուրներից. «Համենայնդեպս, դուք էլ եք ասում, որ այսօր կա ֆեյքերի բանակ: Այս դեպքում վիրավորանքը հղում կարվի ֆեյքերի բանակին ու քաղաքացին կմնա անպաշտպան»: Գեւորգ Պետրոսյանն արձագանքեց. «Երբ վիրավորանքը կեղծ էջից է, ասում ես՝ դե լավ, այդքան շատ չես տառապում, իսկ այն դեպքում, երբ վիրավորողը հայտնի է, այլ հարց է: Մեկը կարող է մեկին ասի՝ այ էշ, հետո ասի՝ գիտեք ինչ, այդ էշը ես ասել եմ՝ որպես աշխատասիրության խորհրդանիշ, է հետո՞, հիմա էլ ընկնենք պարզաբանենք՝ դու էշ ասելով՝ ի՞նչ նկատի ունես: Մեկն ասում է՝ ա՛յ շուն, հետո ասում է՝ շուն, ես նկատի եմ ունեցել հավատարմություն, որովհետեւ կա մի ասույթ՝ Աստված շներին ստեղծեց, որ մարդկանց թույլ տա հասկանալու, թե ինչ բան է հավատարմությունը: Է հետո՞, մենք տրանսցենդենտալ (մտակենտրոնացում) մեկնաբանություններով ո՞ւր կհասնենք, Գաբրիելյան ջան»:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը զգուշացրեց. «Հավատացնում եմ ձեզ, կա մասսա, որ տրանսցենդենտալ բառն ինքնին ընկալում է որպես վիրավորանք՝ չհասկանալով ինչի մասին է խոսքը»:

Ըստ Գեւորգ Պետրոսյանի՝ պետք է այնպիսի կարգավորումներ սահմանեն, որ նամուսով մարդը սեղմ ժամկետում իրեն վիրավորելու համար պատասխանատվության կարողանա ենթարկել վիրավորողին՝ դատարանի միջոցով:

Հարակից զեկուցող Արթուր Դավթյանն առաջարկեց, որ վիրավորանքի գործերով սահմանեն ոչ թե երկամսյա ժամկետ, այլ՝ 4-ամսյա, 15 օր սահմանել բողոքարկման համար, 1 ամիս Վերաքննիչի համար հատկացնել, 6-7 ամսում գործը պետք է ավարտվի: Գեւորգ Պետրոսյանը բոլոր առաջարկներն ընդունեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031