Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաներն այդ փիս բառերը վաղուց են լսել, պարո՛ն Վարդանյան, ու լսել են Նիկոլ Փաշինյանից. ինչու է Վլադիմիր Վարդանյանը նկատողություն անում Գեւորգ Պետրոսյանին

Մայիս 04,2020 15:22

ԲՀԿ պատգամավորները Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու նախագիծ են դրել շրջանառության մեջ: Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում հարցի քննարկման ժամանակ նախագծի համահեղինակ Գեւորգ Պետրոսյանը նախ հիշեցրեց, որ Սահմանադրությամբ ամրագրված է՝ ՀՀ-ում բարձրագույն արժեքը մարդն է ու մարդու արժանապատվությունն անխախտելի է. «Ցավոք, առավել եւս վերջին շրջանում առավել խորացած ատելության մթնոլորտում անհամեմատ շատացել է քաղաքական, անձնական, այլ հայացքներից ելնելով խնդիրները փոխադարձ վիրավորանքի, մեկը մյուսի արժանապատվությունը նսեմացնելու գնով լուծելու մոտեցումը: Այդ մոտեցումը սանձելու գործիքներից մեկն էլ խախտված իրավունքի դատավարության գործընթացն արագացնելն է: Մեկը մեկին, ասենք, վիրավորում է, ասում է՝ թափթփուկ կամ տականք, կամ ավելի մոդայիկ վիրավորանք՝ շնաբարո դուրսպրծուկ, գիտեք, որ Քրեական օրենսգիրքը չի անդրադառնում վիրավորանքին ու զրպարտությանը, դրանք քաղաքացիական օրենսդրության հարթություն են տեղափոխվել ու անձին մնում է միայն, եթե, իհարկե, տվյալ անձը չի նախընտրում գլխով դիմացինին հարվածելու կամ բռունցքներով հարձակվելու տարբերակը, ապա մնում է դատական պաշտպանության տարբերակը՝ որպես հիմնական միջոց»:

Պետրոսյանն ասաց, որ դատական նիստերը տարիներով ձգվում են ու եթե վիրավորանքի մասին լսել է 5 մարդ, տարիներ շարունակ ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է մարդը գտնվում ողջ ընթացքում: Պատվի եւ արժանապատվության, գործարար համբավի վնասով դատական նիստերի միջին տեւողությունը միայն առաջին ատյանի դատարանում 278 օր է. «Դրա համար մարդիկ չեն դիմում դատարան: Ասում են՝ տարիներով լրատվամիջոցներով խայտառակ եմ լինելու, ինչ է թե՝ վերջում ակնկալեմ 1 մլն դրամի փոխհատուցում»:

Հիմա պատգամավորներն առաջարկում են վերջնաժամկետ սահմանել, մարդը իմանա՝ եթե իրեն վիրավորել են, դիմի դատարան, առավելագույնը 6-7 ամիս հետո վերջնական դատական ակտ է լինելու. «Ոչ թե տարիներով ընկնելու է դատարան, ԶԼՄ-ներն էլ երկու ամիսը մեկ նիստը հետաձգվելուց հետո գրեն՝ այսօր դատարանում քննվեց այս գործը, հիշեցնեք՝ նրան այսինչն ասել է շնաբարո դուրսպրծուկ, տականք, փողոցային խուժան, ինչո՞ւ, եթե մենք ասում ենք, որ մարդը բարձրագույն արժեք է»:

Գեւորգ Պետրոսյանը ներկայացրեց նաեւ կառավարության տեսակետը նախագծի մասին: Ըստ այդմ, կառավարությունը նշել է, որ դատարանները ծանրաբեռնված են ու չեն կարող արագ քննել այդ գործերը: Ըստ Պետրոսյանի, ոչ ապացույցների համադրման խնդիր կա, ոչ էլ առանձնակի դժվարություն, հայցվորը ներկայացնում է, թե ինչից է վիրավորվել, պատասխանողին կանչում են դատարան, որ գա ու բացատրի, թե ինչու է մարդուն «տականք, շնաբարո դուրսպրծուկ» ասել:

Քանի որ ԲՀԿ պատգամավորը մի քանի անգամ այս արտահայտությունները կրկնեց, հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նկատողություն արեց, որ այդ բառապաշարով, թեկուզ համեմատություն անելիս, ԱԺ-ում չի կարելի խոսել. «Մենք կոնսենսուսի պետք է գանք այն բառամթերքի հետ կապված, որն օգտագործում ենք: Ի վերջո, մենք նորմաստեղծ գործունեություն ենք իրականացնում, նորմը վարքագծի կանոն է: Չպետք է այնպիսի բառեր օգտագործենք, թեկուզ համեմատություն անելու համար, որոնք ինքնին վիրավորական են ու հաճելի չեն: Ես, օրինակ, չէի ուզենա, որ երեխաները լսեին այդ բառերը, նույնիսկ համեմատության կարգով»:

Ի պատասխան՝ Գեւորգ Պետրոսյանն ասաց. «Երեխաները այդ բառերը շուտվանից են լսել»: Վլադիմիր Վարդանյանն արձագանքեց. «Ես էլ եմ մանկապարտեզ գնացել, հետո դպրոց, Արաբկիրում եմ մեծացել, շատ բառեր եմ լսել, հավատացնում եմ ձեզ, բայց ԱԺ-ում մարդը պետք է նորմ ստեղծի, նորմավորի այն բառամթերքը, որն օգտագործում է համեմատության կարգով»: ԲՀԿ պատգամավորն էլ ընդգծեց. «Շնորհակալություն, որ դուք այդ բառերը համարում եք շատ վատ բառամթերք»:

Հիշեցնենք, որ «շնաբարո դուրսպրծուկների վնգստոցի» մասին արտահայտությունն արել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հենց ԱԺ ամբիոնի մոտ իր ելույթում՝ սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031