«Մեր ցանկում մնացել են բացառություններ, որոնց դեպքում սահմանափակումները չեն հանվել»,- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ ֆեյսբուքյան զրույցում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը: Նա պարզաբանեց՝ շարունակվում են կրթության ոլորտի գործունեության սահմանափակումները պահպանվել:
Խոսելով տրանսպորտի սահմանափակումների պահպանման մասին՝ ՀՀ պարետն ասաց. «Շարունակվում է փակ մնալ ամենացավալի ոլորտը: Այնուամենայնիվ, որոշակի կանոններ մշակելուց հետո որոշակի ադապտացիոն շրջանից հետո հնարավորություն կունենանք տրանսպորտը բացել: Շարունակում են փակ մնալ մոլերը, այն վայրերը, որտեղ մարդկանց խոշոր հավաքատեղիներ են հնարավոր, որ կրկին վարակի տարածման հնարավորությունը նվազեցնենք»:
Խոսելով այն մասին, թե ինչ տվեց սահմանափակումների շրջանը մեզ, Տիգրան Ավինյանն ասաց. «Շատ ակնառու պետք է լինի տարբեր երկրների փորձը, որոնք առհասարակ որևէ սահմանափակումների չեն գնացել, և նրանց արձանագրած առողջապահական համակարգի կոլապսը, ինչը մեզ մոտ տեղի չունեցավ: Մենք հասցրինք առողջապահության համակարգը ադապտացնել, զարգացնել: Մենք ի վիճակի ենք ակտիվ դեպքերի մի քանի հազարը սպասարկել»:
Իսկ նոր շրջանի ռիսկերի մասին ՀՀ պարետն ասաց. «Դա շատ կախված է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվությունից և գիտակցությունից: Հնարավորինս հաճախ պետք է լվացվել, ախտահանել ձեռքերը, պահել սոցիալական հեռավորությունը, հստակ կանոններ կան սահմանված տնտեսվարողների համար»:
Կարդացեք նաև
Տիգրան Ավինյանը շեշտեց՝ կան նաև պատժիչ գործողություններ կանոնների չպահպանման դեպքում. «Պոստ ֆակտում այդ պատժիչ գործողությունների իրականացման դեպքում ռիսկը չի նվազի, որ բռնկում տեղի չունենա մի արտադրամասում: Ուստի նաև պետք է անձնական պատասխանատվություն»:
Նիկոլ Փաշինյանն այս առիթով պարզաբանեց. «Մեր նպատակը ոչ թե այն է, որ մարդիկ վարակվեն, գնանք տուգանենք, այլ դա որոշակի կանխարգելիչ դեր կատարի, և մարդկանց զգոնությունը բարձրանա»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ