Այս եղանակով թույլ մարինացված սունկը շատ համեղ է ստացվում, եւ կարելի է մատուցել որպես թեթեւ աղցան:
Անհրաժեշտ մթերքները
Շամպինյոն տեսակի սունկ- 1-1,2 կգ
Գլուխ սոխ-1 գլուխ
Կարդացեք նաև
Սխտոր-3 պճեղ
Թարմ կարմիր պղպեղ-1 հատ
Թարմ կծու պղպեղ-կես հատ (կամ 1 հատ,եթե փոքր չափսի է, իսկ եթե կծու չեք սիրում, կարող եք ընդհանրապես չօգտագործել)
Կանաչ սոխ-7-10 ճյուղ
Սամիթ-7-10 ճյուղ
Սեւ եւ կարմիր պղպեղ- ըստ ճաշակի (կարող եք վերցնել ինչպես աղացածը, այնպես էլ՝ չաղացածը)
Աղ-1 լիքը թեյի գդալ (եթե աղակեր եք՝ կարող եք մեկ ճաշի գդալ վերցնել)
Շաքարավազ-2 լիքը ճաշի գդալ
Խնձորի քացախ-3 ճաշի գդալ
Դափնու տերեւ-2-3 հատիկ
Պատրաստման եղանակը
Շատ լավ լվանալ սունկը: Դնել կաթսայի մեջ եփելու: Հենց սկսի եռալ, ավելացնել 1 ճաշի գդալ շաքարավազ եւ 1 ճաշի գդալ քացախ, կրակը ցածրացնել եւ թողնել եփվի մոտ 10 րոպե՝ մարմանդ կրակով:
Մինչ սունկը եփվում է, լավ լվանալ մնացած բոլոր բանջարեղենները:
Մանր կտրատեք սոխը, սխտորը, պղպեղները, կանաչ սոխն ու սամիթը: Լցրեք բոլորը մեծ թասի մեջ: Մեկ այլ ամանի մեջ իրար խառնեք նաեւ մնացած քացախն ու շաքարավազը, ինչպես նաեւ՝ աղն ու պղպեղները:
Սունկը վերցրեք կրակից, ջրքամեք եւ լցրեք կտրատած բանջարեղենի վրա:
Վրան ավելացրեք դափնու տերեւները, քացախի խառնուրդը: Լավ խառնեք, ծածկեք թասը պոլիէթիլենե թաղանթով եւ թողեք 2 ժամ սենյակային ջերմաստիճանում կամ ողջ գիշեր՝ սառնարանում: Մատուցելիս կարող եք վրան մի փոքր բուսական յուղ ավելացնել: Սառնարանում պահվում է 5-7 օր:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ