Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների վարկանիշային դասակարգման մայիս ամսվա սանդղակը: Վերջին մեկ ամսում հասկանալի պատճառներով տղամարդկանց աղյուսակում փոփոխություններ գրեթե չեն եղել:
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը մնացել է 7-րդ տեղում: Մեր հանրապետության եւս չորս գրոսմայստերներ տեղ են զբաղեցրել 100 լավագույնների մեջ, միայն մի տարբերությամբ, որ Կարեն Գրիգորյանը Պորտուգալիայում միջազգային մրցաշարում հաղթելու շնորհիվ շրջանցել է Հրանտ Մելքումյանին: Ըստ այդմ, Գաբրիել Սարգսյանը 53-րդն է, Կարեն Գրիգորյանը՝ 71-րդը, Հրանտ Մելքումյանը՝ 77-րդը, Սերգեյ Մովսիսյանը՝ 99-րդը:
Կանանց ցուցակում մեր եռյակը այսպիսի դասավորվածություն ունի` 56. Էլինա Դանիելյան, 58. Աննա Սարգսյան, 71. Լիլիթ Մկրտչյան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ