Այսօր ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվում են կորոնավիրուսի համավարակային եւ հետհամավարակային պայմաններում ապրելու, բուժելու ու բուժվելու նոր մոտեցումները:
Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն ասաց, որ կորոնավիրուսը ստիպեց ամբողջ աշխարհին փոխել կենսագործունեության բնականոն ընթացքը, սահմանափակեց կյանքի գրեթե բոլոր ոլորտները: Վերլուծությունները ցույց են տալիս, որ հիմնական փոփոխությունները դեռ առջեւում են, համավարակը փոխելու է մեր պատկերացումներն ու մեր մոտեցումները բժշկական սոցիալական պաշտպանության ոլորտում:
Միջինից բարձր եկամուտ ունեցող երկրներում, որոնց թվին է դասվում նաեւ Հայաստանը, գումարային աշխատաժամերը նվազելու են մոտ 7 տոկոսով, որը կազմում է մոտ 100 մլն դրույք աշխատող: Առավել խոցելի են հանրային սննդի կազմակերպման, մշակող արդյունաբերության, ավտոմեքենաների նորոգման եւ մի շարք այլ ոլորտներ: Այն ոլորտներն են, որտեղ աշխատել է ՀՀ մոտ 209 հազար քաղաքացի, որը կազմում է ընդհանուր աշխատուժի մոտ 35 տոկոսը:
Կորոնավիրուսը նաեւ կարող է նպաստել չգրանցված աշխատողների աղքատացմանը: Պետք է այնպես անեն, որ առավելագույնս պահպանվի անցած տարի արձանագրված ծայրահեղ աղքատության շեմը: Զբաղվածության կարգավորման ամենամյա ծրագրերը պետք է վերանայվեն ու հարմարեցվեն ապագա կանխատեսումներին, պետք է ներդաշնակեցվեն կրթական համակարգի հետ: Պետք է քննարկվի նաեւ ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների շահառուների ընդլայնման հարցը. «Պետք է հնարավորինս արագ սովորենք ապրել համավարակի պայմաններում՝ հետեւելով խստացումներին: Այս ընթացքում շատ կարեւոր է տնտեսության բոլոր ճյուղերում սանիտարական նորմերի պատշաճ պահպանումն ու դրանց վերահսկողությունը»:
Կարդացեք նաև
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց թարմ տվյալներ՝ ունենք 121 նոր դեպք, բուժված նոր 36 դեպք: Ընդհանուր հաստատված դեպքերի թիվը ստացվում է 2507, բուժվածների թիվը՝ 1071. «Ցավոք, ունենք 4 նոր մահ: Մահացածների ընդհանուր թիվը կորոնավիրուսային հիվանդությունից 39 է, նաեւ 4 անուղղակի մահ, որոնք ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով»: Երեկ 765 մարդու են թեստավորել, իսկ ընդհանուր թեստավորվածների թիվը մոտ 25 հազար է: Նախարարն ասաց, որ երեկվա դրությամբ ունենք 9 քաղաքացի, որոնց թոքերի արհեստական օդափոխության սարքեր են միացված, 35 ծայրահեղ ծանր եւ 65 ծանր վիճակում գտնվող քաղաքացիներ:
Արսեն Թորոսյանն ասաց, որ «շարունակում ենք հայտնաբերել, թեստավորել, իզոլացնել եւ բուժել» սկզբունքը, որը ԱՀԿ-ի հիմնական խորհուրդն է բոլոր երկրներին՝ անկախ ունեցած դեպքերի թվից: Պետք է անել այնքան, քանի դեռ երկիրը ռեսուրս ունի. «Արդեն երկրներ կան, որ չեն հետեւում, թե ումից է վարակվել, ում է հնարավոր եղել վարակել, սահմանափակվում են միայն հայտնաբերել, թեստավորել, բուժելով: Մենք 4 քայլ ենք անում դեռ: Բոլոր հայտնաբերված դեպքերի հետագծելիությունը փորձում ենք գտնել այնքան խորը, ինչքան հնարավոր է: Առողջապահական համակարգի վրա ծանրաբեռնվածությունը գնալով ավելանում է, դեռեւս տանելի բեռնվածության մակարդակի է, սակայն պետք է այնպես անենք, որ չգա մի օր, երբ բուժօգնության կարիք ունեցող քաղաքացին մնա առանց բուժօգնության: Սարքերի, բուժանձնակազմի, պարագաների առումով այս պահին խնդիր չունենք, քանի դեռ այս թվերի մեջ ենք: Քաղաքացիների անպատասխանատվությունը կարող է բերել վիճակի, որ չհերիքի, ինչպես չի հերիքում շատ երկրներում»:
Նախարարն ասաց, որ առեւտրի կետերում, աշխատավայրում, փողոցում, տանը պետք է պատասխանատու գտնվել, ազգովի պայքարել այս մարտահրավերի դեմ, որովհետեւ որեւէ երկրի կառավարություն միայնակ չի կարող պայքարել մարդուց մարդ փոխանցվող վարակների դեմ, եթե մարդիկ իրենք չեն կանխարգելում:
Արսեն Թորոսյանն ասաց, որ հաճախ լսում են մեղադրանքներ, թե ինչու են թեստերը քիչ անում. «Հայաստանը արված թեստերի քանակով համադրելի է Ճապոնիայի, Իտալիայի հետ: Իհարկե, կան երկրներ, որ տասը անգամ ավելի շատ են անում, օրինակ, ԱՄԷ-ն, բայց մենք վատ դիրքում չենք: Դրա համար պետք է բիոսարքավորում, անձնակազմ, արագ անում ենք»:
Նախարարը տեղեկացրեց, որ երեկվանից Հայաստանում սկսվել է բժշկական եռաշերտ դիմակների արտադրություն, այնպիսի քանակ են արտադրելու, որ ՀՀ-ում երբեք դիմակների դեֆիցիտ չի առաջանա: Նաեւ անհատական պաշտպանիչ արտահագուստի արտադրություն է սկսվել նախարարության պատվերով: Այս առումով էլ խնդիր չի լինի. «Միակ խնդիրը կլինի այդ ամեն ինչը ձեռք բերելը: Արտահագուստները թանկ են եղել, այս իրավիճակում էլ մատակարարումների, նյութի թանկացման առումով թանկացել են: Ինչ վերաբերում է թանկարժեք հատուկ դիմակներին, կրկին ունենք լոկալ արտադրող, որը հաստոցի ձեռքբերման պրոցեսում է: Մյուս միջոցն ակնոցներն են, որ էլի ունենք, դրանց լավն այն է, որ ախտահանվում են, միանգամյա չեն»:
Ինչ է փոխվելու կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության ավարտից հետո: Արսեն Թորոսյանն ասաց, որ օրենսդրությունը պետք է փոխեն ու կառավարությունը պետք է ունենա գործիքակազմ լոկալ միջոցառումներ անելու, խոսքը լոկալ սահմանափակումների մասին է, ինչպես նաեւ անձնական սահմանափակումների՝ հիվանդությամբ պայմանավորված: Օրինակ, արտակարգ դրության ավարտից հետո էլ հնարավոր է լինի մեկուսացման, ինքնամեկուսացման պահանջ առանձին դեպքերում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ