Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսով վարակված-բուժվածների մոտ նորից վարակ են գտել, Հայաստանում 3 նման դեպք է եղել, վիրուսը բերանի խոռոչում մնում է 2-3 ամիս. Արսեն Թորոսյան

Մայիս 04,2020 13:25

Կորոնավիրուսով վարակվելու կրկնության դեպքեր հնարավո՞ր է լինեն, որ հիվանդը բուժվի, հետո նորից վարակվի: Այսօր ԱԺ-ում պատգամավորներն այս հարցն ուղղեցին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին:

Հիշեցնենք,որ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվում են կորոնավիրուսի համավարակային եւ հետհամավարակային պայմաններում ապրելու, բուժելու ու բուժվելու նոր մոտեցումները:

Նախարարը պատասխանեց. «Դժբախտաբար, գրանցվել են նման դեպքեր, այդ թվում՝ Հայաստանում: Բայց հիմա ակադեմիական մեծ դեբատ է գնում՝ արդյոք դա կրկնակի վարա՞կ է, ինքը բուժվե՞լ է ամբողջությամբ ու նորից վարակվել, թե՞ դա եղել է վիրուսի ապաակտիվացում օրգանիզմում, հետո նոր ակտիվացում, կամ, ամենահավանականը վիրուսի ոչ ակտիվ մասնիկների առկայություն է հյուսվածքներում, երբ վիրուսը չի բազմանում, սակայն նրա ՌՆԹ-ն բջիջների մեջ առկա է, թեստավորելիս հայտնաբերում ենք: Ամեն դեպքում, նման դեպքերն այս պահին երեքն են, որեւէ գանգատ չունենք, ախտանշան չունեն, բայց նրանց մոտ դուրս գրվելուց որոշ ժամանակ հետո նորից վիրուս է հայտնաբերվել: Մենք նրանց իզոլացրել ենք, որ որոշենք հետո ինչ անենք նման դեպքերում»: Կա տեսակետ, որ վիրուսի մասնիկները պահպանվում են 2-3 ամսվա ընթացքում բերանի խոռոչի, կոկորդի հյուսվածքներում: Ամեն դեպքում դեռ 100 տոկոսանոց պատասխան չկա:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը հարցրեց՝ բա եթե այդ մարդկանց մոտ որեւէ ախտանշան չկա, ինչո՞ւ եք թեստավորել, որ նորից հայտնաբերել եք վիրուս՝ Արսեն Թորոսյանը պարզաբանեց, որ հատուկ այդ հարցի պատասխանն ունենալու համար մոտ 50 քաղաքացու բուժվելուց հետո նորից թեստավորել են ու հայտնաբերել:

Պատգամավորները փոխանցեցին հանրության շրջանում քննարկվող տեսակետները, մի մասն ասում է՝ այս ամեն ինչը սուտ է, վարակ չկա, մի մասն ասում է, որ այս ամեն ինչն ավելի վաղ է սկսվել՝ դեկտեմբեր-հունվարին, գրիպի տեղ են դրել: Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Այդ երկու կարծիքները քիչ են տարբերվում այլ մերժողական, դավադրապաշտական տեսություններից, որպես օրինակ, ՄԻԱՎ-ի մերժումը: Մինչեւ հիմա նման խմբավորում կա, որ մերժում են ՄԻԱՎ-ի գոյությունը, իրենց ասում են ՄԻԱՎ դիսիդենտներ: Հիմա էլ կան կորոնադիսիդենտներ, որոնք մերժում են կորոնավիրուսի գոյությունը: Այդ հարցի լուծումը ես տեսնում եմ միայն մարդկանց կրթական ցենզը բարձրացնելու մեջ, այլ տարբերակ չեմ պատկերացնում, որովհետեւ կան թե՛ իրական վարակակիրներ ու բուժվածներ, մարդկանց անուններն էլ հայտնի են, թեեւ բժշկական գաղտնիք է, բայց մարդկանց ցանկությունով է արվել, թե՛ կան հիվանդանոցները, որոնք այդ մարդկանցով զբաղվում են, կան թեստերը: Դժվար է հերքել անհեթեթությունները»:

Ինչ վերաբերում է գրիպի հետ շփոթելուն՝ նախարարն ասաց, որ վարակները շատ են, 5 վիրուս առաջացնում են գրեթե իրարից չտարբերվող կլինիկա, բայց բռնկում մեզ մոտ չի եղել այդ ժամանակ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031