Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Աստված ինքը յուրաքանչյուրի հատուցումը կտա». Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյան

Մայիս 02,2020 13:07

Գավառում օրերս տեղի ունեցած միջադեպը խաթարել է համայնքային կյանքի բնականոն ընթացքն ու խաղաղությունը: Ողբերգությամբ ավարտված միջադեպի կապակցությամբ իրենց ցավն ու ափսոսանքն են հայտնել Գեղարքունյաց թեմի հոգեւորականները:

Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում հանգստյան աղոթք կատարեց:

«Թափվել է հայի արյուն՝ հայի ձեռքով: Եվ սա մեզ համար առավել անհանգստացնող է, առավել մեծ ցավ է: Մենք նախ եւ առաջ ցանկանում ենք մեր ցավակցությունը բերել երիտասարդների ընտանիքներին: Թող նրանց հոգին հանգստության մեջ հանգչի:

Վրեժը վրեժ է ծնում: Արյունը իր հետեւից արյուն է բերում: Եվ մենք պիտի հասկանանք ու գիտակցենք, որ վրեժով ապրելով՝ նախ եւ առաջ մենք անհանգիստ կլինենք, որ վրեժը ոչ մի բարի բանի չպիտի առաջնորդի: Աստված ինքը յուրաքանչյուրի հատուցումը կտա: Մենք չէ, որ պիտի Աստծո փոխարեն որոշենք, թե մեղք գործածը ինչպիսի հատուցում պիտի տա: Աստված ամենատես է: Աստված ամեն ինչ տեսնում է եւ յուրաքանչյուրին ըստ իր արածի կմատուցի: Եվ եւս առավել մեր պատգամը եւ հորդորը՝ մահացածների ընտանիքներին. Աղոթքով տարեք այս օրերը, աղոթեք ձեր հարազատների հոգիների հանգստության համար:

Բռնությունը, չարը, անհանդուրժողականությունը, հարգանքի բացակայությունը, սիրո բացակայությունը չարիքի պատճառ է դառնում մեր կյանքում: Եվ տուժում ենք բոլորս: Կարեւոր չէ այս պահին, թե ցավը ումն է: Ցավը միայն մահացածների ընտանիքներինը չէ, ցավը բոլորինս է, բոլորինը, ովքեր անտարբեր չեն, ապրում են քրիստոնեական արժեքներով:

Եվ հիրավի, մեր պապերը, որ կերտել են այս տաճարը, կերտել են խաղաղ կյանքի համար, կերտել են մեր լուսավոր կյանքի համար, մեր աղոթական կյանքի համար: Երեւակայեք՝ որքան անհանգիստ պիտի լինեն նրանց հոգիները, երբ տեսնում են, որ իրենց ժառանգները միմյանց են վնասում, չար են մտածում, միմյանց են սպանում: Չպիտի հպարտանան իրենց ժառանգներով, որովհետեւ նրանք այս տաճարը կերտել են, որպեսզի իրենց սերունդները խաղաղության մեջ ապրեն, ապահովության մեջ ապրեն, ստեղծագործական կյանքով ապրեն, բարի գործերով տարբերվեն:

Պիտի կանգ առնենք, քանի ուշ չէ: Մեր համայնքը պիտի տարբերվի իր խաղաղասիրությամբ, իր բարի գործերով, իր ստեղծագործական կյանքով, որովհետեւ մենք պարտք ունենք մեր նախնյաց հիշատակի առջեւ: Որովհետեւ մեր նախնիք երազել եւ կերտել են մեր այսօրվա օրը: Իսկ մենք այսօր նրանց կամքին հակառակ ենք գնում:

Գավառի մեր սիրելի բնակիչներ: Յուրաքանչյուրդ ձեզանից խաղաղություն եւ սեր եք տարածում: Յուրաքանչյուրդ գիտակցեք, որ ուղղակի ձեր համայնքում, փողոցում շրջելով՝ յուրաքանչյուրիդ ժպիտը, յուրաքանչյուրիդ հանդուրժողականությունը, յուրաքանչյուրիդ հարգանքը կարող է ազդել խաղաղ մթնոլորտի ձեւավորմանը: Ամեն մեկս մեզանից խաղաղություն տարածող ենք: Եվ այդ համընդհանուր խաղաղության մեջ, ես վստահ եմ, որ չարիքը, սատանան տեղ չպիտի ունենան: Հետեւաբար, մեր հորդորն է, որ ձեր յուրաքանչյուր օրը կերտեք հենց այդ գիտակցությամբ, վստահ համոզումով, որ եթե մենք լույսի որդիներն ենք, որ եթե մենք մեր գործերով, մեր հարգանքով, մեր սիրով միմյանց հանդեպ վարվենք, ապա չարի որդիները չպիտի տեղ գտնեն մեր համայնքային կյանքում: Չարի գործերը ի չիք պիտի դառնան:

Մենք վերստին մեկ անգամ մեր աղոթքներում հիշում ենք մահացած երիտասարդների հոգիները: Իսկապես, մեզ համար մեծ ցավ է եւ մեծ ողբերգություն: Թող աստված նրանց հոգիները հանգստության մեջ ընդունի իր լուսեղեն օթեւաններին եւ նրանց ծնողներին, հարազատներին, բարեկամներին պարգեւի Սուրբ Հոգու մխիթարություն: Իսկ մեզ բոլորիս, Գավառի բնակիչներին կամք ու տոկունություն տա՝ հաղթահարելու այս տագնապալի օրերը եւ մեր ապագան կերտելու քրիստոնեական սիրով, քրիստոնեական արժեքներով, որպեսզի մեր համայնքային կյանքում այլեւս դադարի չարը գործել:

Շնորհ, Սեր եւ Խաղաղություն, Ամեն»:

https://www.facebook.com/kyavartvcompany/videos/261848381666007/

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031