Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Փաշինյանն ընդամենը Հայաստանի 16-րդ անցողիկ վարչապետն է»․ Արթուր Համբարձումյան

Մայիս 04,2020 15:31

Aravot.am-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին անդամ (նա այս կուսակցության համահիմնադիրներից է) Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանը կարծիք հայտնեց, որ վերջին երկու տարում հասարակական ու քաղաքական գործիչների կողմից խոսվում է միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա ընտանիքի անդամների մասին ու այս ընթացքում, ցավալիորեն, ստվերվում են Հայաստանի Հանրապետության առջև ծառացած բազմաթիվ խնդիրներ։

«Վերջերս գրառում էի կատարել լրագրողներին խնդրելով՝ ինձ այլևս չտալ վարչապետին առնչվող հարցեր։ Պարզաբանեմ՝ ինչու․ արդեն երկու տարի է, ինչ  քաղաքական ուժերի, հասարակական քաղաքական գործիչների կողմից խոսվում է հիմնականում վարչապետի, նրա ընտանիքի անդամների մասին՝ նրանց  կերածից, խմածից, սոցցանցերում կատարած գրառումներից, իրենց սպասարկող փոխադրամիջոցներից, հագուկապի գներից, անգամ երեխաներից։ Քաղաքական դաշտը պետք է ավելի բարձր գտնվի, որպեսզի քննարկման օրակարգային հարց չդարձնի վարչապետի ու նրա ընտանիքի՝ երբեմն նույնիսկ սադրող հայտարարությունները և գործողությունները։

Այս ընթացքում ստվերվում են այն բազմաթիվ հարցերը, որոնք ծառացած են Հայաստանի առաջ:  Իհարկե, ընդդիմադիր գործունեությունը ենթադրում է նաև քննադատություն, բայց այն միայն քննադատությամբ չպետք է սահմանափակվի: Քաղաքականությունը պետությունը կառավարելու և ոչ թե ամեն գնով իշխանության հասնելու արվեստ է:  Ճիշտ է՝ առաջին մոտեցմամբ առաջնորդվողները շատ դեպքերում պարտվում են երկրորդներին, սակայն քաղաքականության իրական նպատակը դրանից չի փոխվում։ Քաղաքական ուժերն ու գործիչները պարտավոր են խոսել ՀՀ-ում առաջ ծառացած հարցերից և հետևանքների վերացման համար լուծումներն առաջարկեն հանրությանը, այլ ոչ թե զբաղվեն պոպուլիզմով»,-ասաց Արթուր Համբարձումյանը:

Ի պատասխան մեր հարցին՝ ո՞ր խնդիրներն են ստվերվել այս ընթացքում, Արթուր Համբարձումյանն ասաց․ «Հայաստանի առջև ծառացած հարցերը պայմանականորեն կարելի բաժանել երկու խմբի՝ պոզիտիվ՝ դրական և բացասական՝ նեգատիվ:

Դրական խմբի մեջ  մտնում են այն հարցերը, որոնք նախ՝ շոշափելի չեն, իրենց հերթին բազմաբովանդակ այլ հարցերի արդյունք են։ Սրանց մասին խոսելը լուրջ գիտելիքներ չի ենթադրում ու  միայն դրական ազդեցություն է թողնում քաղաքական ուժերի վարկանիշի և էլեկտորալ կառուցվածքի վրա: Օրինակ՝ սոցիալական արդարություն, խոսքի ազատություն, ընտրությունների օրինականություն, օրենքի գերակայություն և այսպես շարունակ․․․ Այս խնդիրներից, լուծումներից խոսելը չի պահանջում մեծ գիտելիքներ և նաև չունի որևէ ռիսկ:

Ասում ես՝ օրենքի գերակայության հետ խնդիրներ կա երկրում, վաղը կգաս իշխանության կասես՝ այդ խնդիրն արդեն լուծել ես, հակառակն ապացուցելն անհնար է և անիմաստ:

Երկրորդը՝ բացասական խումբն է:  Այստեղ հարցերը շատ կոնկրետ են և լուծումներն այսպես, թե այնպես բացասաբար են ազդելու քաղաքական ուժի էլեկտորալ կառուցվածքի, հնարավոր է և ընդհանուր վարկանիշի վրա, գոնե կարճաժամկետ կտրվածքով:

Արցախյան հարցը մտնում է բացասական խմբի մեջ, ու ցավոք, կարևորագույն այս հարցի լուծման վերաբերյալ  քաղաքական դաշտում առարկայական քննարկում չի ծավալվում, ԵԱՀԿ Մինսկի համանախագահների տարածած հայտարարությունների մասին մեկնաբանություններ անելը դեռ  չի նշանակում հարցի տիրապետում։ Վերջին և եզակի անգամներից այն օրակարգային հարց է դարձել Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից՝ 2017 թվականին՝ Ազգային ժողովի ընտրություններից առաջ։

Ֆինանսների գեներացումը և արդար վերաբաշխման հարցը ևս մտնում է բացասական խմբի մեջ, իմիջայլոց, սա արտագաղթի հիմնական պատճառն է: ՀՀ Զինված ուժերում առկա խնդիրները, այդ թվում դասալիքներին բարձր պաշտոններ շնորհելու վատ ավանդույթը նեգատիվ՝ բացասական խմբի հարց է:  ՏԻՄ չկայացած համակարգը նույնպես բացասական հարց է:

Իմիջիայլոց, ողջ աշխարհում տեղական ինքնակառավարման միջոցով ոչ միայն տեղի են ունենում համայնքային նշանակության հարցերի արդյունավետ լուծումներ, այլև այդ համակարգը յուրօրինակ քաղաքական դպրոց է պետական նշանակության ապագա քաղաքական գործիչների համար: Հայաստանում մենք չունենք մի օրինակ, երբ համապետական նշանակության քաղաքական գործիչն իր ճանապարհը հարթել է, որովհետև ունեցել է համայնքային հաջող կառավարման փորձ (Հովիկ Աբրահամյանի օրինակը չբերեք):

Այս խմբում մեծագույն նշանակություն ունեցող խնդիր է Երևանի գերկենտրոնացումը: Հայաստանում բոլոր քաղաքական մարմինները, բանկերի ու ապահովագրական ընկերությունների գլխամասերը, առհասարակ համարյա ողջ քաղաքական, ֆինանսական, մշակութային կյանքը կենտրոնացված է մայրաքաղաքում, որը զբաղեցնում է  երկրի տարածքի մոտ մեկ տոկոսը: Երևանում առկա բնակչությունը մոտ 15 անգամ ավել է Գյումրիում առկա բնակչությունից:

Երևանի գերկենտրոնացված այս վիճակն, իմ կարծիքով, ավելի մեծ ու վտանգավոր խնդիր է, կամ կասեի՝ նվազ վտանգավոր չէ, քան արցախյան հարցը:

Բացասական խնդիրներն այսքանով չեն սահմանափակվում, կարելի է էլի թվարկել:

Քաղաքական ուժերը, գործիչները պետք է նախ ընդունեն, որ նման հարցեր կան և հետո խոսեն լուծումներից: Իրենց հռետորաբանության 70-80 տոկոսը պետք է լինի այս համատեքստում և միայն մնացած մասը վերաբերվի իշխող խմբի կյանքին ու գործունեությանը կամ պոզիտիվ՝ դրական խնդիրներին»:

Մեր դիտարկմանը, թե դուք առաջարկում եք՝ մի պահ մոռանա՞լ վարչապետին ու սկսել խոսել այս խնդիրներից, Արթուր Համբարձումյանը պատասխանեց․ «Փաշինյանն ընդամենը ՀՀ 16-րդ անցողիկ վարչապետն է: Իսկ բացասական խմբի այս խնդիրներն անցողիկ չեն, եթե մենք այսպես շարունակենք, վարչապետը կգնա, բայց այդ խնդիրներն այդպես էլ կմնան»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարն՝ Արթուր Համբարձումյանի ՖԲ էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031