Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Պարետատան՝ սահմանափակումների թուլացման որոշումը ռիկայի՞ն է, թե ոչ. մասնագետների դիտարկումները միանշանակ չեն

Մայիս 03,2020 10:49

Պարետատան՝ մայիսի 4-ից ՀՀ-ում քաղաքացիների ազատ տեղաշարժման սահմանափակման վերացման մասին որոշումից հետո քննարկվում է այն հարցը՝ արդյոք դա ռիսկային չէ՞, և հնարավո՞ր է դրանից հետո կորոնավիրուսի հիվանդացության դեպքերը կտրուկ աճեն:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում մտահոգություն հայտնեց, թե «վերաբացվելու» դեպքում այս շաբաթների քայլերի արդյունքն էլ կարող է ամբողջությամբ չեզոքացվել և իմաստազրկվել»:

Aravot.am-ը փորձեց մասնագետներից պարզել՝ պարետատան որոշումը ռիսկայի՞ն է, թե՞ ոչ:

Ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է իմաստազրկվեն ամբողջ կատարված քայլերը, և իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, նա հարցով պատասխանեց. «Իսկ ի՞նչ արդյունքի մասին ենք խոսում: Ո՞նց կարող է իրավիճակը վերահսկողությունից դուրս գալ, եթե այն արդեն վերահսկողությունից դուրս է»:

Նա հիշեցրեց, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է՝ վարակի տարածումը դուրս է վերահսկողությունից և ասաց. «Այս պարագայում ամբողջ ռեսուրսը պետք է փորձել կենտրոնացնել բուժման գործընթացի վրա: Յուրաքանչյուր հիվանդանոց պետք է ունենա կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված առանձին բաժանմունք»:

Խոսելով մայիսի 4-ից սահմանափակումների հանման մասին՝ նա ասաց. «Տրանսպորտը չի աշխատելու: Մարդիկ ո՞նց են աշխատանքի հասնելու: Շատ մարդ չի էլ հասնելու  աշխատանքի: Սա հերթական տնազն է ինչ-որ բանի, ինչն անիմաստ է: Սահմանափակումների վերացում պետք էր անել երկու-երեք շաբաթ առաջ և ամբողջ ներուժը դնել հիվանդացությունը բուժելու վրա: Չեն արել և փորձում են սահմանափակումները վերացնել, որ ժողովրդի դժգոհությունը մի փոքր զսպեն, բայց էլի ամեն ինչ կիսատ են անում: Սա էլ որևէ կերպ հարցի լուծում չի լինելու: Եթե մենք չեն կարողացել կարանտինի արդյունքում զսպել դեպքերը, ապա այն հանելուց հետո միանշանակ մենք ունենալու ենք դեպքերի աճ: Եթե այսքան ջանքերով, մարդկանց տանը պահելով՝ 60-70 դեպքից հասնում ենք օրական 120-ի, կարանտինից դուրս գալու պարագայում և անկառավարելի վարակի առկայության դեպքում մենք ունենալու ենք դեպքերի կտրուկ աճ»:

Հարցին՝ հնարավո՞ր է ամռան ամիսներին կորոնավիրուսի դեպքերի թիվը կրկնապատկվի, եռապատկվի, Գևորգ Գրիգորյանը պատասխանեց. «Առողջապահության նախարարությունը թվերը ներկայացնում է ոչ լիարժեք. դրանք օգտագործում է որպես քաղաքական, շանտաժի գործիք: Ո՞նց է ստացվում, որ մեկուկես ամսվա կարանտինի արդյունքում հանկարծ զուգադիպում են Տիգրան Ավինյանի հրաժարականի մասին լուրերը և դեպքերի կտրուկ աճը: Մինչդեռ կարանտինի արդյունքում դեպքերը պետք է նվազեն, և հասկանում ենք, որ քաղաքական անցուդարձի արդյունքում դա զուտ պարետատան, մասնավորապես փոխվարչապետի և առողջապահության նախարարի կողմից սպառնալիք էր վարչապետին՝ եթե հանկարծ Տիգրան Ավինյանը կորցնի իր պաշտոնը, թվերը կտրուկ կսկսեն աճել: Չեմ կարող պնդել, որ հետագայում էլ դիտավորյալ չեն սկսի ցույց տալ ցածր թվեր»:

ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, վիրուսաբան Հովակիմ Զաքարյանի կարծիքով, եթե պարետատունը նման որոշում  է կայացնում, ապա այն պետք է հիմնված լինի կոնկրետ հաշվարկների վրա: Նա մանրամասնեց. «Վստա՞հ են, որ  կարող են ավելի մեծ թվով մարդկանց հոսպիտալացնել, եթե դրա անհրաժեշտությունը լինի և արդյոք կա՞ այդքան ռեսուրս առողջապահական համակարգում՝ հիվանդանոցներում տեղ, դեղորայք, բժիշկներ, սարքավորումներ: Եթե կան, ապա նշանակում է որոշումը կայացվել է հաշվարկների հիման վրա, և խնդիր չկա, քանի որ ըստ էության աստիճանաբար մեկ է այս վիճակից պետք է դուրս գալ»: Նա նշեց, որ իրավիճակը կարող է զարգանալ երեք սցենարով. կարող է լինել դեպքերի թիվը կտրուկ աճ, կգրանցվեն նույն ցուցանիշները կամ էլ աստիճանաբար դեպքերի թիվը կսկսի նվազել, որն ըստ նրա՝ ամենաքիչ հավանականն է մոտակա օրերին համար:

Ըստ մասնագետի՝ խստացումների թուլացումը պետք է տրամաբանական լինի. «Եթե մարդիկ աշխատանքի են վերադառնում, ապա արդյոք նրանց աշխատավայրը պետք է նախկինի պե՞ս լինի, չպե՞տք է հետևեն, որ աշխատավայրերն ախտահանվեն կամ պարտադիր լինի դիմակների՝ փակ տարածքներում կրելը, եթե աշխատավայրում մարդկանց կուտակումներ կան: Այս ամենը հաշվարկի, հստակ մեթոդների վրա պետք է հիմնված լինի»:

Մասնագետը, սակայն, վստահ չէ, որ մարդիկ պահելու են բոլոր անվտանգության կանոնները: Ըստ նրա՝ այս մեկ ամիսը դրա վկայությունն էր: Նա զգուշացրեց՝  COVID-19-ի մահացության աստիճանը էապես բարձր է սովորական գրիպի մահացության աստիճանից. «Մենք խոսում ենք ոչ թե 2-3 տոկոս մահացության մասին, այլ միջինը 5 -6 տոկոս: Իսկ եթե գրանցվեն ավելի շատ դեպքեր, բնական է, մահերն էլ են կտրուկ շատանալու: Դրան էլ պետք է պատրաստ լինել թե′ հոգեպես, թե′ նաև այլ առումներով»:

Ըստ նրա՝ համավարակի պիկի մասին կանխատեսումներն անիմաստ են: Նա պարզաբանեց.  «Ապրիլի սկզբը համարվում է՝ դեպքերի պիկն է, թիվը հետո սկսեց նվազել, հիմա ոնց որ նորից երկրորդ ալիքն է: Բնական է, եթե մարդկանց շփումը մեծանա, շատ հավանական է, որ այն 128 դեպքը, որն այսօր օրական ունենք, նույնիսկ վիճակն այնպես կարող է վատանալ, որ մենք օրը մի քանի հարյուր դեպք ունենանք: Դրա հավանականությունը կա»:

Եզրափակելով խնդրեցինք՝ հստակ պատասխանել՝ պարետատան որոշումը ճի՞շտ էր, թե ոչ, Հովակիմ Զաքարյանը պատասխանեց. «Աստիճանաբար այս վիճակից դուրս գալ է պետք: Ոչ միայն ՀՀ-ն, այլև տեսում ենք՝ շատ այլ երկրներ էլ սկսում են թուլացնել կարանտինը՝ Իսպանիան, Գերմանիան, բայց վիճակի այդ թուլացումը պետք է հստակ հաշվարկների վրա հիմնված լինի, զուգահեռ հստակ քայլեր են պետք իրականացնել, որպեսզի սահմանափակումների թուլացումը չբերի գերհամաճարակային իրավիճակի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031