Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր անմիջական ուշադրության կենտրոնում լինելու է կորոնավիրուսային համավարակի առողջապահական ու տնտեսական հետևանքների հասցեագրումը». Համաշխարհային բանկի փոխնախագահ

Մայիս 04,2020 14:05

 2020թ. մայիսի 1-ին ազգությամբ շվեդ տկն. Աննա Բյերդեն նշանակվեց Համաշխարհային բանկի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ։ Այս պաշտոնում տկն. Բյերդեն կղեկավարի Համաշխարհային բանկի ռազմավարական, վերլուծական, գործառնական ու փորձագիտական աշխատանքը տարածաշրջանում։

Տկն. Բյերդեն Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ղեկավարումը ստանձնում է Բանկի շահառու երկրների համար բացառիկ դժվարին մի ժամանակաշրջանում։ ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքով շատ երկրներ մաքառում են առողջապահական, սոցիալական ու տնտեսական ծանր հետևանքների դեմ։ Այս տևական անորոշության պայմաններում Համաշխարհային բանկի վերջերս հրապարակած Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնտեսական վիճակի մասին նորություններում խոսվում է տարածաշրջանում աճի անբարենպաստ սցենարների, այդ թվում՝ 2020 թվականին խոշոր տնտեսական անկման մասին, երբ աճի կրճատումը լինելու է −4.4-ից−2.8 տոկոսի սահմաններում։

«Որպես Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ՝ ես սերտորեն աշխատելու եմ մեր շահառու երկրների կառավարությունների հետ, որպեսզի նրանց օգնենք զարգացման լուրջ արդյունքների հասնել, սակայն մեր անմիջական ուշադրության կենտրոնում լինելու է կորոնավիրուսային համավարակի առողջապահական ու տնտեսական հետևանքների հասցեագրումը», նշել է Աննա Բյերդեն, Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահը։ «Կարճաժամկետ հեռանկարում տրամադրելու ենք արագացված ընթացակարգով ֆինանսավորում և քաղաքականության գործիքներ, որոնք կօգնեն պաշտպանել մարդկանց կյանքն ու ապրուստի միջոցները։ Միջնաժամկետ հեռանկարում կօգնենք երկրներին ճիշտ քաղաքականությունների և ֆինանսավորման միջոցով մեղմել ճգնաժամի պատճառած տնտեսական ու ֆիսկալ ցնցումները»։

Առ այսօր Համաշխարհային բանկն ավելի քան 1.4 միլիարդ դոլար է նախատեսել ՔՈՎԻԴ-19-ի հետևանքները մեղմելու գործում Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներին օգնելու համար։ 2020 թվականի ապրիլի 2-ից շուրջ 490 միլիոն դոլարի հատկացում է հաստատվել օպերատիվ արձագանքման նոր ծրագրերի համար։ Բացի այդ, առկա նախագծերի և վարկային ծրագրերի շրջանակներում, այդ թվում՝ լրացուցիչ ֆինանսավորման միջոցով մինչև 925 միլիոն դոլար է վերատեղաբաշխում, օգտագործվում կամ տրամադրվում երկրներին՝ ՔՈՎԻԴ-19-ի հակազդման միջոցառումներին օգնելու նպատակով։

Այս ֆինանսավորմամբ վճարվելու է բուժսարքավորումների, այդ թվում՝ թեստեր, շնչառական սարքեր և օդափոխիչներ, առողջապահական համակարգերի կարողությունները հզորացնելու, այդ թվում՝ բուժաշխատողների վերապատրաստում, ինչպես նաև կորոնավիրուսից տուժած ամենից անապահով մարդկանց սոցիալական պաշտպանության համար։ Տարածաշրջանի մի շարք երկրներ այս ընթացքում Համաշխարհային բանկի հետ քննարկումներ են տանում ապագա ծրագրերի և այն օժանդակության շուրջ, որն անհրաժեշտ է լինելու համավարակի հետևանքների հասցեագրման համար։

Տկն. Բյերդեն իր քսանհինգ տարվա կարիերայի ընթացքում մի շարք բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել Համաշխարհային բանկում։ Նա ճանաչված է որպես տնտեսական զարգացման հարցերով առաջատար, ում ուշադրության կենտրոնում ներառական աճն ու կայուն զարգացումն է։ Տկն. Բյերդեն պրն. Սիրիլ Մյուլերի իրավահաջորդն է, ով Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահի պաշտոնը ստանձնել էր 2015 թ. հուլիսին։

Համաշխարհային բանկի խմբի արձագանքը ՔՈՎԻԴ 19-ին`

Համաշխարհային բանկի խումբը, որը զարգացող երկրների ֆինանսավորման և փորձագիտական տեղեկատվության ամենամեծ աղբյուրներից է, ընդգրկուն, արագ քայլեր է ձեռնարկում, որպեսզի օգնի զարգացող երկրներին ուժեղացնել համավարակի հակազդման գործառույթը։ Մենք  ավելացնում ենք էպիդեմիոլոգիական վիճակի վերահսկողությունը, բարելավում հանրային առողջապահական միջոցառումները և օգնում ենք մասնավոր հատվածին, որ շարունակեն աշխատել և պահել աշխատատեղերը։ Հաջորդ 15 ամիսների ընթացքում մինչև 160 միլիարդ դոլարի ֆինանսական  աջակցությամբ օգնելու ենք երկրներին անապահով և խոցելի խավին պաշտպանելու, բիզնեսներին աջակցելու և տնտեսության վերականգնումը խթանելու հարցում․ սա ներառելու է նաև Զարգացման միջազգային ասոցիացիայից (IDA) նոր ներգրաված 50 միլիարդ դոլարի ռեսուրսներ՝ դրամաշնորհների տեսքով կամ խիստ արտոնյալ պայմաններով։

Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031