Շիրակի մարզպետարանի քիչ առաջ տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն, այսօրվա դրությամբ՝ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 90 հիվանդ է բուժվում, նրանցից 84-ը Շիրակի մարզի բնակիչ է։
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Շիրակի մարզից 79 բնակիչ էր վարակված։
Պաշտոնական տեղեկատվության համաձայն, Գյումրու ինֆեկցիոնում բուժվող 24 հիվանդի այսօր տեղափոխելու են Ծաղկաձոր՝ առանձնացված հյուրանոցներ։
«Քանի որ սահմանափակումների մեղմացմանը զուգընթաց սպասվում է կորոնավիրուսով հիվանդության դեպքերի թվի աճ, առողջապահության նախարարության հանձնարարությամբ՝ դրական արդյունքով, բայց հիվանդության անախտանիշ ընթացքով պացիենտները կտեղափոխվեն այդ նպատակով Ծաղկաձորում առանձնացված հյուրանոցներ։ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից այսօր կտեղափոխվի 24 հիվանդ։
Կարդացեք նաև
Նշենք, որ Երևան տեղափոխված հիվանդների թիվը 19-ն է, ընդհանուր առմամբ, առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել 21 պացիենտ։
Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 338 քաղաքացի»,-գրված է մարզպետարանի պաշտոնական հաղորդագրության մեջ։
Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Արաքսյա Կիրակոսյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ նոր օջախներ, բարեբախտաբար, չկան։ Նոր վարակակիրները Գյումրու ու Մարալիկի համաճարակային օջախներից են։ Նմուշառվել էին Գյումրու հյուրանոցներից մեկում մեկուսացվածները, 16 հոգու թեստերի պատասխանը եղել է դրական։ Նրանից 13-ը՝ Անիի տարածաշրջանի բնակիչներ են։
Հիշեցնենք, որ կորոնավիրուս էր հայտնաբերվել Մարալիկի առողջության կենտրոնի աշխատակիցների մոտ, որոնց մեջ, արդեն կան ապաքինվածներ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ Արաքսյա Կիրակոսյանի ՖԲ էջից