Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե չկարողանանք պահպանել կանոնները, հնարավոր է ունենանք պայթունավտանգ բռնկումներ, երբ ՀՀ-ում վարակված լինի 500 հազար քաղաքացի». Արսեն Թորոսյան

Մայիս 04,2020 13:10

ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվում են կորոնավիրուսի համավարակային եւ հետհամավարակային պայմաններում ապրելու, բուժելու ու բուժվելու նոր մոտեցումները:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց իրավիճակն ու խնդիրները:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը հարցրեց, թե մարզային բուժկենտրոնները ինչքանո՞վ են պատրաստ իրավիճակը վերահսկելու առումով. «Օրինակ, Գորայքում եթե խնդիր է առաջացել, ո՞ր բուժկենտրոն պետք է տանեն»: Ի պատասխան՝ Թորոսյանը հորդորեց այլ աշխարհագրությունով նայել, ինչ ասում է՝ Սիսիանի տարածաշրջանի օրինակով է. «Սուբյեկտիվ եք»: Սրբուհի Գրիգորյանն արձագանքեց՝ Գորայքից մինչեւ Կապան պատկերացնո՞ւմ եք քանի կմ է: Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Իհարկե, պատկերացնում եմ, ես Մեղրիից մինչեւ Նոյեմբերյան էլ եմ պատկերացնում քանի կմ է: Ամեն ինչ արվել է, կա նախարարի հատուկ հրաման: Առողջապահական համակարգը նոր չի, որ պետք է սուր շնչառական վարակ ախտորոշի ու իմանա, թե ավելի բարձր մակարդակի բուժօգնությունը որտեղ է տրամադրվելու: Բուժհիմնարկներն ալգորիթմեր ունեն, թե կորոնավիրուսով հիվանդի վարման հերթականությունն ինչպես է տեղի ունենալու»:

ԲՀԿ պատգամավոր Կարինե Պողոսյանը հարցրեց. «Նոր կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված՝ հնարավոր է համաճարակը ձգձգվի եւ հնարավոր է մեկ տարի տեւի: Այսինքն, աշխարհը լրիվ ուրիշ է լինելու, տարբերվելու է գրեթե բոլոր առումներով, տնտեսության մեջ նոր ռիսկեր, նոր մարտահրավերներ: Այսուհետ նոր ռազմավարությունը, որ մշակում եք, ինչ նոր ռիսկեր է բացահայտելու, հանրությունը ինչ նոր սպասելիքներ ունենա: Եվ երեկ վարչապետը հայտարարեց, որ ապակենտրոն պայքարի նոր փուլ է սկսվում, ի՞նչ է իրենից ներկայացնում այդ փուլը»:

Նախարարը պատասխանեց, որ այս համավարակի առանձնահատկությունն այն է, որ անորոշությունները շատ են, չկան բոլոր հարցերի պատասխանները ու հնարավոր է երկար ժամանակ չլինեն: Պետք է հասկանալ, թե ինչ նպատակ է դրված. «Եթե մեր նպատակը համավարակը հաղթահարելն է, ապա դա մեզ չի հաջողվել ու չի հաջողվել որեւէ երկրի: Եթե նպատակը առողջապահական համակարգի վրա բեռը կառավարելի դարձնելն է, որ կարողանանք բուժօգնության կարիք ունեցողներին բուժօգնություն ցուցաբերել, բավարար է: Այս պահին բոլոր կարիք ունեցողները ստանում են իրենց բուժօգնությունը: Նոր ռազմավարությունը այս իրավիճակում. ստաբիլ թվերի դեպքում այս ամեն ինչը պահելն է՝ հյուրանոց եւ հիվանդանոց ռեժիմում: Եթե հիվանդների թիվը շատանա, ասիմպտոմ դեպքերին տուն ուղարկելը: Կարող է լինի տարբերակ, որ ասիմպտոմ դեպքերին հնարավոր չլինի նույնիսկ թեստավորել, վիրուսը կշրջանառվի, ինչպես մնացած բոլոր վիրուսները: Եվ այստեղ են գալիս վարքագծի նոր կանոնները, որոնք երկարատեւ պիտի գործեն, նույնիսկ կորոնավիրուսի հաղթահարումից հետո»:

Նախարարն ասաց, որ եթե մենք փակ տարածքում իրարից հեռու լինենք, նստենք, ապա գրիպի, այլ վարակիչ հիվանդությունների բռնկումն էլ կկանխարգելենք. «Եթե չկարողանանք պահպանել կանոնները, հնարավոր է ունենանք պայթունավտանգ բռնկումներ, երբ, օրինակ, Հայաստանում վարակված լինի 500 հազար քաղաքացի, տասնյակ հազարավոր հոսպիտալիզացիաներով ու հազարավոր մահերով ու այդ սցենարն այնքան էլ անհավանական չի: Շատ հավանական է ու տարբեր երկրներում եղել է»,- ասաց Արսեն Թորոսյանը՝ կանխատեսելով, որ համաճարակների ցիկլայնությունը հաշվի առնելով՝ աշուն-ձմեռ-գարուն, ենթադրում են, որ առնվազն մյուս գարունից հետո համավարակը կմարի աստիճանաբար ու կամ քիչ շրջանառություն կունենա, կամ կլինի հատուկ դեղ՝ դրա դեմ:

Նախարարը նաեւ նշեց, որ մարդիկ կան, շատ արագ են վարակում, օրինակ, մի մարդը հնարավոր է միանգամից 100 հոգու վարակի, մարդիկ էլ կան, որ քիչ են վարակում ու հնարավոր չի ասել, թե այդ մարդիկ որտեղ կլինեն.«Մենք ունեցել ենք երկու նման դեպք՝ հայտնի Էջմիածնի դեպքը եւ արտադրամասի դեպքը, որ մի քաղաքացին մի դեպքում վարակել էր մոտ 60 քաղաքացու, մյուս քաղաքացին՝ մոտ 300 քաղաքացու: Եթե այդպիսի մի դեպք եղավ այսօր, մենք միանգամից բռնկում կունենանք: Եթե չեղավ՝ չենք ունենա: Այդ ամեն ինչը պարզապես հնարավոր չի կանխատեսել: Վարքագծի կանոնները պետք է պահպանենք ամենուր ու ամեն տեղ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031