Լրահոս
Օրվա լրահոսը

COVID-19-ի բռնկումը մեծացնում է կոռուպցիոն ռիսկերը. GRECO-ն՝ խոցելի ոլորտների և անհրաժեշտ քայլերի մասին

Մայիս 03,2020 17:00

Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբն (GRECO) անդամ երկրներին «Կոռուպցիոն ռիսկերը COVlD-19- ի համատեքստում» խորագրով փաստաթղթում ներկայացնում է համավարակի ճգնաժամի պայմաններում կոռուպցիոն դրսևորումներից խուսափելու համար գործիքակազմ: Փաստաթղթի հեղինակն է GRECO խմբի նախագահ Մարին Մրչելայը: Զգուշացվում է՝ անգամ COVID-19-ի ճգնաժամի պատճառով առաջացած արտառոց հանգամանքները չեն կարող հակակոռուպցիոն չափանիշները շրջանցելու կամ դրանցից հրաժարվելու արդարացում լինել:

Որպես կոռուպցիոն երևույթներից խուսափելու հիմնական գործիք՝  GRECO-ն համարում է  թափանցիկությունը և նշում. «Այժմ, ավելի քան երբևէ, մենք պետք է անենք հնարավորը պահպանելու և ուժեղացնելու միջոցառումները, որոնք ուղղված են կանխելու կոռուպցիան և ցանկացած այլ ոչ բարոյական վարքագիծ»:

«Կաշառք բժշկական ոլորտի ծառայություններում խորագրի ներքո» կարդում ենք. «Կոռուպցիոն ռիսկերը կարող են COVID-19-ի դեմ պայքարող հիվանդանոցների և այլ բժշկական կամ բուժական կառույցների համար հիմնական մտահոգության առարկա դառնալ, քանի որ այդ կառույցներն ունենում են աշխատակազմի և սարքավորումների պակաս»:

Կոռուպցիայի նկատմամբ խոցելի մեկ այլ գործընթաց է համարվում COVID-19-ի դեմ դեղամիջոցների և պատվաստանյութերի հետազոտության ու մշակման գործում ներդրումներ անելը: Փաստվում է, որ այս օրերին հետազոտողները և գիտնականները պատրաստվում են COVID-19-ի դեմ դեղամիջոցներ և պատվաստանյութեր մշակել: Հսկայական գումարներ են ներդրվում հետազոտության և մշակման ոլորտում: Հետևաբար խումբը անդամ պետություններին հորդորում է. «Անհրաժեշտ կլինի ուժեղացնել այն պետական կառավարման ինստիտուտների կարողությունները, իրավասությունը և հանրային հաշվետվողականությունը, որոնց վստահված են կարգավորող և վերահսկող գործառույթներ՝ կապված պետական ռեսուրսների կառավարման հետ»:

Ըստ GRECO-ի՝ մասնավոր հատվածը ևս ճգնաժամի ընթացքում առնչվում է կոռուպցիոն ռիսկերի աճի հետ: Մասնավորապես ամրագրված է. «Այս ռիսկերը ներառում են գործընթացը դյուրացնող վճարումները/կաշառքները` առաջ տանելու այն գործընթացները, որոնք կարող են դադարեցվել աշխատակազմի սակավության կամ պետական գերատեսչությունների փակման պատճառով, փաստաթղթերի կեղծումը` պանդեմիայի դեմ պայքարի միջոցառումների համար պետական օգնության սխեմաների պայմանների բավարարման համար, արտադրանքի սերտիֆիկացման պահանջների շրջանցումը, այլընտրանքային մատակարարման ցանցերի սերտիֆիկացման բացակայությունը, նվիրատվությունները, առանձին աշխատողների սխալ վարքագիծը վերահսկելու ռեսուրսների պակասը»:

Անդրադարձ կա նաև պատասխանատվության կանչելու մեխանիզմներին: Մասնավորապես Եվրոպայի խորհրդի ՄԵԴԻՔՐԱՅՄ կոնվենցիան պետություններից պահանջում է քրեականացնել հետևյալ խարդախությունները՝ կեղծված բժշկական ապրանքների արտադրությունը, կեղծված բժշկական ապրանքների մատակարարումը կամ առաջարկը և վաճառքը, փաստաթղթերի կեղծումը, առանց թույլտվության բժշկական ապրանքների և առանց համապատասխանության պահանջներին հետևելու բժշկական սարքավորումների արտադրությունը, պահեստավորումը մատակարարման նպատակով, ներմուծումը, արտահանումը, մատակարարումը, մատակարարման առաջարկ ներկայացնելը, շուկայում թողարկելը»:

Առողջապահական համակարգում անխուսափելի է նաև շահերի բախումը, ինչի մասին GRECO-ն նշում է. «Կարելի է ասել շահերի բախման ավելի մեծ ռիսկերի մասին, երբ առողջապահական կամ տնտեսական շահերը վտանգվում են, օրինակ՝ ընկերների կամ ընտանիքի անդամների համար ծառայությունների մատուցման արտոնյալ պայմանները, հովանավորչությունը, քրոնիզմը, նեպոտիզմը աշխատուժի հավաքագրման ժամանակ և, առհասարակ, առողջապահական աշխատուժի կառավարումը: Այստեղ տեղին են GRECO-ի առաջարկությունները աշխատուժի՝ արժանիքների վրա հիմնված հավաքագրման և առաջխաղացման, աշխատանքային պայմանների և միջոցների, վարքագծի կանոնների և շահերի բախման կանխարգելման/բարեվարքության ամրապնդման մեխանիզմների վերաբերյալ»:

GRECO-ն համարում է՝ կոռուպցիոն դեպքերի մասին ազդարարումը կարող է առանցքային նշանակություն ունենալ պետական և մասնավոր հատվածի կոռուպցիայի դեմ պայքարում, ինչպես նաև առողջապահության ոլորտում սխալ կառավարման խնդիրների լուծման հարցում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031