Դատարանը պարտավորեցրել է Գորիսի պետական համալսարանի (ԳՊՀ) ռեկտոր Արտուշ Ղուկասյանին չմիջամտել, չխոչընդոտել ԳՊՀ արհեստակցական կազմակերպության գործունեությանը, ԳՊՀ ֆակուլտետային գիտխորհուրդներում ընդգրկել արհեստակցական կազմակերպության ներկայացուցիչներին, տրամադրել անհրաժեշտ տեղեկատվական փաստաթղթեր՝ ԳՊՀ աշխատողների աշխատանքի վերաբերյալ:
Դատարանը նաեւ պարտավորեցրել է տրամադրել՝ սահմանված կարգով անհրաժեշտ պայմաններ ԳՊՀ արհեստակցական կազմակերպության կանոնադրությամբ սահմանված գործունեությունն իրականացնելու համար և ԳՊՀ-ից հօգուտ արհեստակցական կազմակերպության բռնագանձել համալսարանի արհեստակցական կազմակերպության անդամների համար հաշվարկվելիք կամ հաշվարկված ու ԳՊՀ-ի արհեստակցական կազմակերպությանը չփոխանցված անդամավճարների գումարները և հօգուտ պետբյուջեի՝ բռնագանձել հաշվարկված ու հաշվարկվելիք գումարների երկու 2%-ի չափով գումար՝ որպես չվճարված պետական տուրք:
Aravot.am-ին Գորիսի պետական համալսարանի աշխատակիցները տեղեկացրին, որ ռեկտորի կողմից իրենց ստիպողական նամակ է ուղարկվել, որտեղ մասնավորապես նշված է. «Ձեզ եմ ուղարկում ԳՊՀ արհեստակցական կազմակերպությանը փոխանցվող հաշվարկվելիք անդամավճարի վերաբերյալ դիմումի ձև, որը պետք է ուղարկել յուրաքանչյուր աշխատակցի` սուղ ժամկետում (մինչև մայիսի 04-ը) լրացնելու և հետ ուղարկելու պայմանով: Արդեն իսկ լրացված դիմումների հիման վրա կվճարվի աշխատավարձ»:
Ընդ որում, նշյալ դիմումի ձեւում նշված է, որ աշխատակիցը համաձայն չէ, որ 2018թ. հունվարի 1-ից մինչև օրս ԳՊՀ արհեստակցական կազմակերպությանը փոխանցվի իր համար հաշվարկվելիք անդամավճարը, եւ դադարեցնում է իր անդամակցությունը ԳՊՀ արհեստակցական կազմակերպությանը:
Կարդացեք նաև
«Այսինքն,այն չփոխանցված գումարը, որ դատարանի վճռով գործատուից պետք է պահվեր, ուզում են պահել աշխատողներից: Ասում են՝ դիմումը լրացրեք, արհկոմից դուրս եկեք, կամ ձեր աշխատավարձը չեմ տալու»,- ասաց մեզ դիմած քաղաքացիներից մեկը, որի անունը հասկանալի պատճառով չենք նշում:
Հիշեցնենք, որ Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանի անունը կապվում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ, եւ տեւական ժամանակ նա զբաղված էր հակալիսկայական կադրերից ազատվելով: Նաեւ հավելենք, որ աշխատանքից ազատված բոլոր դասախոսները հերթով դատի են տվել ռեկտորին ու շահել դատը:
Aravot.am-ը Արտուշ Ղուկասյանի հետ կապվել չկարողացավ, բայց պատրաստ ենք լսել նաեւ նրա տեսակետը:
Ի դեպ, Գորիսի պետական համալսարանի ներկայիս եւ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր Արտուշ Ղուկասյանի գործունեությանը քանիցս անդրադարձել է նաեւ կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը, որը մի շարք խնդիրների մասին բարձրաձայնելով՝ փաստել էր, որ ռեկտորի գործունեության ձեռագիրը չի փոխվում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ