Մայիսի 1-ին Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ արք. Չուլջյանը այցելեց Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռ-սրբավայր:
Սրբազան հոր հրավերով Սուրբ Հովհաննես էին ժամանել նաև մի խումբ հուշարձանագետ-ճարտարապետներ վաստակաշատ ճարտարապետ Ստեփան Նալբանդյանի գլխավորությամբ: Նրանք տեղում զննեցին Սրբավայրի ընդհանուր վիճակը, կատարեցին ուսումնասիրություններ, նկարահանում և չափագրում:
Սրբազան հայրը հանձնարարեց ճարտարապետներին պատրաստել վերակառուցման ու վերականգնման նախագիծ և նախահաշիվ: Հիշեցնենք, որ սույն թվականի փետրվարի 5-ին Սրբավայրի տանիքը քամուց ու փոթորկից պոկվել էր:
Ինչպես գիտեք նախորդ հաղորդագրությունից Սրբազանը հայտարարել էր, որ կհրավիրի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և մշակույթի նախարարության ճարտարապետներին և կոնստրուկտորներին ու նրանց ցուցումով կվերակառուցվի Սրբավայրը ամբողջական և հիմնավոր:
Կարդացեք նաև
Առ ի տեղեկություն, անցյալում ևս մի քանի անգամ քամուց տանիքը վնասվել էր, վառվող մոմերի բռնկումից էլ այն հրդհվել էր, այրվել էին սրբապատկերները:
Սրբազան մատուռը մշտապես վերականգնվել էր բարեպաշտ անհատների օժանդակությամբ ու նախաձեռնությամբ, սակայն, ցավոք, առանց մասնագիտական միջամտության և ուղղորդման:
Սրբավայրի անհրաժեշտ այս վերանորոգման համար Սեպուհ Սրբազանի լոսանջելոսաբնակ և հայաստանաբնակ մտերիմներն ու բարեկամները արդեն պատրաստակամություն են հայտնել իրենց նյութական աջակցությունը ցուցաբերելու:
ԴԻՎԱՆ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ