Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոլորտից մեզ ապօրինի հեռացնում են». կառավարության որոշումը խնդիրներ է հարուցել տնտեսվարողների համար. «Տեսակետ»

Մայիս 04,2020 12:08

2019 թ. հոկտեմբեր ամսին կառավարությունը կայացրեց 526-Ն որոշումը, համաձայն որի՝ գնումներում հաղթող կազմակերպությունը պետք է ներկայացնի 110 տոկոսի չափով բանկային երաշխիք: Իհարկե, հարգարժան պարոն վարչապետը հայտարարեց, որ եթե բողոքներ լինեն, կնվազեցնեն այդ շեմը, սակայն բազմաթիվ քննարկումներից հետո շեմը չիջեցվեց: «Տեսակետ» մամուլի ակումբում այսպես սկսեց իր ասուլիսը «Տրանս-Սֆեր» ՍՊԸ-ի տնօրեն Հովհաննես Պետրոսյանը՝ անդրադառնալով Կառավարության՝ պետական գնումների ոլորտին վերաբերող 526 -Ն որոշմանը և դրա արդյունքում կատարված ապօրինություններին:

Որոշումը խնդիրներ է հարուցել տնտեսվարողների համար, մասնավորապես՝ պահնորդական գործունեություն իրականացնող «Տրանս-Սֆեր» կազմակերպության:

Նշենք, որ պահնորդական ոլոտում մինչև անցած տարվա վերջ 70 տոկոս օբյեկտների պահպանությունն իրականացնում էր ոստիկանության ՊՊԳՎ-ն, որի գործառույթները այդ ոլորտում դադարեցվել էին վարչապետի որոշմամբ, և այսուհետ պահպանությունը պետք է իրականացնեն պահնորդական ծառայությունները:

Կառավարության որոշմամբ՝ գնման մասնակիցը պետք է պայմանագրի կատարման և որակավորման ապահովման համար ներկայացնի 110 տոկոս բանկային երաշխիք, որը հավելյալ ծախս է կազմակերպությունների համար, այսինքն՝ բանկերը բանկային երաշխիքը ձևակերպում են որպես վարկ՝ իր տոկոսներով, և եթե հաղթող մասնակիցը որակավորման ապահովման այս միջոցը չի իրականացնում, հայտնվում է սև ցուցակում, այսինքն, ինչպես պարզաբանեց պարոն Պետրոսյանը, տարբեր ոլորտներ կարող են գնալ մենաշնորհման, հաղթող կարող են ճանաչվել միայն հարուստ և գույք ունեցող խոշոր ընկերությունները կամ անձինք՝ միջին ձեռնարկություններին հանելով ոլորտից:

Այսպես եղավ նաև «Տրանս-Սֆեր» կազմակերպության հետ:

Ասուլիսի սկզբում Պետրոսյանը հիշեցրեց Սահմանադրության համապատասխան հոդվածները, համաձայն որոնց՝ տնտեսական գործունեության ազատությունն ու տնտեսական մրցակցությունը պետք է երաշխավորվեն պետության կողմից, ինչպես նաև՝ յուրաքանչյուր ոք ունի տնտեսական, ներառյալ՝ ձեռնարկատիրական, գործունեությամբ զբաղվելու իրավունք:

Նա նշեց նաև, որ, համաձայն Սահմանադրության, պետական քաղաքականության նպատակներն են գործարար միջավայրի բարելավումը և ձեռնարկատիրության խթանումը, մինչդեռ, ըստ ընկերության տնօրենի, կառավարության վերոնշյալ որոշումը խոչընդոտում է ազատ մրցակցությանը:
Այսպես՝ բանախոսը նշեց, որ 2019 թ. նոյեմբերին «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից պահնորդական ծառայությունների ձեռքբերման մրցույթ է հայտարարվել, որին մասնակցել է նաև «Տրանս-Սֆեր» ընկերությունը:

Այս առնչությամբ կազմակերպության տնօրենը, մասնավորապես, ասաց. «Մրցույթի անցկացման ընթացակարգով պահանջվում էր՝ համաձայն 526-Ն որոշման, որ պետք է անպայման բանակցությունների փուլ լինի: Գնումների համակարգողը կատարում է խախտում և «Պահապան 1» ընկերության թույլ է տալիս, որպեսզի նա բանակցությունների ընթացքում նվազեցնի իր գինը ինքնարժեքից ավելի ցածր, ինչը բացահայտ խախտում է: Բանակցությունների արդյունքում առաջացել է կազուս, որ նվազեցրել են, որից հետո մենք արդեն հետագայում պարզում ենք, որ նվազեցնելու իրավունքը չկար»:
Պարոն Պետրոսյանը նշեց, որ ընկերությունը դիմել է տասը տարի սպասարկող բանկին, սակայն բանկային երաշխիք չեն տվել՝ պահանջելով գրավ, այնուհետև իրենք դիմել են մեկ ուրիշ բանկի, իսկ այդ գործընթացը պետք է տևեր երկար ժամանակ, այսինքն՝ կազմակերպությունը բանկային երաշխիք չէր կարող բերել ժամանակի առումով:

«Սրանից հետո քննարկում է եղել փոխնախարար Կարեն Բրուտյանի մոտ, որը նույնպես պնդել է, որ ԲԷՑ-ի մրցույթում առկա է խախտում, սակայն մի քանի օր հետո ԲԷՑ-ը գրություն է ուղարկում Կարեն Բրուտյանին՝ բանկային երաշխիք չներկայացնելու պատճառով «Տրանս-Սֆերին» ներառել գնումների սև ցուցակում,-ասաց Հովհաննես Պետրոսյանը:

Տվյալ խախտման վերաբերյալ «Տրանս-Սֆեր»-ի տնօրենը նշեց, որ բողոք են ներկայացրել Գնումների բողոքարկման խորհրդին, որը ընդունել է վարույթ՝ կատարված խախտման վերաբերյալ: Գնումների բողոքարկման խորհուրդը նաև վարույթ է ընդունել ընկերությանը սև ցուցակում ներառելու մասին գործը:
Պետրոսյանը պարզաբանեց. «ԲԷՑ-ը քննության ընթացքում ներկայացրել է, որ «Պահապան 1» ընկերության հետ պայմանագիր է կնքել 29 մլն 500 հազարով, ինչը նախկինում բանակցությունների ընթացքում ներկայացրած գնից՝ 26 մլն 500 հազարից, ավելի բարձր է, այսինքն՝ առկա է հակամրցակցային համաձայնություն»:

Նա ասաց նաև, որ այս հարցերի քննարկումից հետո գնումների հետ կապված բողոքները քննող անձը հրապարակել է որոշում այն մասին, որ «Տրանս-Սֆեր» ՍՊԸ-ն չի կարող ընդգրկվել սև ցուցակում, սակայն երկու օր հետո իրենք տեսնում են թղթային տարբերակով հրապարակված որոշումն առ այն, որ «Տրանս-Սֆերը», այնուամենայնիվ, ներառվել է սև ցուցակում, ինչը, կազմակերպության տնօրենի խոսքով, բացահայտ խախտում, ապօրինի որոշում է:
«Ըստ էության ՝ Գնումների բողոքարկման խորհուրդը կարող է համարվել արբիտրաժային դատարան, և դատավորի հրապարակած բանավոր և գրավոր որոշումները պետք է համանման լինեն:

Մենք ստիպված ենք եղել բողոքարկել այդ ապօրինի որոշումը, սակայն դատարանի աշխատանքը երկարատև է, և մեր կազմակերպությունը դժվար թե այդ երկարատև ժամկետում կարողանա իրականացնել իր գործառույթները:

Քանի որ նոր որոշմամբ ոլորտում օբյեկտների մոտ 70 տոկոսը պետք է պահպանվի պահնորդական ընկերությունների կողմից, ստացվում է, որ դա պետք է իրականացվի գնումների ընթացակարգով: Հիմա եթե սկզբից ինձ ներառում են սև ցուցակում, և ես իրավունք չունեմ այդ ամենին մասնակցելու երկու տարի, դա նշանակում է, որ ոլորտից ինձ անմիջապես հեռացնում են: Արդյոք սա ապօրինություն կամ խախտու՞մ չէ, կամ տնտեսական գործունեութան հանդեպ ինչ-որ միտումնավոր գործողությու՞ն չէ»,-ասաց Պետրոսյանը:

Նա նշեց, որ այս պահին երեք տարի ընկերության կողմից պահպանվող՝ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոնը հայտարարել է մրցույթ, սակայն տվյալ ապօրինի որոշման պատճառով ընկերությունը հնարավորություն չունի մասնակցելու այդ մրցույթին, այսինքն՝ կորցնում է գործունեություն իրականացնելու հնարավորությունը:

Պետրոսյանը կարծում է, որ բանկային երաշխիք ներկայացնելու մասին պահանջը հանգեցնում է մրցակցության սահմանափակման, ինչը, նրա խոսքով, շատ լուրջ խնդիր է իրենց ոլորտի համար, ուստի «Տրանս-Սֆերի» տնօրենն ասուլիսի ժամանակ այս խնդրի վրա հրավիրեց վարչապետի ուշադրությունը՝ ակնկալելով հարցի արդարացի լուծում:

Tesaket.info

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031