Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Կառավարության՝ արտակարգ իրավիճակի վերաբերյալ հրամաններ արձակելու լիազորությունը չպետք է հանգեցնի նրան, որ նա օրենսդիրից ստանա քարտ-բլանշ. ԵԽ

Մայիս 03,2020 11:35
evroxorhurd

Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) COVID-19 համաճարակի արձագանքման գործողությունների շրջանակներում անդամ պետություններին առաջարկում է գործիքակազմ: ԵԽ-ի պատրաստած փաստաթղթերը վերաբերում են ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը, կանանց, փոքրամասնությունների իրավունքներին:

«Ժողովրդավարության, օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների պահպանումը COVID-19 սանիտարական ճգնաժամի շրջանակներում» փաստաթղթում ներկայացված է գործիքակազմ անդամ  պետությունների համար, որպեսզի նրանք COVID-19 համավարակի հետ կապված խնդիրներն այնպես լուծեն, որ պահպանվեն ժողովրդավարության, օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների հիմնարար արժեքները:

Այս փաստաթղթում ԵԽ-ն հորդորում է անդամ պետություններին արտակարգ իրավիճակներում չշեղվել պարտավորություններից և զգուշացնում. «Պարտավորություններից ցանկացած շեղում կգնահատվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից այն գործերով, որոնք կներկայացվեն դատարան»:

Արտակարգ դրության հետ կապված նշվում է, որ պետք է խուսափել գործադիր իշխանության՝ անսահմանափակ լիազորությունների տրամադրումից ու ամրագրվում. «Նույնիսկ արտակարգ իրավիճակի ժամանակ օրենքի գերակայությունը պետք է ունենա գերակա նշանակություն: Օրենքի գերակայության հիմնարար սկզբունքն այն է, որ պետության գործողությունները պետք է լինեն օրենքին համապատասխան»: ԵԽ-ի մշակած փաստաթղթում կա զգուշացում, որ կառավարության՝ արտակարգ իրավիճակի վերաբերյալ հրամաններ արձակելու լիազորությունը չպետք է հանգեցնի նրան, որ գործադիր մարմինն օրենսդիր մարմնից ստանա գործելու անսահմանափակ իրավասություն (քարտ-բլանշ). «Հաշվի առնելով ճգնաժամի արագ եւ անկանխատեսելի զարգացումը՝ կարող է անհրաժեշտ լինել օրենսդիր իշխանության համեմատաբար լայն շրջանակի պատվիրակում, սակայն դա պետք է ձեւակերպվի տվյալ հանգամանքներում հնարավորինս նեղ իմաստով, որպեսզի նվազեցվի չարաշահման ցանկացած հավանականություն: Որպես ընդհանուր կանոն, արտակարգ դրության ընթացքում պետք է ժամանակավորապես դադարեցվեն իրավական հիմնարար բարեփոխումները»:

«Ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքը եւ արդար դատաքննության իրավունքը» խորագրի ներքո ամրագրված է. «Վարակիչ հիվանդությունների տարածումը կանխարգելելն այն հիմքերից մեկն է, որով անձը կարող է զրկվել ազատությունից։ Նախքան այս միջոցառումներին դիմելն ակնկալվում է, որ պետությունները կապահովեն համապատասխան իրավական հիմքի առկայությունը եւ կդիտարկեն այն հարցը, թե արդյոք ազատությունից զրկման ձեւով միջոցառումները, ի տարբերություն ավելի մեղմ այլընտրանքային տարբերակների, խիստ անհրաժեշտ են։ Հարկադիր մեկուսացման տեւողությունը եւ գործնականում դրա իրականացման եղանակն այս համատեքստում կարեւոր են»:

Թեև ԵԽ-ն նշում է, որ ԶԼՄ-ները շատ դեպքերում պետք է հրաժարվեն սահմանափակ օգտագործման համար նախատեսված իրենց ունեցած բացառիկ տեղեկատվությունից՝ խուճապ չառաջացնելու համար, բայց միևնույն ժամանակ զգուշացնում. «Պաշտոնական հաղորդակցությունները չպետք է լինեն համավարակի վերաբերյալ տեղեկությունների փոխանցման միակ ուղին։ Սա կհանգեցնի գրաքննության եւ հիմնավոր մտահոգությունների ճնշման։ Լրագրողները, լրատվության միջոցները, բժիշկ-մասնագետները, քաղաքացիական հասարակությունը եւ ընդհանուր առմամբ հանրությունը պետք է կարողանա քննադատել իշխանություններին եւ հանգամանորեն ուսումնասիրել նրանց արձագանքը ճգնաժամին: Որոշակի թեմաների նկատմամբ նախապես սահմանված ցանկացած սահմանափակում, ԶԼՄ փակումը կամ հաղորդակցության առցանց հարթակների հասանելիության ուղղակի արգելափակումը ենթադրում են առավել մանրամասն ուսումնասիրություն, եւ դրանք հիմնավոր են համարվում միայն բացառիկ հանգամանքներում: Համավարակը չպետք է օգտագործվի ազդարարներին (տե՛ս «Ազդարարների պաշտպանության մասին» CM/Rec(2014) առաջարկությունը) կամ քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու համար»։

Անձնական տվյալների պաշտպանությանը ևս անդրադարձ կա: Կարդում ենք հետևյալ զգուշացումը. «Ժամանակակից տեխնոլոգիաների՝ անձանց կյանք ներթափանցելու հնարավորությունը չպետք է թողնել առանց հսկողության եւ անձնական կյանքը հարգելու անհրաժեշտության նկատմամբ հավասարակշռության հաստատման»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031