Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Միքայել Մինասյան. «Ես ոչինչ չեմ արել, ինչի համար պետք է ամաչեմ»

Մայիս 02,2020 23:56

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը իր ֆեյսբուքյան էջում տեսաշար է սկսել «Ստի վերջը» անունով։ Առաջին տեսանյութը նա մեկնաբանել է «Ես, Վանեցյանը և Փաշինյանը. մերժված առաջարկ»։ 

Նա ներկայացրեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ հանդիպման մանրամասները, որը, ըստ նրա, տեղի է ունեցել Վանեցյանի նախաձեռնությամբ 2019 թվականի փետրվարին Հռոմում՝ Hotel de Russie հյուրանոցի սրճարանում։  Նա ասաց, որ Արթուր Վանեցյանը իրեն Նիկոլ Փաշինյանի հաղորդագրությունն է փոխանցել և խոսակցությանը մասնակցել որպես Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրեն. «Ասաց, որ մենք ունենք քեզ առաջարկ, մեր առաջարկը հետևյալն է՝ դու մուծում ես սիմվոլիկ գումար, կքննարկենք՝ ոնց, կքննարկենք՝ ուր, անշուշտ՝ ինչ-որ հիմնադրամ կամ ինչ-որ պետական հիմնադրամ, ես չեմ հարցրել, ինքը հստակ չի ձևակերպել, ինչ-որ մի սիմվոլիկ գումար։ Եվ դրանից հետո դու չես գալիս Հայաստան երբեք, գոնե առաջին տարիների ընթացքում, բոլոր այն մարդիկ, որոնք այս կամ այն կերպով առնչվում են քեզ հետ, լսում են քո խոսքը, դու իրենց համար կարևոր ես, իրենք դադարում են պայքարել Նիկոլ Փաշինյանի դեմ, դու դառնում ես ապաքաղաքական մարդ, շարունակում ես ապրել երջանիկ՝ Հայաստանից դուրս։ Բայց այդ վայրկյանից, որ մենք պայմանավորվում ենք, բոլոր քրեական գործընթացները միանգամից դադարեցվում են, բոլոր քրեական հետապնդումները դադարեցվում են, խոսքը հորս մասին է, ընկերներիս մասին է, և մենք միանգամից դառնում ենք իրար չճանաչող լավ բարեկամներ»։ 

Միքայել Մինասյանը ասաց, որ մերժել է այս առաջարկությունը. «Ես մերժել եմ Նիկոլ Փաշինյանին, որովհետև ես չէի կարող ինձ ներել, և չէի կարող լավ ապրել, երբ իմ ժողովուրդը և իմ հայրենիքը այս վիճակում է։ Որովհետև ես՝ ի տարբերություն շատերի, ոչ թե կանխատեսել եմ, ես գրել եմ, ես ասել եմ, որ մեզ սպասում է մեծ աղետ։ Ես երբեք չեմ կարող պայմանավորվել մարդկանց հետ, ում անկեղծ համարել եմ և համարում եմ և հիմա վստահ եմ, որ դուք ունեք դրա պատճառները և հասկանում եք, պարզապես ստախոս, պարզապես անպատասխանատու, ժողովրդի դավաճան, և ցավոք սրտի, պետք է արդեն ավելացնեմ՝ պետության թշնամի։ Որովհետև այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանի Հանրապետությունում հայ ժողովրդի հետ և Հայաստանի Հանրապետության շուրջ, դա պարզապես պետական դավաճանություն է, ես ուրիշ բան չունեմ ասելու»։ 

Նա հավելեց. «Ես չէի կարող և չեմ կարող նստել և նայել, թե ինչպես է կործանվում իմ պետությունը և իմ ժողովուրդը։ Ես մերժել եմ Նիկոլ Փաշինյանին՝ իմանալով այն ճանապարհը, այն ուղին, որ ինձ սպասվում է։ Ես սկսել եմ իմ պայքարը հյուրանոցում՝ մերժելով Նիկոլ Փաշինյանին՝ իմանալով, որ քրեական գործերը շատանալու են, իմանալով, որ քրեական գործերը խորանալու են։ Բայց իմանալով և վստահ լինելով, որ ոչինչ չեն գտնելու, որովհետև ոչինչ չկա։ Ուզում եմ, որ հստակ արձանագրենք, որ հեղափոխությունից երկու տարի անց՝ չնայած՝ ամբողջ ուժային կառույցները՝ Ազգային անվտանգությունը, ՊԵԿ-ը, դատախազությունը, ոստիկանությունը, հատուկ քննչական ծառայությունը, բոլոր քննչական մարմինները ուղն ու ծուծով ուսումնասիրել են ամբողջ իմ գործունեությունը՝ բացահայտելով այնպիսի փաստեր, որոնց մասին ես մոռացել էի։ Այնպիսի մարդկանց են հարցաքննել, որոնց մասին ես լսել եմ և որոնց ես տեսել եմ երևի 10-15 տարի առաջ»։ 

Միքայել Մինասյանը հավաստիացրեց, որ երբեք չի գողացել, չի թալանել և ձեռքերը չի մտցրել ՀՀ բյուջեի մեջ. «Ես ոչինչ չեմ արել, ինչի համար պետք է ամաչեմ։ Ավելին ասեմ՝ ես այստեղ չեմ, որովհետև մեղավոր եմ, ես այստեղ չեմ, որովհետև ես ուզում եմ իշխել, ես ուզում եմ ղեկավարել, ես ուզում եմ լինել առաջնորդ։ Հայաստանի Հանրապետության ղեկավարի թագը խաչ է։ Ես գիտեմ, որ այսօրվա ղեկավարները չեն հասկանում դա։ Իմ միակ դրդապատճառը Հայաստանի ժողովրդին ծառայելն է՝ դնելով իմ գիտելիքը, իմ կարողությունը, իմ կապերը, իմ շրջապատը, ամբողջ ինձ, իմ ապագան, իմ կյանքը»։ 

Վերջում նա դիմեց իրավապահ մարմիններում և դատական համակարգում աշխատողներին. «Ամեն ինչ ֆիքսվում է։ Եվ խնդրում եմ ձեզ հավատացեք, որ հետո, երբ սկսեն ձեզ դատել, դուք չեք կարողանալու ասել, որ դուք կատարում էիք հրամաններ։ Իսկ այդ օրը վստահեցնում եմ՝ շատ մոտ է»։ 

https://www.facebook.com/mikayel.minasyan.9/videos/2818950321493364/

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. nona says:

    Լենինն էլ Ցյուրիխում նստած որոշում էր ռուս ժողովրդի բախտը,,,,,,,

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031