Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաստորեն, ճիշտ էին խոսակցությունները, որ հանրաքվեին ոչ բոլոր տեղամասերն են տեսախցիկով ապահովվելու». Գեւորգ Պետրոսյանը՝ Մուկուչյանին

Մայիս 04,2020 11:45

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հաղորդումը ԿԸՀ-ի 2019-ի գործունեության մասին:

Նա ներկայացրեց, թե քանի ընտրություններ են եղել, քանի տեղամասում է եղել հատուկ կարծիք, գրանցամատյաններում գրանցումներ եւ այլն: Տիգրան Մուկուչյանը փաստեց, որ ինչպես Երեւանի ավագանու, այնպես էլ ԱԺ ընտրությունների ու ՏԻՄ ընտրությունների ժամանակ հանձնաժողովի որոշմամբ որեւէ ԶԼՄ ներկայացուցչի դուրս չեն հրավիրել ու սահմանափակում չեն արել, չնայած օրենքը թույլ տալիս է:

ԿԸՀ նախագահը խոսեց վերահաշվարկի մասին, սարքերի կիրառման, ընտրությունների ժամկետները չխախտելու մասին: Նա հորդորեց, որ Ընտրական օրենսգրքով ժամկետներն ավելի ներդաշնակ դարձնեն, որովհետեւ եթե խոսք է գնում ԱԺ արտահերթ ընտրությունների մասին, 14 օր քարոզարշավը բավականաչափ քիչ է ընտրողներին իրենց տեսակետը ներկայացնելու համար:

«Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հարցրեց. «Ընտրացուցակներում կան մարդիկ, որոնք ՀՀ-ում չեն գտնվում ու չկա տեղեկատվություն՝ արդյոք ողջ է, թե գնացել է ԱՄՆ, այնտեղ Աստված չանի՝ մահացել է: Մենք մեխանիզմ չունենք ստուգելու: Արդյունքում ցուցակում մեծ քանակ ենք ունենում ընտրողների, բայց փաստացի ընտրողներն այդքան չեն: Ի՞նչ լուծումներ եք տեսնում այս խնդիրը լուծելու»: Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ հարցը մեր «Ընտրական օրենսգրքով» ցուցակների կազմման մեթոդաբանության խնդրին է վերաբերում: Գործող մոդելն այնպիսին է, որ ընտրացուցակներում ընդգրկում են բոլոր այն անձանց, ովքեր հանդիսանում են ՀՀ քաղաքացի, 18 տարին լրացել է եւ ունեն ՀՀ-ում հաշվառում: Ընտրողների ցուցակները թափանցիկ են, յուրաքանչյուրը կարող էր ստուգել: Հնարավոր են դեպքեր, որ քաղաքացիները բացակայում են, բայց ցուցակում կան, խնդիրն այն է, որ եթե քաղաքացուն հանում են այդ ցուցակից, պետք է լիազոր մարմնին պատշաճ տեղեկություններ ներկայացնեն այդ մասին: Մուկուչյանն ասաց, որ եթե ուզում են այդ քաղաքացիները ցուցակում չլինեն, ընտրողների ցուցակը կազմելու ողջ մեթոդաբանությունը պիտի փոխվի: Կան երկրներ, որոնք այլ սկզբունքով են կազմում, բայց պետք է նկատի ունենալ, որ այդ սկզբունքները հնարավորություն են տալիս ունենալ բավականին մեծ ծավալով լրացուցիչ ցուցակներ, ինչը եւս ցանկալի չէ: Ընտրությունների օրը կարող է պարզվի, որ տասնյակ հազարավոր քաղաքացիներ են ընդգրկվել, իսկ դա վերահսկման առումով խնդիր է:

ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը հարցրեց. «Տարեսկզբին, երբ նշանակվեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, այսպիսի լուրեր տարածվեցին, թե իբր հնարավոր չէ ամբողջ հանրապետության տարածքում ապահովել բուն ընտրական պրոցեսի տեսանկարահանումը: Դա իրակա՞ն է: Մենք հանրաքվեի իրավական կողմի մասին մեր գնահատականը տվել ենք, հիմա մեզ հետաքրքրում է՝ այդ լուրը համապատասխանո՞ւմ է իրականությանը»:

Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ նախկինում 93-94% տեղամասերի ծածկույթն ապահովել են տեսախցիկներով, խոշոր տեղամասերում եղել է, Երեւան քաղաքի բոլոր տեղամասերում եղել է: Հեռավոր բնակավայրերում գտնվող տեղամասերում ինտերնետ հասանելիության խնդիր կա, դրա համար ընտրվել էին 1500 տեղամասերը. «Այս հանրաքվեի անցկացման ընթացքում կառավարության կողմից առանձին տողով միջոցներ հատկացվեցին տեսախցիկներ տեղադրելու հետ կապված, այդ գործառույթը եւս հանձնարարվեց ԿԸՀ-ին: Մենք սկսել էինք արդեն աշխատանքները, կազմակերպությունը առկա է, ըստ էության, նույն կազմակերպությունն է՝ հաշվի առնելով փորձը, որովհետեւ երկու անգամ նման խոշորամասշտաբ միջոցառում արել է, ինքը շատ մասշտաբային է՝ տեղադրել տեսախցիկներ 1500 տեղամասերում, ապահովել ինտերնետ հասանելիություն: Աշխատանքներ տարվել էին, որ «այո»-ի եւ «ոչ-ի կողմնակիցները տեսնեին ոչ միայն մեկ տեղամաս, այլեւ ամբողջ տեղամասերը: Նման հնարավորություն վերապահվել է նաեւ իրավապահ մարմիններին: Տեսախցիկներ արդեն սկսել էին տեղադրվել տեղամասային կենտրոններում, գրաֆիկից առաջ էին ընկել նույնիսկ: Արտակարգ իրավիճակի ռեժիմով պայմանավորված՝ աշխատանքները դադարեցին, բայց արդեն տեղադրված տեսախցիկները հանձնվել են շենքերի տնօրինության պատասխանատվությանը: Մոտ 1200 տեղամասերում արդեն տեղադրված էին տեսախցիկները»:

ԿԸՀ նախագահը վստահեցրեց, որ հանրաքվեին 2000 տեղամասերից 1500-ում կլինեն տեսախցիկներ, բայց ընտրողների թվի առումով 92-93% տոկոսը տեսախցիկների ծածկույթում կլինի: Պետրոսյանն արձագանքեց, որ, փաստորեն, ճիշտ էին խոսակցությունները, որ հանրաքվեին ոչ բոլոր տեղամասերն են տեսախցիկով ապահովվելու: Մուկուչյանը պատասխանեց, որ գյուղեր կան՝ ինտերնետ չունեն ու բացառապես դա է պատճառը, տեխնիկապես անհնար է այնտեղ տեսախցիկ դնել: Գեւորգ Պետրոսյանը հորդորեց այդ տեղամասերում գոնե այլ կերպ իր խոսքերով՝ «սվաղվի» բաց թողնվածը: ԿԸՀ նախագահն էլ պատասխանեց, որ տեսախցիկ ունենալը միակ գործիքը չէ վերահսկելու գործընթացը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031