Այսօր մեկնարկում է միջազգային գրոսմայստեր, ՀՀ վաստակավոր մարզիչ, շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող, Եվրոպայի ակումբային գավաթակիր Արսեն Եղիազարյանի հիշատակին նվիրված արագ շախմատի օնլայն միջազգային մրցաշարը Հայաստանի եւ Ղազախստանի հավաքականների միջեւ:
Մրցաշարն անցկացվելու է երեք խմբերի միջեւ. պրոֆեսիոնալներ, պատանիներ եւ պատգամավորներ: Պրոֆեսիոնալների պայքարին մասնակցելու հայտ ներկայացրել են երկու երկրների ուժեղագույն շախմատիստները:
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արտակ Մանուկյանն Aravot.am-ին փոխանցեց, որ հայ պատգամավորներից շատերն էին ցանկություն հայտնել մասնակցելու Արսեն Եղիազարյանի օնլայն հուշամրցաշարին: Սակայն, քանի որ ղազախական կողմից հայտ ներկայացրել է երկու պատգամավոր, իրենք նույնպես ստիպված են եղել սահմանափակվել: Հայաստանից մրցաշարին մասնակցում են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը եւ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ