Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքի տրանսպորտային նոր ցանցով կգործարկվի 820 նոր ավտոբուս և 101 տրոլեյբուս

Մայիս 04,2020 14:20

Երևանի ավտոբուսի պարկը կհամալրվի միջազգային նորագույն չափանիշներին համապատասխան 100 ավտոբուսով: Ապրիլի 28-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պաշտոնական էջում հրապարակվեց Երևանի քաղաքապետարանի հայտարարած ավտոբուսների մրցույթը:

«Մրցույթը լինելու է միայն էլեկտրոնային տարբերակով, մենք հայտեր չենք ստանալու առձեռն, միայն ստանալու ենք մրցույթին մասնակցելու երաշխիքները, որն ուղարկվելու է փոստով մեր հասցեին: Տեղադրված է ՎԶԵԲ-ի կայքում, այն հասանելի է, ուղղակի ցանկացած մասնակից պետք է գրանցվի կայքում, որպեսզի կարողանա ներբեռնի մրցութային ողջ փաթեթն ու մասնակցի: Մրցույթը բաց է, թափանցիկ է և հասանելի»,- նշում է Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի գնումների մասնագետ Արման Պետրոսյանը:

«Բազմիցս խոսել ենք, որ նոր երթուղային ցանցի սպասարկման համար անհրաժեշտ է ընդհանուր առմամբ 820 ավտոբուս, դրանց միանգամից ձեռքբերումը բավականին դժվար է: Բացի այդ, մենք այս պահի դրությամբ Երևան քաղաքում խնդիր ունենք՝ կապված միկրոավտոբուսների հետ, դրանց տարիքը լրանում է, շահագործումից պետք է դուրս հանվեն, այդ իսկ պատճառով որոշում կայացվեց, որ փոքր քանակությամբ ավտոբուսներ ձեռք բերենք՝ 100 միավոր, որոնք արդեն կաշխատեն Երևան համայնքում, և այնուհետ ծրագիրը փուլային կսկսենք իրականացնել»,- նշում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

Տրանսպորտային համակարգի արմատական բարեփոխման ծրագիրը կյանքի կոչելու համար Երևանի քաղաքապետարանը բազմաթիվ հանդիպում-քննարկումներ ունեցավ ոլորտում հայտնի կազմակերպությունների հետ: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ, միջազգային խորհրդատուների հետ համատեղ աշխատանքի արդյունքում մշակվեց որակական և տեխնիկական հստակ պահանջներով գնումների փաթեթ:

«Մեզ մեղադրում էին, թե ինչու մրցույթը շուտ չենք հայտարարել, չենք արել, բայց ասեմ, որ այդ մրցութային փաթեթն ավելի քան 200 թերթ է, և մանրակրկիտ աշխատանք պետք է իրականացվեր, որպեսզի հետագայում խնդիրներ չունենայինք: Բացի դրանից, նախատեսվում էր, որ մրցույթը պետք է կայանար փետրվարին, բայց նորից հայտնի պատճառներով, տարբեր մասնագետների հասանելիության խնդիր կար, և դա էր պատճառը, որ փետրվարի 15-ը փոխվեց և մրցույթը նոր հայտարարեցինք: Հավատացնում եմ, որ մենք ինքներս ցանկանում ենք, որ մեկ օր շուտ երթուղային տրանսպորտը Երևանում փոխենք և այդ խնդիրը մայրաքաղաքում մեկընդմիշտ լուծենք»,- ասում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը:

«Արտադրողը, մատակարարը կամ մասնակիցը պետք է ունենա 15 տարվա արտադրության փորձ, առնվազն 45 մլն եվրո-ի շրջանառություն՝ վերջին 5 տարիների ընթացքում, նմանատիպ 2 պայմանագիր իրականացված՝ 24 մլն եվրո-ի շրջանակում, պետք է ունենա 300 հատ սեղմված բնական գազով արտադրված և մատակարարված նմանատիպ ավտոբուս, ինչպես նաև 150 մոդել կոնկրետ այն առաջարկի, որը փաթեթում ներգրավված է»,- ընդգծում է Արման Պետրոսյանը:

Մրցույթով նախատեսվում է ձեռք բերել 12 մետր երկարության, ցածր հարթակով, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված, բնական գազի շարժիչով 100 ավտոբուս, որոնց չափանիշները մանրամասն մշակված և ներկայացված են մրցութային փաթեթում:
«Նախատեսում ենք նաև, որ պետք է ունենանք ավտոբուսների համար դեպո, դրա հետ կապված նախագծային աշխատանքները մայիս ամսվա կեսից կսկսեն, և կարծում եմ՝ ավտոբուսները, երբ արդեն լինեն Երևանում, մենք կունենանք ժամանակակից դեպո, որտեղ կարող ենք սպասարկել նաև այդ ավտոբուսները: Մենք փուլային կսկսենք իրականացնել արդեն բոլոր միջոցառումները, որպեսզի ունենանք մեր ցանկալի արդյունքը Երևանում»,- ասում է Հրաչյա Սարգսյանը:

Ավտոբուսների սպասարկումն ու շահագործումը պատշաճ և համակարգված իրականացնելու համար ընդհանուր առմամբ մայրաքաղաքում կկառուցվի 4 հավաքակայան: Դրանք, ի դեպ, ապահովված կլինեն նաև գազի լիցքավորման կայաններով:

«Երևանի ավտոբուս» ընկերությունն այսօր մայրաքաղաքում 19 երթուղի է սպասարկում: Ընկերության հավաքակայանում այժմ շուրջ 250 ավտոբուս կա:
«Այդ 100 ավտոբուսները կլինի հավելյալ, և այն մասնավոր կազմակերպությունները, որոնք այս ընթացքում չեն կարողանա իրենց շարժակազմը համալրել համապատասխան ավտոմեքենաներով, որոնց ժամկետը կհամապատասխանի, մենք այդ գծերը կփոխարինենք արդեն այդ ավտոբուսներով: Բայց, այնուամենայնիվ, այդ ավտոբուսների քանակը բավականին քիչ է, որպեսզի մենք կարողանանք ամբողջությամբ փոխարինել Երևանում օրական 800 միկրոավտոբուսի սպասարկումը»,- նշում է Հրաչյա Սարգսյանը:

Նոր ավտոբուսների մրցույթը բաց կլինի մինչև ս. թ. հունիսի 12-ը:

Մայրաքաղաքի տրանսպորտային նոր ցանցով ընդհանուր առմամբ կգործարկվի 820 նոր ու հարմարավետ ավտոբուս և 101 տրոլեյբուս: Ներկայումս գործող 111 երթուղու փոխարեն առաջարկվում է 42-ը: Ծրագրի իրացման հարցում քաղաքը նոր՝ գործնական քայլերի փուլ է մտել:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Սա մեկ բան է նշանակում: Լավագույն դեպքում 100 ավտոբուսը Հայաստանում կլինի 2021-ի վերջում: Իսկ սա նշանակում է, որ այս հաղորդագրությունը ուշադրություն շեղելու համար է: Ընտրվելիս Հայկոն այլ բան էր ասում:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031