Լրահոս
Օրվա լրահոսը

«Նաիրին մատներին թելեր ունի եւ խաղացնում է մատները»

Մայիս 03,2020 12:14

Վանո Սիրադեղյանից մինչեւ Սամվել Բաբայան, Նաիրի Հունանյանից մինչեւ Ալեքսան Հարությունյան, Գառնիկ Անանյանից մինչեւ Նիկոլ Փաշինյան, Աշոտ Բլեյանից մինչեւ Տիգրան Նաղդալյան. ինչ էր գրում «Առավոտը» 20 տարի առաջ մարտի 1-10-ին։

2000թ. մարտի 1-ի «Առավոտի» առաջին էջի «Բարի լույս» խորագիրը տեղեկացնում էր, որ տեղի է ունենալու «Գրանդ Տոբակոյի» եւ Լորիս Ճգնավորյանի ասուլիսը: Երեւանում + 2 աստիճան էր ջերմաստիճանը, 1 դոլարը` 525-530 դրամ:

Այդ օրը տեղեկացնում ենք ԱՄՆ պետդեպի մարդու իրավունքների վիճակին վերաբերող զեկույցի մասին, որտեղ Հայաստանը բարենպաստ գույներով էր նկարագրված, եւ որպես բացասական երեւույթ հիշատակվում են խախտումները նախագահական ընտրությունների ժամանակ, Աշոտ Բլեյանի, «Օրագրի» («Հայկական ժամանակ»). «Հետաքրքիր է, որ զեկույցում թերթը բնորոշվում էր որպես «սենսացիաներին հակված քաղաքական տաբլոիդ»:

Ն

Որոշ ընդմիջումներից հետո սկսել էր լույս տեսնել «Ռեսպուբլիկա Արմենիի» ռուսալեզու թերթը. նրա պարտքը այդ ժամանակ տպարաններին կազմել էր 22,5 միլիոն դրամ: Գլխավոր խմբագիր նշանակված Վարդան Ալոյանը հայտնել էր, որ պայմանավորվածություն կա «Տիգրան Մեծ» տպարանի հետ՝ մի քանի համար տպագրելու:
Դատարանում էր Աշոտ Բլեյանի գործը: Նախաքննության մարմնի կողմից տուժող ճանաչված անձինք պնդել էին, որ իրենք իրենց տուժող չեն համարում, եւ խարդախության դրվագով կրթության եւ գիտության նախկին նախարարին սպառնում էր մինչեւ տասներկու տարվա ազատազրկում:

«Պետությունն առանց մեկ դրամ ծախսելու դպրոցի «տանիք» է ստացել եւ մեղադրում է այդ դպրոցի տնօրենին տանիք կառուցելու համար»,-գրում էր «Առավոտը»:
Մեկ օր առաջ տեղի ունեցած դատավարության ժամանակ Ա. Բլեյանը դիմել էր դատարանի դահլիճում գտնվողներին, ասելով` «Ես պահանջում եմ չգաք դատարան, գարուն է` զբաղվեք երեխաներով ու դպրոցով»: Իսկ հաջորդ օրվա նիստի ժամանակ Ա. Բլեյանը դատարանում ասաց. «Քանի որ մեկ օրը իմ դատաքննության վրա ծախսվում է հինգ հարյուր դոլար. առաջարկում եմ պետբյուջեից ՆԳՆ-ին տրամադրվող գումարներից պակասեցվի կալանավորների պահպանման համար հատկացված այս ծախսերը եւ դրանք տրամադրվեն կրթության եւ գիտության ոլորտին»:

Նույն օրվա թերթում անդրադարձ կար «Երեւան» հյուրանոցն իտալացիներին տալու մասին՝ «Հայը թույլատրում է իտալացուն, իտալացին կպատժեր հային» վերնագրով: Իրավունքների հետ կապված խոսք էր գնացել «Ռենկո» կազմակերպության մասին, որն իրականացրել էր նախագիծ` կցակառույցներով, հեղինակային հսկողության խախտմամբ: Իսկ քաղաքաշինության խորհրդում այդ ժամանակ չէր նշվել իրական նախագծի հեղինակի անունը:
Երեւանի դատախազություն էին դիմել Նոր Նորքի թաղապետական ընտրություններին հանձնաժողովի անդամներից մեկի` Հրաչյա Աբրահամյանի հարազատները, որոնք պահանջել էին լրացուցիչ փորձաքննություն նրա առողջական վիճակի հետ կապված:

Հացադուլ էր հայտարարել «Հոկտեմբերի 27-ի գործով» մեղադրվող, ՀՀ նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Ալեքսան Հարությունյանը, որի հայտարարությունը մարտի 2-ին տարածած «Առավոտը» տեղեկացնում էր. «Ես պատանդ եմ քննչական խմբի ձեռքին, եւ չեմ ուզում մասնակցել խմբի զառանցանքին»: Ա. Հարությունյանի պաշտպաններ Ռուբեն Ռշտունին եւ Ռուբեն Սահակյանը ասուլիս էին հրավիրել: Փաստաբաններն այդ օրն ասացին. «Նաիրին մատներին թելեր ունի եւ խաղացնում է մատները:

Ծուղակն են ընկել քննչական խմբի անդամներն այդ մարդու ձեռքին: Ծուղակն են ընկել իրենց գործողությունների պատճառով, որ մարդկանց են կալանավորել ու չեն կարողանում հանցանքն ապացուցել»:

«Արմենթելի» հետքերով խորագրի ներքո (մարտի 4) տեղեկանում ենք, որ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը գնացել է Անգլիա, եւ նրա այցը պայմանավորված էր նրանով, որ TWT-ին դիմել էր արբիտրաժային դատարան` Հայաստանում դատաքննությունը տանուլ տալուց հետո:
Նույն օրը լրատվամիջոցը տեղեկացրել էր, որ ՀՀԿ խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանը, ՀԺԿ նախագահի պաշտոնակատար Ստեփան Դեմիրճյանը միասնություն դաշինքի ստորագրած հայտարարությամբ պահանջում են անհապաղ հրաժարական տալ անվտանգության քարտուղար Սերժ Սարգսյանին, ՀԱՀ տնօրեն Տիգրան Նաղդալյանին:

Երեքշաբթի` մարտի 7-ին տեղեկացնում ենք` Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ, գտնելով, որ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը կատարում է քաղաքական պատվեր, քանի որ չի արձագանքել «Հոկտեմբերի 27-ի գործով» պաշտպաններ Սահակյանի եւ Ռշտունու մամուլի ասուլիսում հնչեցրածին: Կար ՀՅԴ Գերագույն մարմնի հայտարարությունը, ուր մասնավորապես ասվում էր. «Ցանկացած իրավաբանական վեճի ժամանակ քաղաքական շրջանակներն իրավունք չունեն դատավորի կեցվածքով հանդես գալ»:

Մարտի 8-ի «Առավոտն» էլ թեժ լուրով սկսվեց. «Միասնություն» դաշինքի պատգամավորներից մեկի վկայությամբ, փաստ է արձանագրվել, որ «Հոկտեմբերի 27-ի գործով» կալանավորված Ալեքսան Հարությունյանն օգտվել է ԱԱՆ մեկուսարանի պետի կառավարական հեռախոսից: ԱԱՆ պետ Կառլոս Պետրոսյանն «Առավոտին» խոստացավ ավելի ուշ անդրադառնալ այս եւ ԱԱՆ-ի շուրջ ասեկոսեներին»:
ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանն այդ օրերին բուժվում էր Երկաթգծի հիվանդանոցում:

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Գառնիկ Անանյանը Տիգրան Նաղդալյանի հրաժարականի պահանջի հետ կապված ասել էր. «Միասնություն» դաշինքը ցանկանում է «Լինչի դատաստան» տեսնել»: Ի դեպ, լրագրողական մի շարք կազմակերպություններ` ՀԺՄ-ն, ԵՄԱ-ն, Մամուլի ազգային ակումբը, Հայաստանի ԶԼՄ-ների ընկերակցությունն իր մտահոգությունն էր հայտնել: Լրագրողների տեսակետները տարբեր էին:
Մարտի 9-ին նշանակվել էր Վահան Հարությունյանի, Վանո Սիրադեղյանի եւ տասի գործով դատաքննությունը:

ԱԺ պատգամավոր Մուշեղ Մովսեսյանի պաշտպանը` Կրոմվել Գրիգորյանը հանդես եկավ հայտարարությամբ`«Մուշեղ Մովսեսյանին դրդում են ինքնասպանության», գրել էր. «Երբ փետրվարի 29-ին առաջին օրը ինձ տարան զինդատախազություն, ես պահանջեցի պաշտպանիս: Քննիչները ձեռ առնելով պատասխանել են`պաշտպանիդ սպանել են»:
Հաջորդ օրը Գագիկ Ջհանգիրյանի ասուլիսն էր…

(շարունակելի)

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031