Լրահոս
Օրվա լրահոսը

Բորիս Նավասարդյան. Եթե շարունակվի այս քաղաքականությունը, մենք կունենանք մոտավորապես նույն  մեդիադաշտը, ինչ առաջ

Մայիս 03,2020 17:42

«Մեր իշխանությունները գնալով ավելի ու ավելի քիչ կարիք ունեն որևէ կողմնակի տեսակետի և կողքից առաջարկների և գնահատականների»,- մայիսի 3-ին՝ Մամուլի ազատության օրը Մեդիա կենտրոնի կազմակերպած առցանց քննարկման ընթացքում ասաց Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը։ 

Հարցին, թե որքանո՞վ է լրագրողների և լրագրողական կազմակերպությունների տեսակետը կարևոր մեդիադաշտի կարգավորման օրենսդրական նախաձեռնությունների հարցում, օրինակ՝ լրագրողական 10 կազմակերպություններ անընդունելի են համարել արդարադատության նախարարության առաջարկը՝ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու, պետբյուջեից սնվող Հանրային հեռուստատեսությանը գովազդ հեռարձակելու իրավունք վերապահելու նպատակով, սակայն կառավարությունը հավանություն է տվել այդ նախագծին, և Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունել է այն, Բորիս Նավասարդյանը պատասխանեց. 

«Դարձել է կարծրատիպ, որ մենք շահել ենք ժողովրդի վստահությունը, մենք ունենք այն մեծամասնությունը, որը մեզ հնարավորություն է տալիս ընդունել ցանկացած որոշումներ, և դա բավարար է, որպեսզի մենք հաշվի չառնենք որևէ այլ կարծիք։ Եվ ցավոք, պրակտիկայում ժողովրդավարության մասին այդ պրիմիտիվ պատկերացումը խորանում է, և դա դրսևորվում է այն օրինագծով, որը բացարձակապես հաշվի չառավ ոչ փորձագետներին, ոչ էլ բուն լրատվամիջոցների ոլորտում պրոֆեսիոնալներին։ Եվ, բնականաբար, այդ որոշումը չի կարող ողջունվել մեր մեդիայի ապագայի մասին մտածողների կողմից, որովհետև քանի որ առանց այն էլ ակնհայտ է, որ բավականին սուղ պայմաններում են աշխատում լրատվամիջոցները, իսկ այս համավարակի հետևանքները նույնպես ծանր են լինելու մեր դաշտի համար։ Եվ որքանով թույլ է տնտեսությունը, այդքանով քիչ են նաև լրատվամիջոցների եկամուտները, իսկ դրանից բխում է նաև նրանց անկախության նկատմամբ բոլոր սպառնալիքները և վտանգները։

Այս պայմաններում կրճատել մասնավոր լրատվամիջոցների այն գովազդային եկամուտները՝ մի մասը տեղափոխելով Հանրային հեռուստառադիոընկերությանը, որը այսօր երևի ամենաբարվոք վիճակում է՝ համեմատած բոլոր լրատվամիջոցների հետ, դա, իհարկե, ողջամիտ քայլ չէր։ Նույնիսկ եթե մասնավոր լրատվամիջոցները այնպիսին չեն, ինչպիսին կուզեն տեսնել մեր իշխանությունները, կամ միգուցե նույնիսկ հասարակության մեծ մասը, դա դեռ չի նշանակում, որ այդ հարցը պետք է լուծել մասնավոր լրատվամիջոցներին թուլացնելու ճանապարհով։ Դրա համար կան շատ ավելի կառուցողական և արդյունավետ ձևեր, որոնք չեն կիրառվում»։ 

Ըստ նրա, նման քայլեր չեն կիրառվել վերջին երկու տարիների ընթացքում. «Եղել են հաջողված կամ ձախողված փորձեր միայն վատթարացնելու իրավիճակը։ Բայց կոնկրետ այս փորձը՝ Հանրային հեռուստառադիոընկերությանը տալ առևտրային գովազդ տարածելու իրավունք, արդեն իրականություն է։ Եվ այն իրականություն է, որը պետք է մեզ բոլորիս մտահոգի»։ 

Բորիս Նավասարդյանը նկատեց, որ այս տարվա Մամուլի ազատության օրվա կարգախոսն է «Մամուլն առանց վախի և բարեհաճությունների». «Դա նշանակում է, որ լրատվամիջոցները չպետք է վախենան, որ իրենց նկատմամբ որոշ շրջանակներ բռնություն կամ ճնշում կգործադրեն, բայց նաև պիտի ազատված լինեն տարբեր տեսակի բարեհաճություններից՝ լինի պետությունից կամ որևէ քաղաքական կամ բիզնես շրջանակներից։ Միայն այդ պայմաններում երևի լրատվամիջոցները կարող են զարգանալ որպես անկախ և շատ կարևոր և օգտակար քաղաքացիական և հասարակական ինստիտուտ։ Եվ այն բարեհաճությունը, որ իշխանությունները դրսևորել են Հանրային հեռուստառադիոընկերության նկատմամբ, հենց այն բարեհաճությունն է, որից մենք պետք է խուսափենք։

Ինչպես նաև պետք է խուսափենք բարեհաճություններից, որոնք կարող են լինել բիզնես աշխարհից, որովհետև եթե երեկ բիզնես աշխարհը հիմնականում և այսօր էլ մեծամասամբ լոյալ է նախկին իշխանություններին, մենք շատ լավ հասկանում ենք, որ շատ արագ դա կարող է փոխվել։ Եվ բիզնես աշխարհը ավելի լոյալ կլինի նոր իշխանությունների նկատմամբ. դա մեր նման երկրներում բիզնեսի առանձնահատկություններից է։ Դա կնշանակի, որ եթե շարունակվի այն քաղաքականությունը, որը իրականում քաղաքականության բացակայություն է, որ իրականացվում է այսօր, դա կբերի նրան, որ մենք կունենանք մոտավորապես նույն  մեդիադաշտը, ինչ առաջ։

Այսինքն՝ ինքն իրականում լոյալ է իշխանություններին, խոսքը առաջին հերթին հեռարձակվող լրատվամիջոցների մասին է։ Եվ այս առումով նույնպես այն օրինագիծը, որը շրջանառության մեջ է մտել՝ տեսալսողական մեդիա ծառայությունների մասին, ես այնտեղ հենց այդ կարգի վտանգներ եմ տեսնում, և խնդիրը խորանում է։ Մեր իշխանությունները պետք է հնարավորինս արագ սթափվեն, կանգ առնեն և ի վերջո հաստատեն կամ ապացուցեն իրենց հավատարմությունը այն հեղափոխական կարգախոսներին, որոնք հնչել են 2018 թվականին»։ 

https://www.facebook.com/mediacenterarmenia/videos/858985274871783

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031