Լրահոս
Օրվա լրահոսը

«Մատյան մեկուսացման». երկխոսություն՝ առցանց ցուցահանդեսով

Մայիս 03,2020 19:28

Ճշմարիտ արվեստագետը մշտական պարտք ունի իր ժողովրդի ու հայրենիքի հանդեպ: Նա ոչ միայն իր ժամանակի գեղագիտական հայացքների կրողն ու զարգացնողն է, այլև հասարակական կյանքի ժամացույցի այն զսպանակն ու ճոճանիվը, որը թույլ չի տալիս սլաքներն առաջ կամ ետ ընկնեն, ապահովում է ժամանակի անխաթար ընթացքն ու կենսունակությունը՝ պաշտպանելով հանրությանը նյարդային ցնցումներից:

Պանդեմիայի այս օրերին բազմաթիվ արվեստագետներ՝ երաժիշտներ, նկարիչներ, դերասաններ, գրողներ, ավելի ակտիվացրին իրենց գործունեությունը՝ պարտքի խոր գիտակցմամբ: Կատարվեց աննախադեպը. հնուց ի վեր ընդունված կարգով ոչ թե մարդիկ գնացին մշակութային օջախներ, այլ այդ օջախներն ու արվեստագետները «մտան» տնից տուն՝ ներկայացնելով իրենց ոգեղեն հարստությունները: Թող որ՝ առցանց, բայց մեկուսացման մեջ գտնվող հանրությունը իրեն մենակ չզգաց:

Նրանցից մեկը՝ ՀՀ նկարիչների և թատերական գործիչների միությունների անդամ, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր, նկարիչ Եվա Գևորգյանն է:

Մեկուսացման առաջին իսկ օրերից, նկարիչը փակելով դռները, բացեց իր ներկապնակը և գրեթե ամեն օր ստեղծում է մի նոր գործ՝ լավատեսության, բարության, գեղեցիկի նրբահյուս տրամադրություններով և հուսադրության հորդորներով: Հանրությանը ներկայացված կտավների քանակն արդեն երեք տասնյակից անցել է, մինչդեռ, ստեղծագործական ընթացքը դեռ ռիթմի մեջ է: Այսկերպ, ի հակադրություն վիրուսով վարակվելու համատարած ճնշող համախտանիշի, Եվա Գևորգյանը հարյուրավոր դիտորդների վարակում է գեղագիտական վայելքի, ապրելու, ոգեղեն կամքը ամրապնդելու շարունակական զրույցով:

Պատկերաշարն անվանել է «Մատյան մեկուսացման», սակայն, կտավների տրամադրությունն ու պայծառակերպությունն ամենևին էլ մեկուսացված-պարփակվածի հոգեվիճակ չեն արտահայտում: Ուստի, վերնագիրը պետք է ընդունել  որպես ստեղծագործությունների լույս աշխարհ գալու ժամանակի նշում, մանավանդ, որ յուրաքանչյուր կտավի գեղագիտական ներուժը մեկուսացման հոգեբանական ճնշումներին հակադարձող  ազդակներ ունի:

Նկարները հիմնականում նատյուրմորտներ են, ծաղիկներ՝ նազելի, քնքշաբույր, ասես՝ պարաքայլի հեզաճկուն պահի մեջ: Կան նաև աբստրակտ գործեր, որոնք աչքի են ընկնում գուներանգների կոնտրաստային հարաբերությամբ և, իրենց բնույթով՝ ոգեղեն ուժի անկասելի ընթացքով:

Այդ  աշխատանքներում սպառնալիքի, վտանգի, ինքնապաշտպանության  և ոչ մի ակնարկ չկա, բոլորի էության մեջ ընդհանրական է լավատեսական սպասումի կենարար ցոլքը: Ծաղկած բալենին հառնում է գարնանային անձրևից հետո թարմացած, ավետաբերի կերպարով, ծաղկամաններում դրված յասամանի ճյուղն ու հեզանույշ կակաչը, թրաշուշանն ու աստղածաղիկները բարի լույս են ավետում դիտողին այնպիսի թարմությամբ ու անմեղությամբ, ինչպես նորահարսը՝ հարսնաքողով ծածկվելուց պահ առաջ:

Պետք է ասել, որ խոհականությունը Եվա Գևորգյանի ստեղծագործությունների ելակետն է եղել նրա նկարչության ողջ ընթացքում: Դեռևս 2011թ.-ին, ՀՀ  անկախության 20-ամյա հոբելյանին նվիրված, Երևանի պատմության թանգարանի սրահում բացված նրա «Լռության գույնը» վերտառությամբ անհատական ցուցահանդեսը, 17 կտավներով ներկայացնում էր հնամյա Կոնդ թաղամասը: Անսամբլային այդ ներկայացման հիմնական հոգեվիճակը խոհն էր, հին թաղի պատմության ու վերհուշից ծնված, չփարատված կարոտով, սիրով ներծծված խոկումը՝ հարազատի անդարձ հեռացման ցավով:

Հուզառատ խոհականությունը առկա է նաև «Մատյան մեկուսացման» շարքում, սակայն, արդեն լավատեսական կայուն լադով, լուսավոր, զվարթ երանգներով, ապրելու և հարատևելու կամքով: Առցանց այս ցուցահանդեսով նկարիչը, նախկինի համեմատ, այլ խնդիր է լուծում, ամբողջովին կենսալից ուղու վրա է դնում խոհականության ընթացքը՝ արվեստի ուժով սատարելով հայրենակիցներին:

Եվա Գևորգյանը գիտակցել ու կողմնորոշվել է մեկուսացման օրերին իր տեղ ու դերի խնդրում և դա նպատակային ու մինչև վերջ իրականացնելու համար դիմում է նաև հոգեբանական մեկ այլ հնարքի՝ սոցիալական ցանցի ակնդիրներին առաջարկում է վերնագրել իր նկարները: «Խայծն» անշարժ չմնաց, բայց շատե՞րը կռահեցին, արդյոք, որ այդպիսով արվեստագետը դիտողին մղում է գեղագիտական մտորումների, նկարչական արվեստի հետ երկխոսության, դրանով իսկ՝ ինքնամեկուսացման անձկությունը փարատելուն:

 

Կյանքը բնականոն հուն վերադառնալուց հետո աշխարհում բազմաբովանդակ ու բազմաթիվ վերլուծություններ, բանավեճեր, ամփոփումներ կսկսվեն, որոնց մասնակից կդառնան ոչ միայն բժիշկները, տնտեսագետները, հոգեբանները, սոցիոլոգները, այլև՝ արվեստագետներն ու արվեստաբանները: Մեզանում էլ վերլուծելու նույնքան բազմաթիվ թեմաներ կան և, դրանց թվում՝ տևական արտակարգ պայմաններում արվեստագետների և հանրության փոխադարձ կապի կազմակերպման, մասնակցության, դրանց ձևերի ու մեթոդների մասին:

Այսօր իսկ կարող ենք վստահությամբ ասել, որ ի պատիվ ԿԳՄՍ նախարարության մշակույթի գծով պատասխանատուների, մյուս կազմակերպիչների և, իհարկե, ի փառս մեր արվեստագետների, դժվարին այդ գործն իրականացվում է մեծ նվիրումով: Առանձնակի պետք է նշել նաև այն գործիչների ավանդը, ովքեր կամավոր կերպով լծվեցին այս ժողովրդաշահ գործին՝ չսպասելով պաշտոնական կարգադրության կամ հորդորի: Նրանցից մեկը՝ Եվա Գևորգյանն է, իր «Մատյան մեկուսացման» առցանց ցուցահանդեսով:

 

Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ

ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾԻՉ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031