«TV ալիք» շաբաթաթերթ. Հնարավո՞ր է արդյոք կառավարել սեփական հույզերն ու զգացմունքները։ Թերեւս փոքր-ինչ զարմանալի թվա, սակայն իսկապես հնարավոր է եւ այնքան էլ բարդ գործ չէ, որքան կարող է թվալ։ Պարզապես հարկավոր է, որ յուրաքանչյուր մարդ ինքն իր վրա աշխատի եւ բացասական մտքերի գերին չդառնա։
Մեր հույզերը մեր մտքերի, խոհերի, ըմբռնումների ուղղակի արտացոլանքն են։ Եթե մենք մտածում եւ տրամադրվում ենք լավատեսորեն, ապա ստանում ենք դրական հույզեր։ Իսկ եթե գտնվում ենք մռայլ, ճնշող մտքերի ազդեցության տակ, ապա համապատասխանաբար մռայլ տրամադրություն ենք ունենում։ Եվ այստեղ ամենավատն այն է, որ ճնշող ու լարված մտքերի պայմաններում օրգանիզմում առաջանում են սթրեսի հորմոնների՝ ադրենալինի եւ կորտիզոլի գերքանակներ, որոնք սկսում են քայքայել առողջությունը։
Մարդկանց մեծամասնությունը ձգտում է ցույց չտալ իր զգացմունքները։ Իրականում դա հասկանալի է, մենք վախենում ենք մեր հույզերի եւ զգացմունքների նկատմամբ շրջապատի արձագանքներից, ուստի հաճախ ենք ստիպված լինում խաղալ տարբեր դերեր եւ կրել դիմակներ, որոնց տակ թաքցնում ենք մեր իրական հուզական վիճակը։ Այդ դեպքում կարեւոր է, որ զգացմունքների ճնշումը չդառնա սովորություն, քանի որ բացասական հույզերը, հատկապես խիստ արտահայտված չարությունը, զայրույթը կամ գերգրգռված վիճակը չեն կարող հավերժ կուտակված մնալ։ Վաղ թե ուշ դրանք կգտնեն դուրս գալու ելք, սովորաբար` ամենաանպատեհ ժամանակ։ Այ դա դուր չի գա շրջապատին։
Ինչպե՞ս պայքարել նեգատիվ մտքերի եւ տրամադրության դեմ։
Կարդացեք նաև
Բացասական մտքերը վտանգավոր են
Ճնշված տրամադրության եւ բացասական հույզերի ժամանակ օրգանիզմում առաջացած սթրեսի հորմոններն օրգանիզմը քայքայող ազդեցություն ունեն։ Բացի այդ, մեր օրգանիզմի բոլոր օրգանները, հյուսվածքներն ու բջիջները ինֆորմացիա են ստանում ոչ միայն արտաքին միջավայրի գործոնների (ջերմություն, խոնավություն, լույս եւ այլն), այլեւ մեր հուզական վիճակի մասին։ Եթե մարդն ունի դրական զգացումներ եւ զգացմունք, ապա նրա մարմինը ստանում է ազդանշան՝ «ամեն ինչ հրաշալի է», իսկ եթե բացասական են զգացմունքները, ապա մարմինը վախից սեղմվում է, եւ խախտվում է բոլոր օրգանների գործունեությունը։ Օրգանիզմը միշտ այս կամ այն ինֆորմացիային եւ ազդակին տալիս է արձագանք՝ ստեղծարար կամ քայքայիչ։ Եվ մշտական բացասական հույզերը օրգանիզմին տանում են վաղաժամ ծերացման ու քայքայման։ Հետեւաբար պետք է փորձենք որքան հնարավոր է արագ ազատվել նեգատիվից։ Իհարկե հասկանալի է` մարդը տարբեր իրավիճակներում է հայտնվում եւ չի կարող խուսափել վախից, խանդից, զայրույթից, վիրավորանքից, տխրությունից։ Պարզապես հարկավոր է հնարավորինս զսպել բացասական «պոռթկումները»: Օրգանիզմի համար առանձնապես վտանգավոր է 2 պահ.
1. Երկար ժամանակ տուրք տալ բացասական հույզերին, հատկապես այնպիսի դեպքերում, երբ օբյեկտիվորեն այդ հարցը սպառված է, իսկ մարդը շարունակում է գլխում լարել նեգատիվը` չկարողանալով կամ չուզենալով կանգ առնել եւ ազատվել այդ մտքերից։ Նման դեպքերում մարդն իրեն ավելի շատ է վնասում, քան այն իրադարձությունը, որն իրականում տեղի կունենար։
Այստեղ տեղին է հիշել ֆրանսիացի փիլիսոփա Միշել Մոնտենին. «Մարդը տառապում է ոչ այնքան տեղի ունեցող բուն իրադարձությունից, որքան կատարվող իրադարձությանը իր տված գնահատականից եւ վերաբերմունքից»։
2. Երկրորդ վտանգավոր պահն այն է, երբ մարդն իր մեջ է պահում նեգատիվ հույզերը, չի արտահայտվում եւ դրանք կուտակելով` նմանվում են պայթուցիկ ականի։
Երկու դեպքում էլ նկարագրված հոգեվիճակները մասնագետներն անվանում են «ներքին ագրեսիա» ինքդ քո դեմ, որն ահավոր կերպով վնասում է առողջությունը եւ կրճատում է կյանքի տարիները։ Հետեւաբար ելքը մեկն է՝ բոլոր բացասական հույզերն ու զգացմունքներն արտահայտել, երբեք չպահել քո մեջ եւ որքան հնարավոր է արագ ազատվել դրանցից` միացնելով դրական հույզերի «ազդանշանները»։
Ինչպե՞ս հաղթահարել…
1. Շատ տարածված մի ավանդական ձեւ կա նեգատիվից ազատվելու համար։ Դու քեզ պետք է ստիպես ժպտալ։ Լայն, երբեմն ստիպողական ժպտալով` մենք խաբում ենք մեր ուղեղի կարեւորագույն մասին՝ հիպոթալամուսին։ Հենց վերջինս է միացնում հաճույքի կենտրոնները եւ հրամայում օրգանիզմին արտադրել հաճույքի հորմոններ՝ էնդորֆիններ, եւ մարդն իրեն լավ է զգում։
2. Արտաքին տեսքը.- Ինչ տեսք ունի բացասական մտքերից փոթորկվող մարդը։ Նա մի տեսակ կորացած է, գլուխը կախ, տրտում, մարած հայացքով… Իսկ երբ նա պարզապես ժպտում է եւ ինչ-որ լավ բան է ասում, անմիջապես դեմքը փոխվում է, դառնում է պայծառ, լուսավոր։ Եթե մեջքն էլ ուղղի, ապա դրական մտքերը կտիրեն իրեն, եւ հեշտությամբ կանցնի դրական հույզերի։ Եվ պատահական չէ այն դարձվածքը, որ «ինչպիսի հարված էլ քեզ կյանքը տա, կանգնիր գեղեցիկ»։ Չէ՞ որ երկիրը քո ուսերին չի դրված, այն քո ոտքերի տակ է»։
3. «Զոռ տուր խելքիդ».– Մեր բոլոր մտքերը եւ զգացմունքներն այնքան փոխկապակցված են, որ գիտնականներն առայսօր վիճում են, թե որն է դրանցից առաջնայինը՝ մտքերո՞վ ենք մենք ստեղծում մեր հույզերը, թե հույզերն են մեզ պարտադրում համապատասխան մտքեր։ Քանի որ մարդ արարածը սովոր է ավելի շատ տրվել բացասական հույզերին՝ տեղին, թե անտեղի, ապա ավելի հաճախ մեզ պատում են բացասական հույզերը։ Այս շղթան կոտրելու համար այնուամենայնիվ պետք է սկսել մտքերից։ Մտքերը կառավարելն ավելի հեշտ է, քան զգացմունքները։ Հարկավոր է ինքներս մեզ ստիպենք մտքերը տանել լուսավոր ուղղությամբ, լավատեսական հունով. հիշենք կյանքի լավ օրերը, իրադարձությունները, հաջողությունները, հաղթանակները, մեզ սիրող մարդկանց դեմքերը…
Սա վերաբերում է «ասթենիկ» հույզերին, օրինակ՝ տրտմությանը, տագնապին, անտարբերությանը, անհանգստությանը, որոնք բոլոր մարդկանց մեջ էլ կան։
Կան նաեւ «սթենիկ», ուժեղ հույզեր՝ զայրույթ, չարություն, ցասում, մոլեգնություն, երբ մարդուն թվում է, թե իր ներսում ինչ-որ բան է պայթում, փոթորկվում, եռ գալիս եւ դուրս է ժայթքում՝ պահանջելով որոշակի գործողություններ։ Որպեսզի սեփական առողջությունը չխաթարվի, այսպիսի հույզերին պետք է արձագանքենք, թույլ չտանք, որ դրանք ներսից մեզ քայքայեն։ Դրանցից ազատվելու համար, պարզ է, պետք է բղավենք, գոռանք, հիստերիայի նոպաներ ունենանք. սա էլ նշանակում է նեղացնել հարազատներին, շրջապատի մարդկանց, գործընկերներին։ Սուր բացասական հույզերի ժամանակ, օրինակ՝ զայրույթի, մեծ քանակությամբ ադրենալին է մղվում արյան մեջ, սրտամկանն այնպես է լարվում, անոթները սեղմվում, որ կարող է ինֆարկտ կամ ինսուլտ առաջանալ։ Ուստի գոռոցների, բղավոցների, սկանդալների փոխարեն սովորեք արագ եւ իսկույն ձեզ անջատել ու անցնել ակտիվ ֆիզիկական գործողությունների, ասես ոչինչ էլ չի եղել` արագ քայլել, ֆիզիկական վարժություններ անել եւ այլն:
Բոլոր մարդիկ օրգանիզմում ունեն իրենց բժիշկը եւ պետք է միայն արթնացնել նրան…
Բացասական հույզերից դրականին անցնելու առայժմ նոր մեթոդ մարդկությունը չի գտել։ Կարելի է տունը մաքրել, պատուհանները լվանալ, պարել, թռչկոտել, վազել, հարվածել բարձերին, մարզասարքերով պարապել, մի խոսքով` ինչ որ տվյալ պահին դուք կընտրեք։ Հասցրեք ձեզ ուժասպառության։ Միայն այդ ժամանակ ցասումն ու զայրույթը կլքեն ձեզ, քանի որ արյան մեջ լիքը լցված ադրենալինը լրիվ կծախսվի, եւ կսկսվի մկանների բնական թուլացումը։
Ընդհանրապես հույզերը կառավարելը անհրաժեշտ եւ կարեւոր ունակություն է։ Հայտնի գերմանացի բժիշկ Ալբերտ Շվեյցերը ասել է. «Բոլոր մարդիկ օրգանիզմում ունեն իրենց բժիշկը, պետք է միայն արթնացնել նրան, եւ դա կլինի ամենամեծ հաղթանակը։ Այդ բժիշկը դրական հույզերն են»։ Ներքին բժշկին արթնացնելու համար պետք է աշխատեք ձեզ վրա` ձեր ներսում ստեղծելով դրական զգացմունքային ֆոն, որ բացասական հույզերից արագ կարողանաք անջատվել։ Ձեզ շրջապատեք բարի մարդկանցով եւ գեղեցիկ իրերով, երեկոյան մոմեր վառեք, գինի խմեք, օգտագործեք գեղեցիկ սպասք։ Ազատվեք անպետք, չօգտագործվող իրերից, կրեք գեղեցիկ հագուստ եւ մի սպասեք ինչ-որ յուրահատուկ պահի, այդ պահը հենց հիմա է, եւ կյանքն անկանխատեսելի է։ Որքան գեղեցիկ ապրեք ձեր օրը, այնքան շատ կլինեն ձեր դրական հույզերը։ Աշխատեք խուսափել անընդհատ դժգոհ եւ տրտնջացող մարդկանցից։ Փորձեք նրանց ցույց տալ կյանքի դրական կողմերը։
Եթե մարդը կենտրոնանում է միայն բացասական երեւույթների, անհաջողությունների, տխրությունների վրա, ապա իր կյանքն էլ ներկվում է նման մռայլ երանգներով։ Չէ՞ որ դուք տեսնում եք այն, ինչը որ ցանկանում եք, ինչի վրա կենտրոնացրել եք ձեր միտքը։ Եթե սկսեք ձեզ համեմատել հարեւանի, նրա եկամուտների կամ ինչ-որ մեկի երեխաների հաջողությունների հետ, որոնք ավելին են, քան ձերը, դուք կսկսեք էլ ավելի շատ առիթներ գտնել դժբախտ զգալու համար։ Ընդհակառակը՝ ձեզ ներարկեք դրական մտքեր. դրանից ձեր կյանքի որակը կլավանա, ձեր եւ ձեր շրջապատի մեջ փնտրեք լավը, գեղեցիկը եւ կենտրոնացեք այդ ամենի վրա, որոնք ձեզ կբերեն եւ հոգեկան, եւ ֆիզիկական առողջություն։ Փողոցում տեսեք գեղեցիկը, բնությունը եւ շատ երեւույթների վերաբերվեք հումորով, բարի ժպտացեք մարդկանց. ինչքան ձեզ դրական տրամադրեք, այնքան էլ դրական էներգիա կստանաք։
Պատրաստեց Շուշանիկ ՔՈՍՅԱՆԸ
Հոդվածը հրապարակվել է «TV ալիք» շաբաթաթերթի 17 (1176) համարում. 27 ապրիլի- 3-ը մայիսի 2020 թ.