Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Այո, մեզ համար ցանկալի էր, որ սահմանափակումները երկար մնային». Արսեն Թորոսյան

Մայիս 04,2020 16:03

«Կառավարությունը կոլեգիալ մարմին է, եւ որոշումները հաճախ ընդունվում են կոնսենսուսով, երբեմն՝ քվեարկությամբ: Կառավարության մեկ անդամի կարծիքը միշտ չէ, որ վերջնական որոշման հիմք է դառնում»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով մամուլում առկա տեղեկություններին, որ ինքը դեմ է եղել մայիսի 4-ից ՀՀ-ում տեղաշարժման եւ տնտեսական գործունեության սահմանափակումների վերացմանը՝ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա փաստեց. «Եթե նեղ մասնագիտորեն նայեմ, ապա այո, մեզ համար ցանկալի էր, որ սահմանափակումները երկար մնային, բայց արդյոք պետությունը կարո՞ղ է երկար ապրել սահմանափակումների ռեժիմով»:

Թորոսյանի խոսքով՝ այդ հարցի պատասխանը միայն ինքը չէ, որ պետք է տա. «Պատասխանն է՝ ոչ, չի կարող: Եթե սահմանափակումները շարունակվեին, ինձ հարցնելու էիք՝ որքա՞ն կկարողանա պետությունն ապրել սահմանափակումների պայմաններում… Պատասխանն էլ նույնն էր լինելու: Արտակարգ դրության ռեժիմը թույլ է տալիս սահմանափակումներն անհրաժեշտության դեպքում թուլացնել կամ խստացնել, ինչի հավանականությունը միշտ կա: Չի բացառվում, որ արտակարգ դրության ռեժիմը երկարի, բայց մնա սահմանափակումների թույլ ռեժիմ»:

Մեկնաբանելով գնահատականները, որ սահմանափակումների վերացմամբ իշխանությունը պատասխանատվությունն իր ուսերից գցել է քաղաքացիների վրա, նախարարը նկատեց. «Նայեք, թե վերջին երեք ամսում ինչ է արել եւ անում կառավարությունը: Այն երբեք պատասխանատվություն չի գցում ուրիշների վրա, այլ համատեղ ջանքերով է աշխատում, անում ամեն ինչ, որ պետությունն ու ժողովուրդը հնարավորինս բարեկեցիկ ապրեն այս նոր ստեղծված իրավիճակում»: Հարցին՝ «ի՞նչ երաշխիք կա, որ հույսը պետք է դնել մարդկանց քաղաքացիական գիտակցության վրա», Արսեն Թորոսյանն այսպես արձագանքեց. «Ոչ մի երաշխիք չունեմ, երաշխիքներով չպետք է առաջնորդվել: Նպատակ ենք դնում եւ հասնում դրան»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031