Լրահոս
Օրվա լրահոսը

«Մամեդյարովը շատ խիստ քննադատվում է այս օրերին Ադրբեջանում»

Մայիս 03,2020 17:05

Նրան մեղադրում են անատամ քաղաքականություն վարելու համար

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ապրիլի 28-ին մեկնաբանել է Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունները` արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ՝ մասնավորապես ասելով. «Հակամարտության կարգավորման փուլային տարբերակը, որի մասին հայտարարել է Լավրովը, արդեն մի քանի տարի է, ինչ քննարկման առարկա է բանակցությունների ժամանակ եւ հստակ արտացոլված է համանախագահների հայտարարություններում: Հայկական կողմը խաբում է իր հայրենակիցներին` հայտարարելով, որ արցախյան հակամարտության կարգավորման փուլային տարբերակ չի քննարկվում»:

Մամեդյարովի հայտարարության առնչությամբ «Առավոտ»-ի հետ զրույցում ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթեւիկ Հայրապետյանը շեշտեց. «Նախ նշեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների որեւէ համատեղ հայտարարությունում նման արտացոլում չկա առհասարակ: Ավելին՝ համանախագահների վերջին շրջանի բոլոր հայտարարությունները վերաբերել են գերազանցապես մթնոլորտի առողջացմանը եւ մարդասիրական միջոցառումներին: Դա ամրագրված է նաեւ մամուլի վերջին հաղորդագրությունում: Կարծում եմ՝ Մամեդյարովի այս բավականին ուշ արձագանքը(Լավրովի խոսքին հաջորդել էր մեր ԱԳ նախարարի մեկնաբանությունը) եկավ նրանից, որ Մամեդյարովը շատ խիստ քննադատվում է այս օրերին Ադրբեջանում՝ անատամ քաղաքականություն վարելու համար: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի որոշ պատգամավորներ, որոնք թեեւ անկուսակցական են կամ հանդես են գալիս ոչ որպես իշխող կուսակցության ներկայացուցիչներ, հենց այնպես ելույթներ չէին ունենա: Նրանք խիստ քննադատությունների ենթարկեցին Մամեդյարովին՝ իր քաղաքականության համար, եւ, փոխարենը, գովեստի խոսքեր ստացավ Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Հիքմեջ Հաջիեւը: Կարծում եմ՝ այս ֆոնին է, որ Մամեդյարովը որոշեց հանդես գալ համապատասխան հարցազրույցով՝ կրկին խոսելով նշյալ տարբերակի մասին, բայց վերահաստատում եմ՝ բանակցային սեղանին որեւէ փաստաթուղթ չկա, բայց դրա հետ մեկտեղ՝ փուլային տարբերակը, որն Ադրբեջանն ունի իր մտքում, հայկական կողմի համար անընդունելի է, եւ այդ մասին հստակ նշել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Մեզ համար միակողմանի զիջումների սկզբունքը մերժելի է եւ անընդունելի: Քանի դեռ Ադրբեջանը պատրաստ չէ խոսել փոխզիջումներից, պատրաստ չէ ասել, թե ինչի է ինքը պատրաստ հանուն խաղաղության, մնացած խոսակցությունները դառնում են ավելորդ եւ անկարեւոր»:

Ադրբեջանի ԱԳ նախարարը նաեւ նշել էր, որ արցախյան հակամարտությունը հնարավոր է լուծել բանակցությունների միջոցով, եթե կողմերը դրսեւորեն անհրաժեշտ քաղաքական կամք: Տաթեւիկ Հայրապետյանի խոսքով. «Որպես դիվանագետ, բնականաբար, նա այդպես պետք է ասեր: Նաեւ ասել է, որ Ադրբեջանը չի զլանա ցանկացած մեթոդներով վերականգնել, իր ձեւակերպմամբ, «իր տարածքային ամբողջականությունը»: Այստեղ կիրառել է սպառնալիքի լեզուն, բայց երեք հայտնի սկզբունքներից մեկն ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառումն է: Դա կարեւոր սկզբունք է, որից հետո գալիս են տարածքային ամբողջականությունն ու ազգերի ինքնորոշման իրավունքը: Մամեդյարովն իր խոսքում այդ էլեմենտը թողել է՝ նշելով, որ Ադրբեջանի համար ռազմական գործողությունների գնալն առնվազն բացառված չէ, եւ Ադրբեջանն ունի ցանկություն ու մղում՝ այդ քայլն անելու: Իսկ որպես դիվանագետ, բնականաբար, հույս է հայտնել, որ հնարավոր է խնդիրը լուծել: Պարզապես խնդրի լուծման այն տեսլականը, որն Ադրբեջանն ունի՝ մաքսիմալիստական եւ անիրատեսական, որեւէ կերպ չեն մոտեցնում լուծումներին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031