Եվրոպայի խորհուրդն անհանգստացած է COVID-19 համավարակի ճգնաժամի օրերին երեխաների իրավունքների պաշտպանությամբ: Մասնավորապես Լանզարոտի կոմիտեի նախագահի և փոխնախագահների հայտարարությամբ կոչ է արվում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել համավարակի ընթացքում սեռական շահագործումից և չարաշահումից երեխաների պաշտպանության հարցում:
Լանզարոտի կոմիտեի նախագահի և փոխնախագահների հայտարարության մեջ ամրագրված է. «Պետությունները պետք է երաշխավորեն բոլոր երեխաների մեկուսացումն ապահով միջավայրում: Փաստաթղթում մտահոգություն կա. «Քանի որ գնալով ավելի շատ երկրներ են փակվում, ցավալի փաստ է, որ բազմաթիվ երեխաներ՝ հատկապես մտավոր կամ ֆիզիկական հաշմանդամության կամ կախվածության պատճառով խոցելի իրավիճակում գտնվող երեխաները, հայտնվում են ծուղակում իրենց նկատմամբ չարաշահում գործադրած անձանց հետ, լինի տանը, թե՝ տնից դուրս, փախստականների ժամանակավոր ճամբարներում կամ հաստատություններում, որտեղ նրանք զրկված են ազատությունից»:
Անդրադարձ կատարելով այն փաստին, որ մեկուսացման միջոցառումների արդյունքում երեխաներն ավելի շատ են լինում առցանց և կախված են սոցիալական մեդիայից՝փաստաթղթում մտահոգություն կա. «Մեծ թվով երեխաներ կարող են ենթարկվել առցանց գրումինգի և դառնալ սեռական շորթման, կիբեռբուլինգի կամ սեռական շահագործման այլ դրսևորման զոհ, ինչին նպաստում են տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները»:
Փաստաթղթում շեշտվում է, որ COVID-19 համավարակի դեմ պայքարում չպետք է մոռանալ, որ երեխաների նկատմամբ բռնությունը մեկ այլ համավարակ է, որից տուժում են միլիոնավոր մարդիկ։ Ուստի ԵԽ-ն անդամ պետություններին խստորեն կոչ է անում. «Երաշխավորել, որ երեխաները տեղեկացված լինեն սեռական բռնությունից պաշտպանության իրենց իրավունքի և այդ նպատակին հասնելու համար առկա ծառայությունների և միջոցների մասին»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ