Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Այն գործատուներին, որոնք գործի կտեղավորեն մարտի 16-ից հետո գործազուրկ դարձածներին՝ պետությունը կփոխհատուցի աշխատավարձի 60 տոկոսը, բայց պայմանով

Մայիս 04,2020 13:55

Մարտի 16-ից հետո գործազուրկ դարձածները, որոնք մինչեւ դեկտեմբերի 31-ը կգտնեն աշխատանք, որի համար առնվազն 8 ամիս աշխատանքի պայմանագիր կկնքեն՝ նրանց գործատուները կունենան արտոնություն

Այսօր ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանն ասաց, որ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ սոցիալական աջակցության փաթեթներով շուրջ 14 մլրդ-ի աջակցություն են տրամադրել շահառուներին:

Հիշեցնենք, որ հանձնաժողովում քննարկվում են կորոնավիրուսի համավարակային եւ հետհամավարակային պայմաններում ապրելու, բուժելու ու բուժվելու նոր մոտեցումները:

Արման Ուդումյանն ասաց, որ համաճարակը աշխատաշուկայի վրա անխուսափելի բացասական հետեւանքներ է թողել. «Գործազրկությունը սպասում ենք, որ համավարակին հաջորդող ժամանակահատվածում 17,9 տոկոսից կբարձրանա 19 տոկոսի ու մոտավորապես կունենանք 40 հազար հավելյալ գործազուրկներ երկրում: Սպասարկման ոլորտի, հանրային սննդի ծառայությունների, որոշ չափով շինարարության ոլորտը կտուժի: Սեզոնային աշխատողների մեծ բանակը, որը գնում էր ՌԴ աշխատելու, հավանաբար մի քանի ամսից կհամալրի գործազուրկների բանակը: Պետք է տարբեր մարտավարական քայլեր մշակենք»:

Նախարարությունը նոր աշխատատեղերի ստեղծման խթանման ծրագիր է մշակել. «Այդ ծրագրով նախատեսվում է աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր շահառուի համար 4 ամիս ժամկետով ամսական կտրվածքով գործատուին փոխհատուցում տալ աշխատակցի աշխատավարձի 60 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 85 հազար դրամը, որի մեջ կներառվեն նաեւ սոցվճարները եւ մյուս պարտադիր վճարները: Այն մարդիկ, որոնք մարտի 16-ից հետո դարձել են գործազուրկ ու մինչեւ դեկտեմբերի 31-ը կգտնեն աշխատանք, որի համար առնվազն 8 ամիս աշխատանքի պայմանագիր կկնքվի, կունենան այդ արտոնությունը»:

Նախատեսվում է, որ 500 շահառուի համար այս ծրագիրը կգործի: Միակ պայմանն այն է, որ աշխատողը չպետք է այլեւս աշխատանքի ընդունվի այն նույն գործատուի մոտ, որն իրեն աշխատանքից ազատել էր մարտի 16-ից հետո, որպեսզի հնարավոր չարաշահումներից խուսափեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031