Լրահոս
Օրվա լրահոսը

«Ենթադրենք՝ հիմա մեր երեքից մեկը վարակակիր է, այս խոսակցության ընթացքում վարակը կտարածվի՞». Նիկոլ Փաշինյանը՝ Տիգրան Ավինյանին և Արսեն Թորոսյանին

Մայիս 03,2020 18:40

«Առաջինը, որ վտանգի տակ ենք դնելու, մեր հարազատներն են»,- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ ֆեյսբուքյան զրույցում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա նշեց՝ եթե պատասխանատու վարքագիծ չդրսևորենք, առաջինը վտանգելու ենք մեր հարազատներին: Նախարարն ասաց՝ հնարավոր չէ բոլորին հետևել՝ արդյոք մեկ- մեկուկես մետր  հեռավորություն պահե՞լ է, թե՝ ոչ, կամ ձեռքերը ախտահանե՞լ է կամ արդյոք ձեռքերը հեռո՞ւ է պահում երեսից:

Խոսելով վերջին օրերին՝ կորոնավիրուսով հիվանդացության բարձր ցուցանիշների մասին՝ Արսեն Թորոսյանն ասաց. «Դա պայմանավորված է տարբեր գործոններով: Մենք ունեցել էինք շարժունակության մեծացում, պայմանավորված էր որոշակի օջախանման դեպքերով, երբ տեսնում ենք՝ կանոնները չեն պահպանվել այնքան, որ հնարավոր լիներ կանխարգելել թե′ հավաքատեղիներում, թե′ արտադրամասերում վարակի տարածումը: Ցավոք, մենք դեռ շարունակում ենք դեպքեր արձանագրել մի հուղարկավորության արարողությունից»:

Արսեն Թորոսյանն ասաց՝ այսօրվա դրությամբ արդեն 65 ծանր դեպք ունենք, 35 ծայրահեղ ծանր, իննին միացված է թոքերի արհեստական շնչառական սարք: Նախարարը հավաստիացրեց՝ այս պահին մեր առողջապահական համակարգը կարող է ակտիվ երեքից չորս հազար դեպք վարել միաժամանակ:

Տիգրան Ավինյանն ու Արսեն Թորոսյանը տեղեկացրին, որ ստեղծված են պրոտոկոլներ արտադրամասերում, գրասենյակային միջավայրում աշխատանքների կազմակերպման համար, նման պրոտոկոլներ կան բոլոր ոլորտների համար:

Նիկոլ Փաշինյանը զրույցի ընթացքում հարցրեց՝  ենթադրենք հիմա մեր երեքից մեկը վարակակիր է, այս խոսակցության ընթացքում վարակը կտարածվի՞: Մենք հիմա նստած ենք ուղիղ եթերում. համաճարակային առումով ճի՞շտ ձևով ենք նստած, Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Մոտավորապես այո: Եթե փակ տարածքում էլ նստած լինեինք, մեր հեռավորությունը բավարար է: Եթե նույն մակերեսներին չդիպչենք, ինձ մոտ եղած վիրուսը չի տարածվի, ապա մենք գրեթե իրար վարակելու շանս չունենք»:

Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց՝ եթե նույն մակերեսներին չդիպչենք, մեր քիթը, բերանը աչքերը չշոշափենք, ապա վարակի տարածումը բացառվում է: Իսկ հազացող կամ փռշտացողը պետք է հատուկ կանոններով փակի բերանը, քիթը ու ամփոփեց. «Ձեռքերի ախտահանելն ամենաառանցքային գործիքն է վարակը կանխարգելելու»:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց, թե ինչպե՞ս պետք է բացառել սրճարաններում վարակի տարածումը: Արսեն Թորոսյանն ու Տիգրան Ավինյանը նշեցին, որ այդ բոլոր կանոնները նշված են պրոտոկոլների մեջ, որ սրճարաններում սպասարկեն դիմակով, ձեռնոցով, նաև խոսվեց մեկանգամյա օգտագործման սպասքի անհրաժեշտության մասին:

Արսեն Թորոսյանն այս առիթով ասաց. «Ինչպես  ՀԴՄ ենք պահանջում, այնպես էլ պահանջենք դիմակներով ու ձեռնոցներով լինեն»:

Նիկոլ Փաշինյանը հետարքրքվեց՝ ո՞նց ենք վերահսկելու, Տիգրան Ավինյանը պատասխանեց. «Արդյունավետ վերահսկողության համար քաղաքացիները պետք է այդ գործընթացի մեջ ներգրավված լինեն: Մեր հիմնական գործիքը տեսչական մարմիններին են, բայց միանշանակ քաղաքացիների կողմից իրականացվող վերահսկողությունն ամենաարդյունավետն է: Տնտեսվարողներին ձեռնտու է այդ կանոններին հետևելը, քանի որ նրա համար մեծ խնդիր է դառնում պոտենցիալ փակման խնդիրը»:

Նաև նշեց, թե օգտակար կլինի այն, որ օրինակ, եթե քաղաքացին տեսնում է, որ այս կամ այն սրճարանում սպասարկում են առանց դիմակ և ձեռնոց, նկարի և տեղադրի համացանցում, որպեսզի մարդիկ իմանան, այդ սրճարան չգնան:

Տիգրան Ավինյանն ասաց, որ մոլերը բացվեն, պարտադրելու են դիմակ և ձեռնոց կրել աշխատակիցներին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031