Այսպես, թե այնպես բոլորս ենք որոշակի չափով տեղեկացված, թե կորոնավիրուսի հետևանքով ինչ սարսափելի իրավիճակ է տիրում աշխարհում, սակայն ոչ մի տեղ խոսք չի գնում ամենակարևորի մասին. եթե վարակի տարածմանը խթանող բազմաթիվ հանգամանքներին զուգահեռ առանձնակի ուշադրություն չդարձվի այն հանգամանքի վրա, թե սկզբնաղբյուրից ներմուծվող ապրանքներն ի սկզբանե որքանով են զերծ կորոնավիրուսով վարակվածության վտանգից, ապա նվազագույնը լուրջ չէ խոսել դրանց անվտանգությունն ապահովող հետագա միջոցառումների մասին: Դա նույնն է, իմանալով, որ ջուրը թունավորված է, այնուամենայնիվ խմենք այն ու դրանից հետո, զուգահեռաբար օգտագործենք հակաթունավոր դեղորայք ու փորձենք իրականացնել որոշակի այլ միջոցառումներ:
Այլ խոսքով, ձեռնարկվող բոլոր միջոցառումներին զուգահեռ, թեկուզ մեկուսացվածության լիովին ապահովվածության չափազանց անհրաժեշտ պայմաններում, ինչպես պետք է լուծվի բնակչությանը կասկածելի վիճակում հայտնված ներմուծվող ապրանքներով ապահովումը, եթե սկզբնաղբյուրում նախապես լուծված չէ դրանց անվտանգության, իսկ հետո նաև ստացման, տեղափոխման և բաշխման հարցերը, քանզի ակնհայտ է, որ մարդկանց՝ միմյանց ու ապրանքների հետ շփումներն ինքնին հղի են այդ վարակի տարածման լուրջ ռիսկերով:
Բնական է, որ նման շփումները լիովին բացառելը պրակտիկորեն անհնարին է, ուստի խնդիրը բերվում է այդ շփումների ի հնարավորին նվազեցմանը: Իսկ արդյո՞ք կան ճանապարհներ դրան հասնելու համար: Իհարկե չկան, քանզի դա նույնն է, որ լիովին վերացվեն գնորդների և սպասարկողների շփումները: Կարծում եմ, հեծանիվ հնարելու հարկ չկա, քանզի այս պարագայում պահանջվող բոլոր միջոցառումների իդեալական կիրառումն անգամ դարձյալ խնդրի լիարժեք լուծում չէ, քանի որ, եթե անգամ մեր երկրի սպասարկման օբյեկտներում ինչ-որ կերպ հնարավոր լինի ապահովել անհրաժեշտ միջոցառումների իրականացումը և խուսափել մարդկային անմիջական կուտակումներից, ապա արտահանող երկրների մատակարարող բազաներում, որտեղ բազմաթիվ երկրներից չափազանց շատ մարդկային հոսքեր ու կուտակումներ են առաջանում, ով պետք է անհրաժեշտ վերահսկողություն իրականացնի նման մեծաքանակ կուտակումների՝ վարակի տարածման վտանգների նկատմամբ (եթե սրան էլ ավելացնենք, թե ով վարակվածության ինչ գոտուց է ժամանել):
Եթե անկեղծ լինենք, ապա իրականում այդ տիպի մեծածախ առևտրի կենտրոններում և բազաներում անվտանգության կանոնների պահպանման ապահովումը պրակտիկորեն անհնարին է, այնպես որ, այդ պայմաններում մարդկանց իրարից, հետևաբար նաև ապրանքների վարակվելու վտանգի հավանականությունը չափազանց մեծանում է: Չեմ կարծում, որ ապրանքներն սկզբնական վայրից որևէ կենտրոն տեղափոխելիս, դրանց վարակված լինելու հանգամանքը թեկուզ որևէ կետում ստուգվում է, այնպես որ կրկնում եմ, այդ խոշոր կենտրոններից և բազաներից տեղափոխված ապրանքները հենց ի սկզբանե կարող են վարակված լինել կորոնավիրուսով ու այդ պարագայում միակ հնարավոր ապահովագրական մեխանիզմը մնում է այն, որ հանրապետություն ներմուծվող լայն սպառման ցանկացած ապրանք երկիր մտնելիս պարտադիր ենթարկվի շատ խիստ զննության, որպեսզի ի հնարավորին բացառվի վարակված ապրանքների առաքումը վաճառքի և սպասարկման կենտրոններ:
Կարդացեք նաև
Իսկ արդյո՞ք վերը նշված շղթան ընդհանրապես վերահսկելի է և եթե այո, ապա իրականում այն լիարժեքորեն վերահսկվո՞ւմ է: Ուզում եմ մի քիչ կասկածել, քանզի ապրանքների տեսականին և քանակներն այնքան մեծ են, որ թեկուզ ժամանակի առումով, ֆիզիկապես համարյա անհնարին է ապրանքները լրիվ ծավալով ստուգել, քանզի տվյալ պարագայում մեկ ապրանքի վարակվածությունն անգամ մեծ վտանգ է պարունակում մնացածին վարակելու առումով: Պետությունն արդյո՞ք ի վիճակի է մանրազնին իրականացնել նմանատիպ վերահսկողություն…
Դարձյալ կասկածում եմ, քանզի ինչպես նշեցի, այդ ամենը պահանջում է մարդկային և ժամանակային մեծ ռեսուրսներ, որոնցով ապահովումը նախ ֆիզիկապես է անհնարին, երկրորդ էլ, եթե անգամ փորձ արվի համապատասխան ռեսուրսներ հատկացնել, ապա այլևս ուժեր չեն մնա աշխատանքային մնացած փուլերի օպերատիվ իրականացման համար (բնավ նպատակ չունեմ արդարացնելու իշխանություններին կամ ասել, որ այդ իրավիճակում նրանք այլևս անելիք չունեն): Այնպես որ մնում է միայն ներմուծված ապրանքների վարակվածության ընտրանքային կարգով ստուգումը և հետո միայն դրանց առաքումը սպառման վայրեր: Իրականում այդ ամենի իրագործումը շատ բարդ է, որի հետևանքով էլ տեղափոխման այդ հետագծի որ կետի վրա մատը դնում ենք, այն անմիջապես ծակվում է:
Ուզենք, թե չուզենք, ստացվում է, որ ներմուծվող ապրանքների վարակվածության վտանգների աշխարհագրությունն ինքնին շատ լայն է: Մնում է վերջին հնարավորությունը. չափազանց խստիվ վերահսկողության շնորհիվ, գոնե այդ շղթայի վերջին էտապում՝ առևտրի և սպասարկման կետեր առաքելիս և այդ կետերում մինիմումի հասցնել մարդկային շփումներն ու խստագույն այլ քայլեր ևս ձեռնարկել ապրանքների կորոնավիրուսով վարակված լինելու վտանգի տարածումը ի հնարավորին չեզոքացնելու ուղղությամբ…
Փաստացի, վերլուծելով վերը նշված իրավիճակը, գալիս ենք հետևյալին. կորոնավիրուսով վարակված հիվանդների թիվը հենց առաջին օրվանից՝ գնալով օր-օրի ավելանում է և ակամայից հանգում ենք մաթեմատիկական պարզ մի խնդրի, որի լուծումը կարծես չի գտնվում (իրավիճակը պարզորոշ հուշում է, որ լուծումը միայն հակավիրուսը գտնելն է): Խնդրի էությունը կայանում է հետևյալում. ենթադրենք ժամանակի t պահին ունեցել ենք կորոնավիրուսով վարակված x հիվանդ և բուժման շնորհիվ x թիվը փոխանակ նվազելու, ընդհակառակը ժամանակի հաջորդ պահերին՝ t+1, t+2…, հիվանդների թիվը փաստացի՝ գնալով ավելի է մեծանում և x-ը դառնում է x+1, x+2…, և այդպես շարունակ:
Այլ խոսքով, եթե t պահին առկա x հիվանդը բուժմանը զուգահեռ, կարող էր վարակել y մարդու, ապա ժամանակի հաջորդ՝ t+1, t+2… պահերին առկա x+1, x+2… հիվանդները՝ վարակվածության նույն միջին տեմպի պարագայում, արդեն կվարակեն y+1, y+2… մարդու և այսպես շարունակ: Ստացվում է, անկախ ձեռնարկվող միջոցառումներից, գնալով ոչ թե նվազում, այլ փաստացի ավելանում է վարակված հիվանդների թիվը, որոնք էլ իրենց հերթին կարող են վարակել ավելի շատ մարդկանց և ստեղծված պարագայում, սրա վերջը չի երևում: Ուրեմն, եթե մեկ վայրկյան շուտ չգտնվի այդ հիվանդության կոնկրետ բուժումը՝ հակավիրուսը, ապա գնալով, իհարկե որոշակի կոռելյացիայով, թվաբանական պրոգրեսիայով ավելանալու է այդ հիվանդների թիվը, իսկ թե արդյունքում ինչ կունենանք, կարծում եմ դժվար չէ կռահելը (լեզուս էլ չի պտտվում, որ բարձրաձայնեմ սպասվող իրավիճակի մասին)։
Փաստացի, մնում է երկու ճանապարհ. կամ պետք է ի հնարավորինս արագ գտնվի հիվանդության բուժումը, կամ պետությունը պետք է անզիջում և համակարգված վերահսկողություն իրականացնի հանրապետություն ներմուծվող և շրջանառվող ապրանքների, ինչպես նաև դրանց հետ անմիջականորեն շփվող անձանց վարակվածության վիճակի նկատմամբ…
Մեկ անգամ ևս աղոթենք Տիրոջը, որպեսզի գթա մեզ և փրկության սերմեր ուղարկի երկիր…
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԹՂԹԱԿԻՑ ԱՆԴԱՄ