Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդու առողջության պահպանման «կանաչ» գործոնը․ հարցազրույց Քրիստինա Վարդանյանի հետ

Մայիս 03,2020 23:00

Aravot.am-ի «Առողջ առավոտ» նախագծի շրջանակում զրուցել ենք Երևանի պետական բժշկական համալսարանի կանաչապատման, բարեկարգման խմբի ղեկավար, Հիգիենա և էկոլոգիա ամբիոնի ավագ դասախոս, բ.գ.թ., դոցենտ Քրիստինա Վարդանյանի հետ։

-Տիկին Վարդանյան, բժշկության ոսկե կանոնը շատ պարզ է հնչում ավելի լավ է կանխարգելել հիվանդությունները, քան դրանք բուժել։ Իրականում, սակայն, ամեն ինչ այնքան էլ պարզ չէ հիվանդությունների կանխարգելումը մի շարք գործոններից է կախված որոնցից մեկն էլ, ինչպես դուք եք նշում, կանաչ առողջապահությունն է։ Եթե փորձենք մանրամասնել՝ ի՞նչ ազդեցություն ունի շրջակա միջավայրը մարդու առողջության վրա։

-Այո, իրավացի եք, հավելեմ, որ ինչքան ավելի հարուստ է պետությունը, այնքան ավելի մեծ միջոցներ են ուղղվում բժշկության կանխարգելիչ ճյուղի զարգացման վրա՝ ստանալով անհամեմատ ավելի մեծ վերջնական արդյունք, պահպանելով հազարավոր կյանքեր։ Ինքս բուժական ոլորտից եմ եկել կանխարգելիչ՝ պարզ գիտակցելով, որ կարարած աշխատանքներիս շնորհիվ ավելի գլոբալ հարցեր կարող եմ լուծել ազգաբնակչության առողջության պահպանման համար։

Ըստ ԱՀԿ-ի՝ մարդու առողջությունը պայմանավորված է 4 գործոնով՝ կենսակերպ, շրջակա միջավայր, ժառանգականություն և առողջապահական ծառայությունների որակ։ Շրջակա միջավայրի ազդեցության բաժնեմասը կազմում է 20 տոկոս:

Կանխարգելիչ բժշկության հիմնական ճյուղերից մեկը, որն ուսումնասիրում է քաղաքային և գյուղական վայրերի բնական և մարդու տնտեսական գործունեության հետևանքով ստեղծված գործոնների ազդեցությունն օրգանիզմի վրա, կոչվում է կոմունալ հիգիենա: Այլ խոսքով, դա բնակավայրերի հիգիենան է։ Այս բաժնի խնդիրների վերլուծությունը հիմք է հանդիսանում հիգիենիկ նորմատիվների և սանիտարական կանոնների մշակման համար, արդյունքում ստեղծվում են բնակչության կյանքի համար առողջ շրջակա միջավայր և բարենպաստ պայմաններ։

Բժիշկ-հիգիենիստը տիրապետում է կոմունալ հիգիենայի բոլոր բաժիններին (բնակավայրերի կառուցապատում, կանաչապատում, խմելու ջուր, տնտեսա-կենցաղային ջրամատակարարում, մթնոլորտային օդ, հողի և ջրային օբյեկտների սանիտարական պահպանություն, արևային ճառագայթում և այլն)։ Յուրաքանչյուր բնակավայրը բաղադրատարրերի (արդյունաբերական, բնակելի, տրանսպորտային, մշակութային, կենցաղային) բարդ համալիր է, որը պետք է ունենա խելամիտ տարածքային տեղադրում և գործնականորեն լինի փոխկապակցված։ Բացի այդ, քաղաքային բնակավայրերը պետք է առավելագույնս բարեկարգ լինեն, իսկ տարբեր կոմունիկացիաները և տարածքը պետք է համապատասխանեն բնակչության առողջության պահպանման հիգիենիկ պահանջներին։ Դա հնարավոր է հատուկ մշակված հատակագծման և սանիտարահամաճարակային ծառայության մարմինների համապատասխան վերահսկման դեպքում միայն։

Պայմանավորված համատարած ուրբանիզացիայով՝ քաղաքների գերբնակեցվածությունը և շրջակա միջավայրի աղտոտումը մտահոգիչ չափերի է հասնում։ Ամբողջ աշխարհում դիտվում է ազգաբնակչության առողջության ցուցանիշերի վատթարացում։

Այսօր օդի ավազանի խնդիրները առողջապահության կազմակերպիչների ուշադրության կենտրոնում են: Ըստ ԱՀԿ-ի զեկույցների, սա անտեսանելի, բայց մահացու վտանգավոր գործոն է, քանի որ թոքի քաղցկեղի մահվան դեպքերի 29%-ը, կաթվածների 24%-ը, սրտի հիվանդությունների 25%-ը և թոքերի հիվանդությունների 43%-ը պայմանավորված է օդի ավազանի աղտոտմամբ։ Չեմ կարող չնշել դարի չարիք հանդիսացող և առողջությանը վնասող աղմուկը։

Տասնամյակներ առաջ նոբելյան մրցանակակիր Ռոբերտ Կոխը, ով հայտնաբերեց տուբերկուլոզի, խոլերայի և սիբիրյան խոցի հարուցիչները, կանխատեսում էր, որ «կգա ժամանակ, երբ մարդկությունը կպայքարի աղմուկի դեմ այնպես, ինչպես հիմա պայքարում ենք ժանտախտի և խոլերայի դեմ»։ Այսօր նրա կանխատեսումները իրականություն են դառնում, քանի որ մարդու համար բարեհարմարության մակարդակը կազմում է 45 ԴբԱ, իսկ՝ օրինակ, աշխույժ մայրուղիների շրջանում, մակարդակը  կրկնակի ավելի է և այդ տարածքում բնակչություն է ապրում։ Նշեմ, որ այս գործոնը առաջին հերթին ազդում է նյարդային համակարգի վրա՝ խաթարելով ամբողջ օրգանիզմի բնականոն գործունեությունը։

Մեզ համար բավական մեծ ռիսկի գործոն է հավելյալ արևային ճառագայթումը, քանի որ հարավային երկիր ենք և գտնվում ենք ծովի մակարդակից բավական բարձր, նաև շատ կարևոր է քաղաքում ջերմային կղզիների (լճերի) առաջացման հարցը։

Կարելի է անվերջ խոսել հիգիենիկ ռիսկերի մասին, բայց ես ավելի կողմնակից եմ խոսել այս ռիսկերը նվազեցնելու  և կառավարելու մասին։

Միշտ նշում ենք, որ կանաչապատումը միջավայր ստեղծելու գործիք է, քանի որ չկա այդպիսի միջավայրային գործոն, որի վրա այն չի ազդում։ Միկրոկլիմայական ցուցանիշերի առումով՝ այն իջեցնում է օդի ջերմաստիճանը, օդի շարժման արագությունը, ճառագայթային ջերմաստիճանը, արևի ճառագայթների ինտենսիվությունը, բարձրացնում է օդի հարաբերական խոնավությունը։ Բայց պետք է հասկանալ, որ ցանկացած գործիք անհրաժեշտ է գրագետ կիրառել, որպեսզի չառաջանան անբարենպաստ էֆեկտներ։

Կանաչապատման մեջ չպահպանելով հիգիենիկ ստանդարտները՝ տնկման խտություն, տեսակային կազմ, հերթականություն, ծառ/թուփ հարաբերակցություն, տերևավոր/փշատերև և այլն, կարելի է խաթարել օդի շարժը, ստեղծել հավելյալ խոնավություն և առաջացնել խնդիրներ։ Ասածիս վառ օրինակն է վերջերս  կանաչ ծառի ժամանակավրեպ էտման աղմկահարույց գործընթացը։ Շենքին երեք մետրից մոտ ծառ տնկելը ճիշտ չէ, քանի որ հետագայում արմատները վնասում են հիմքը, իջեցնում լուսավորությունը, ինսոլյացիան և մարդու առողջության համար խնդիրներ են առաջացնում՝ վիտամին D-ի սինթեզի, օդի մանրէազերծման և այլ առումներով։

-Ինչպիսի՞ն է պատկերը մեր երկրում արդյո՞ք մենք կարողանում ենք պահպանել կանաչ առողջապահության հիմունքները։

-Այս տարի տնտեսական միջազգային համաժողովին զեկուցվեց, որ ներդնելով մեկ ֆունտ կանաչապատման մեջ՝ երկիրը տնտեսում է յոթ ֆունտ առողջապահական և շրջակա միջավայրի ծախսերից։ Կանաչապատումը ոչ թե ավելորդ  ծախս է քաղաքային բյուջեի համար, այլ ներդրում է ազգաբնակչության առողջության մեջ, քանի որ ապացուցված է կանաչապատման խիստ դրական ազդեցությունը մարդու  առողջության վրա։ Սա կանխարգելիչ բժշկության տիրույթում գտնվող հարց է։

Մենք շատ երկար ճանապարհ ունենք անցնելու, մինչև հասկանանք, որ գործիքը ճիշտ կիրառելու համար մասնագետներ են պետք։ Խորհրդային Միության ժամանակ Հայաստանում հսկայածավալ կանաչապատման աշխատանքներ իրականացվեցին։ Լանջերի կանաչապատման համար մեր մասնագետները Լենինյան մրցանակ ստացան, քանի որ նման թեքության և սակավ հողի պայմաններում կատարվեց նախադեպը չունեցող աշխատանք։ Լանջերի կանաչապատման վերականգնումը  շատ կարևոր է, քանզի ի զորու է լուծել օդի ավազանի մաքրման և միկրոկլիմայական բարեհարմարության հարցերը։

Մեկ տարի առաջ ինձ հրավիրեց Երևանի քաղաքապետը, և մենք շատ երկար զրույց ունեցանք քաղաքի կանաչապատման խնդիրների շուրջ։ Փորձեցի մասնագիտորեն ներկայացնել մեր գործող համակարգի թերությունները և գիտականորեն հիմնավորված և աշխարհում կիրառվող քաղաքի կանաչապատման մոդելները։

Քաղաքապետը ինձ առաջարկեց ղեկավարել Բնապահպանության վարչությունը, բայց անձնական պատճառներով չեմ կարողացել ստանձնել այդ պատասխանատվությունը։ Սակայն դա չի խանգարել անշահախնդիր աշխատել մեկ տարի, կազմել եռամյա ծրագիր, որը իմ թեկնածուական թեզի շարունակությունն է և օգնել քաղաքին կանաչապատմանը վերաբերվող հարցերում։

Հետագայում քաղաքապետը որոշում կայացրեց ստեղծել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը և այսօր Երևանը ունի այն, ինչին ձգտում են հետխորհրդային բոլոր երկրները։

Մեր կողմից քաղաքապետարանին ներկայացված ծրագրով այս տարի կատարվեցին հետևյալ քայլերը՝ լրացվեց քաղաքում կիրառվող ծառերի և թփերի տեսականին, մեծ զարկ տրվեց կանաչ ցանկապատերի, ծաղկող թփերի մշակույթին, ավելացան մշտադալար տեսակները, արգելվեց ծառերի բների կրապատումը, Ռուսաստանի իմ կոլեգաների հետ փետրվարին կազմակերպեցինք դասընթացներ աշխատակիցների համար։

Սակայն պետք է պարզ գիտակցել, որ ժառանգություն ստացած Ստրադիվարիուսի ջութակը միայն վարպետի ձեռքում է հանճարեղ ձայն ստեղծում։

Մեզ շատ մեծ մասնագիտական օգնություն է անհրաժեշտ այն երկրներից, որտեղ լավագույն մասնագիտական դպրոցներ կան՝ Ռուսաստան, Ուկրաինա, բավարար միջոցների դեպքում նաև Արևմուտքից։ Կանաչապատումը մուլտիդիսցիպլինար ոլորտ է, որտեղ տարբեր մասնագետներ են միջավայր ստեղծում՝ առողջապահության կազմակերպիչներ, դենդրոլոգներ, կենսաբաններ, գյուղատնտեսներ, բույսերի պաշպանության մասնագետներ, լանդշաֆտային ճարտարապետներ, դիզայներներ և այլն։ Այսինքն այստեղ շատ մեծ է կառավարչի դերը, որ կարողանա բոլոր մասնագետներին միավորել։

-Այս օրերին, ով չի զլանում, խոսում է բնության «զայրույթի» մասին, այն մասին, որ նոր կորոնավիրուսը բնության «պատասխանն էր» մարդկանց՝ բնության հանդեպ անփույթ ու անխնա վերաբերմունքի կա՞ արդյոք ճշմարտության մասնիկ այս ձևակերպումներում։ Եթե այո՝ ապա ինչպիսի առաջնահերթություններ պիտի դրված լինեն մարդկության (մեր երկրի) առջև։ Օդի աղտոտվածության մակարդակի և նոր կորոնավիրուսի տարածման միջև կապ կա՞ կատարվե՞լ են արդյոք հետազոտություններ այս ուղղությամբ։

-Կորոնավիրուսի համավարակը պարզ ցույց տվեց, որ աղտոտված տարածքներում ավելի հաճախ գրանցվեցին հիվանդության ծանր ձևերը և բարդությունները, ինչպես նաև ավելի բարձր էին մահացության ցուցանիշները։ Այս տվյալները հրապարակվեցին Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Միացյալ Նահանգների գիտական դպրոցների կողմից։ Ըստ տպագրված աշխատանքների՝ այս երևույթը ունի երկու բացատրություն, նախ՝ փոշին նպաստում է վիրուսի տարածմանը, երկրորդ՝ աղտոտված տարածքում ապրող բնակչությունն արդեն իսկ ռիսկի խմբում է շնչառական համակարգի խնդիրներ ունենալու առումով։

Երևանի համար ամենագլխավոր աղտոտիչը ավտոտրանսպորտն է, ինչպես նաև քաղաքում գործող հանքերը։ Այստեղ պետական լուրջ ծրագրերի և ներդրումների անհրաժեշտություն կա։ Ըստ իս, ամենագլխավոր հարցը տրանսպորտային ռեֆորմն է, հնամաշ ավտոբուսների, գազելների, ավտոմեքենաների հետ կապված խնդիրների լուծումը, որը գլոբալ առումով դրականորեն կազդի քաղաքի առողջության վրա։ Հաջորդ կարևոր խնդիրը ես իհարկե համարում եմ քաղաքի լանջերի կանաչապատման վերականգնումը, նոր անտառային տարածքների ստեղծումը, ջրային մակերեսների ավելացումը, հեծանվային ուղիների ստեղծումը և այլն։

-Տիկին Վարդանյան, կարծում եմ՝ ոչ ոքի համար նորություն չէ, որ նոր կորոնավիրուսը ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին անծանոթ «փորձությունն» է, որը հանդիպելու է մարդու ճանապարհին, ինչպե՞ս սովորել ապրել այս մոլորակում այսքան ծանոթ ու անծանոթ «էակների» հետ։

-Նոր չէ, որ մենք պետք է հարմարվենք մանրեների և վիրուսների հետ ապրել։ Մարդկությունը իր պատմության ընթացքում միշտ հաղթահարել է տարբեր տիպի համավարակներ, ընդ որում շատ ավելի վտանգավոր՝ ժանտախտ, խոլերա, «իսպանկա» կոչվող գրիպը և այլն։ Մենք պետք է հասկանանք, որ Երկիր մոլորակը նրանց նույնպես պատկանում է, պետք է ընդունենք համակեցության օրենքները և առաջ շարժվենք՝ պահպանելով զգուշության խելամիտ սահման։ Ասածս վերաբերվում է ոչ միայն մանրէներին։

Մարդը պարտավոր է հարգել բնության մեջ ապրող բոլոր տեսակները, այլ ոչ թե միշտ հանդես գալ սպառողի կարգավիճակում, այլապես բնության աղետները անխուսափելի են, որոնց դիմակայել նա ուղղակի ի վիճակի չէ։

-Եվ վերջում՝ խնդրում եմ նշել մեկ կարևոր հայտնագործություն բժշկության ոլորտում, որը հիմնովին փոխեց մարդկության կյանքը։

-Կարծում եմ՝ դա հակաբիոտիկների հայտնաբերումն էր, որը շատ մեծ քայլ էր մարդկային կյանքեր փրկելու համար։ Սակայն չեմ կարող չնշել նաև պատվաստումների, ցավազրկման, ռենտգեն ճառագայթների հայտնաբերումը և այլն։

Զրույցը վարեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anonymous says:

    Կարդացի և մեծ հաճույք ստացա …
    Շնորհակալություն! Եվ հատուկ շնորհակալություն ոլորտի Մասնագետին!

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031