Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արա Խզմալյան. «Ունենք 90, 95, շուտով նաեւ՝ 100 տարեկան արվեստագետներ»

Մայիս 04,2020 14:10

«Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ սահմանափակումներն ունեն ոչ միայն ֆիզիկական, այլ բարոյահոգեբանական ռիսկեր եւ վտանգներ, որովհետեւ տանը փակված լինելը, կոմունիկացիոն կապերի ընդհատումը որոշ դեպքերում ծանր հետեւանքներ է ունենում՝ առավել եւս մեծահասակների, միայնակ եւ անժառանգ մարդկանց հոգեբանության վրա»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Նրա ձեւակերպմամբ, կորոնավիրուսը կրոնական ուժգնությամբ հիշեցնում է բարոյական ու մարդասիրական արժեքների մասին:

Արա Խզմալյանը նշեց, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ իրականացվում է «Եղեք առողջ, մնացեք տանը» նախագիծը՝ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ, որում ընդգրկված է մշակույթի ոլորտի 143 ներկայացուցիչ:

«143 արվեստագետ եւ գրող այս նախագծի շրջանակներում ստանում է եւ սննդամթերք, եւ բժշկական առաջին անհրաժեշտության պարագաներ՝ դիմակ, սպիրտ, ձեռնոցներ: Այս ամենը ոչ այնքան որպես օգնություն եւ աջակցություն է տրվում, այլ որպես հորդոր՝ տանը մնալու: Ավագ սերնդի մեր արվեստագետները մեծագույն կարիք ունեին շփման: Ուղղակի չեք պատկերացնի նրանց հուզմունքի ու հրճվանքի չափը: Մի խոսքով՝ սա անհրաժեշտ ու սպասված միջոցառում էր:

Ասեմ ավելին՝ ամեն այցից հետո ես մի նոր գաղափարով էի դուրս գալիս: Այսինքն՝ մի կողմից կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերներ, մյուս կողմից՝ բոլորովին նոր գաղափարներ ու շատ բաներ վերաիմաստավորելու անհրաժեշտություն: Այդ իմաստով, մենք ինչ-որ բաներ պիտի մտածենք, որ երիտասարդ սերունդը կապը ավագների հետ չկորցնի, որովհետեւ նրանցից յուրաքանչյուրը հիշողության կենդանի շտեմարան է:

Ունենք 90, 95 շուտով նաեւ ՝ 100 տարեկան արվեստագետներ, որոնք անցել են պատմության միջով, շփվել են շատերի հետ, պատերազմ են անցել, հեղաբեկումներ: Մենք ոչ միայն պետք է պարբերաբար այցելենք ու շփվենք նրանց հետ, այլեւ նույնիսկ մտածում եմ, որ պետք է տեսագրենք այս մարդկանց, նույնիսկ վերնագիր եմ մտածում այդ միջոցառման համար՝ «Հիշողության արահետներ»: Մենք այդ արահետներով պետք է անցնենք, մուտք գործենք անցյալ, պատմություն, որը միշտ ուսանելի է բոլոր պայմաններում եւ ժամանակներում: Այսինքն, ոլորտի պատասխանատվությունը ավագների հանդեպ՝ որքան իրենց է պետք, նույնքան, գուցե ավելի շատ մեզ՝ արժանի քաղաքացի, արժանի հետնորդներ զգալու համար»,- նշեց նախարարի տեղակալը:

Հետաքրքրվեցինք՝ ավագ սերնդի արվեստագետները հանդիպումների ժամանակ հատկապես ի՞նչ հարցեր են բարձրացրել կամ ցանկություն հայտնել: «Ամենաշատը կրկին հանդիպելու ցանկությունն էր: Շատերը ոչ միայն այս ճգնաժամով պայմանավորված, այլեւ տարիքի բերումով քիչ են տնից դուրս գալիս, եւ շատ սահմանափակվել են նրանց շփումները, բայց նրանք մարդիկ են, որոնք պատմելու շատ բան ունեն մեզ:

Բոլորին հարցրել ենք, թե ինչի կարիք ունեն: Միակ ցանկությունը եղել է նորից իրենց այցելելը, որպեսզի շարունակեն շփվել: Ես ուղղակի հիացած եմ մեր ավագների արժանապատիվ կեցվածքով, լեզվական կուլտուրայով ու պահվածքով: Մենք նորից վերաճանաչելու կարիք ունենք ավագ սերնդի մեր արվեստագետներին:

Ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել նաեւ մեր ստեղծագործական միություններին՝ Հայաստանի գրողների, թատերական գործիչների, կոմպոզիտորների, կինեմատոգրաֆիստների, նկարիչների միություններին, որովհետեւ ցանկերը ճշտել եւ հավաքագրել ենք նրանց աջակցությամբ, նախագահների մակարդակով ու կամավորների, եւ այդպես ենք կազմակերպել այդ ամենի բաժանման գործընթացը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները՝ Արա Խզմալյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031