Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Լրագրողների զավեշտալի արկածներն ու վտանգավոր «օպերացիաները»՝ Ազգային ժողովում (ֆոտոշարք)

Մայիս 03,2020 00:46

Այսօր Մամուլի ազատության օրն է: Վերջին շրջանում պաշտոնական ու ոչ պաշտոնական մարմինները, հնարավոր ու անհնար բոլոր հարթակներից խոսում են «ծախված» լրագրողների, իրենց հետեւում «կոռուպցիոն» սեփականատերեր պահող ԶԼՄ-ների, փող վերցնող խմբագիրների մասին: Այս ֆոնի վրա ստվեր է գցվում ու վարկաբեկվում է այն բարեխիղճ, ազնիվ, անձնուրաց աշխատանքը, որին իրենց կյանքն են նվիրում լրագրողները: Մենք չենք խոսում այսպես կոչված «գռդոնչիների», «ծախու բանսարկուների» մասին, որովհետեւ այդ տեսակը կա բոլոր ոլորտներում:

Ցույց տալու համար մեր «ներքին խոհանոցը», թե ինչպես են, օրինակ, Ազգային ժողովում աշխատում լրագրողները, ինչ հնարամտությունների են դիմում՝ լավ կադր ստանալու համար, ինչպես են դասավորվում «դիրքում»՝ «փախուստի դիմած» պաշտոնյաներին բռնացնելու համար ու առհասարակ ինչով են զբաղվում միջանցքներում՝ ներկայացնենք վերջին 1-2 տարիներին Ազգային ժողովում մեր առօրյան՝ լուսանկարներով:

Ձեզ կարող է թվալ, որ այս հանդիսատեսը ինչ-որ հետաքրքիր ֆիլմ է նայում: Իրականում ԱԺ ոսկեզօծ դահլիճում միջխորհրդարանական ձեւաչափով փակ հանդիպում է: Լրագրողները մնացել են սրահից դուրս ու 3-4 ժամ ոտքի վրա սպասելուց հետո հայտնվել միջանցքի աստիճանների վրա:

ԱԺ միջանցքներում հաճախ ենք լսում սրտացավ պատգամավորների խորհուրդները՝ «սառը գետնից վեր կացեք, երեխա չեք ունենա», բայց մեր աշխատանքում փափուկ աթոռ գտնելը հրաշքի պես բան է:

Լավագույն դեպքում մենք նստում ենք պատուհանագոգերի վրա:

Ավելի մեծ հաջողության դեպքում ԱԺ հանձնաժողովի նիստեր լուսաբանելիս մեկ աթոռի վրա նստում ենք երկուսով՝ երթուղայինների նման:

 

Երբ մոտենում է ընդմիջման ժամը, ԱԺ նիստերի դահլիճի դռների մոտ պատգամավորներին է սպասում լրագրողների խումբը: Խմբի աշխատանքը երբեմն հիշեցնում է կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն: Եթե այդ օրը որեւէ պաշտոնյա խուսափում է հարցերի պատասխանել ու այլընտրանքային ճանապարհներով փորձում է դուրս գալ, մենք «բռնել պաշտոնյային» օպերացիան ենք իրականացնում: Ամեն մուտք ու ելքի մոտ մի օպերատիվ խումբ ենք ուղարկում, «մարդիկ» ենք ունենում անգամ վերելակներում, այգում:

Սա այն պահերից է, երբ լրագրողները պատգամավորի աշխատասենյակի մոտ սպասում են, որ դուրս գա ու պատասխանի հանրությանը հուզող հարցերին: Երբեմն պատահում է այն անհարմար վիճակը, որ այսպես «շուքով» պատգամավորներին ստիպված ենք դիմավորել զուգարանի դռան մոտ:

Սա «Լուսավոր Հայաստան» խմբակցության փոքր աշխատասենյակն է՝ Էդմոն Մարուքյանի ասուլիսի ժամանակ: Ցածրահասակ օպերատորներից մեկը իրենով էր արել Մարուքյանի աթոռը ու կանգնել վրան՝ լավ կադրի համար: Իրականում գործի մեջ մենք կարող ենք այնպիսի մարմնամարզական հնարք անենք, որ հայտնվենք ջահի մոտ: ՊԵԿ նախկին նախագահին հարց տալու համար մենք բարձրացել ենք պատուհանագոգի վրա ու հրավիրել նրա ուշադրությունը:

ԱԺ ամենահայտնի նախասրահներից մեկում, որը, չգիտես ինչու, մինչեւ հիմա «ՀՀԿ-ի ֆոե» ենք ասում, լրագրողների համար ԱԺ-ում ամենահարազատ վայրերից մեկն է: Նախկինում այս հատվածում էին գտնվում ինչպես ՀՀԿ խմբակցության ղեկավարի, այնպես էլ Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի, Սամվել Ալեքսանյանի, Նահապետ Գեւորգյանի՝ Նովոյի աշխատասենյակները, որոնք էլ հյուրընկալում էին Մհեր ՍԵդրակյանին, գեներալներ Մանվել Գրիգորյանին, Սեյրան Սարոյանին: Այս ամբողջ «փունջը» այսպես ասած «որսալու» համար լրագրողները հիմնականում այստեղ էին հավաքվում, հիմա էլ հավաքվում են՝ սովորության համաձայն:

Դժվար ու ծանր աշխատանքային օրից հետո օպերատորները, լրագրողները երբեմն այս բազմոցների վրա «աչք են կպցնում»: Երբեմն կատակով իրար ասում ենք՝ Մակունցի սենյակից ծածկոց բերե՞մ, գցեմ վրադ, որ չմրսես:

Երբեմն քաղաքական բուռն բանավեճերը նիստերի դահլիճի ամբիոնից տեղափոխվում են այս հարթակ ու լրագրողներն իրենք են սկսում բանավիճել, թե որ պատգամավորը որի «պորտը ավելի լավ տեղը դրեց»:

ԱԺ-ն այնքան հարազատ է մեզ, որ երբեմն մեզ զգում ենք՝ ինչպես մեր տանը, չէ՞ որ պատգամավորները գալիս ու գնում են, իսկ ԱԺ-ում հավատարմագրվող լրագրողները մնում ու ավելանում: Լրագրող կա՝ արդեն 5 եւ ավելի գումարման ԱԺ է լուսաբանել: Այս հարազատ միջավայրում, մանավանդ, երբ «ԱԺ նոր կանոնակարգով» նիստերը կարող են երկարաձգվել մինչեւ կեսգիշեր, մենք երբեմն միմյանց հետ կատակում ենք՝ «մնում է խալաթ ու հողաթափ բերել ԱԺ» ու այստեղ գիշերել:

Այս հարազատ մթնոլորտը ստիպում է պատգամավորներին լրագրողների հետ կիսվել իրենց ամենազավեշտալի «կիքսերով», մանավանդ, երբ լրագրողի աչքը նկատում է, որ պատգամավորի կոշիկը ոտքից առնվազն մեկ չափս մեծ է: Հագել է, որ նիստին սիրուն երեւա:

Այսպես է լինում, երբ պատգամավորների կամ միջազգային հյուրերի համար նախատեսված ֆուրշետի սեղաններից մեկը «թռցնում» ենք՝ մեր գործն առաջ տանելու ու մի րոպե շուտ նյութը ձեզ հասցնելու համար:

Պատահում է, որ լրագրողը ԱԺ է գալիս՝ կրծքին «Սոված» գրառմամբ: Ու երբ որ մենք շատ ենք լինում հարցազրույց վերցնելիս, տպավորություն է, որ մի խումբ սոված լրագրողներ «հարձակվել են» մի կուշտ պատգամավորի վրա:

Լրագրողներն ուրախ, սրամիտ մարդիկ են, կարող են պարել ԱԺ-ում, ինչ-որ բան բեմադրել, կարող են տարբել խաղեր խաղալ այն ժամանակ, երբ հանձնաժողովում դռնփակ նիստ է ու մեզ ստիպում են սպասել: Մենք մարդիկ ենք՝ մեր սխալներով ու առավելություններով, մեզ խիստ մի դատեք:

Լրագրող լինել հեշտ չէ, սա աշխարհի ամենահետաքրքիր, միեւնույն ժամանակ ամենավտանգավոր մասնագիտությունն է, երբ տնից դուրս ես գալիս ու չգիտես, թե երբ կվերադառնաս: Սա պահանջում է անմնացորդ նվիրում՝ երբեմն վեր լինելով ընտանիքից ու հարազատներից, ընկերներից ու շրջապատից:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031