Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հաղորդումը ԿԸՀ-ի 2019-ի գործունեության մասին:
ԿԸՀ նախագահն ասաց, որ համայնքներում հաճախ, այսպես ասած, ձեւական թեկնածուներ են գրանցվում, որ ընտրությունները կայանան ու հետո ինքնաբացարկ են հայտնում: Այս խնդրի լուծումն ինչ-որ առումով կտա համայնքների խոշորացումը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հարցրեց նախընտրական քարոզչություն իրականացնելու օրենսդրական խութից. «Մենք տեսնում ենք, որ քարոզչությունը հաճախ շատ ավելի վաղ է սկսվում, քան նշանակված է»: Բացի այդ, նա նշեց, որ խնդիր կա, հաճախ նախընտրական քարոզչության ժամանակահատվածում, երբ էական խախտումներ են հայտնաբերվում, օպերատիվ միջամտությունն արդյունավետ չի լինում:
Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ բավականին լուրջ խնդիր է սոցցանցերում ու ԶԼՄ-ներում գովազդը. «Բարդ է հասկանալ, թե հատկապես որ երկրի օրենսդրության հետ գործ ունենք: Ասենք, մենք ամրագրել ենք, որ արգելվում է օտարերկրյա քաղաքացիների կողմից քարոզչության իրականացումը համապետական ընտրությունների ժամանակ: Իսկ եթե այդ քարոզչությունը իրականացվում է սոցցանցում՝ ոչ ՀՀ տարածքում, միանգամից խնդիր է առաջանում, չգիտես ինչ օրենք պետք է կիրառվի, որովհետեւ այդ մարդը բոլորովին այլ երկրից է իրականացնում քարոզչությունը: Մենք ամրագրել ենք, որ քվեարկության նախորդ օրը եւ քվեարկության օրը արգելվում է քարոզչությունը, բայց էլեկտրոնային ԶԼՄ-ների հետ կապված արխիվը հո չի՞ սահմանափակվում: Ամենաշատ նայված նյութը անընդհատ կարող է հայտնվել էկրանին, ինչը կարող է լինել նաեւ քարոզչական բնույթի նյութ: Այստեղ կա օրենսդրությունը նոր գործիքներով համադրելու անհրաժեշտություն, որ լիարժեք արձագանքենք խախտումներին»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ