Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական մի շարք երկրներ դիտարկում են մասնակի վերաբացման հնարավորությունը, քանի որ գրանցվում է նոր դեպքերի և մահացության թվի անկում. «Ամերիկայի ձայն»

Մայիս 02,2020 10:20

Եվրոպական մի շարք երկրներ դիտարկում են մասնակի վերաբացման հնարավորությունը, քանի որ գրանցվում է նոր դեպքերի և մահացության թվի անկում

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վերջին տվյալների համաձայն՝ անցած օրվա ընթացքում աշխարհում COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը անցել է 3 միլիոն 300 հազարը: Մահացածների թիվն ավելի քան 237 հազար է: Ջոն Հոպկինսի համալսարանի կորոնավիրուսի կենտրոնի (CSSE) տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում մահվան դեպքերի թիվը ուրբաթ օրը գերազանցել է 64,000-ը: Ընդհանուր ԱՄՆ-ում դեպքերի թիվը կազմում է այս պահին 1 միլիոն հարյուր հազար մարդ:

Հինգշաբթի օրը Իսպանիայի առողջապահության, սպառողների և սոցիալական ծառայությունների նախարարությունը հաստատեց երկրում մահվան և վարակման նոր դեպքերի նվազման տեղեկությունը: Իսպանիայում COVID-19- ից մահացել է ընդհանուր առմամբ մոտ 25 հազար մարդ այն դեպքում, երբ ընդհանուր հիվանդների թիվը ավելի քան 213 հազար է: Դեպքերի մեծ մասը գրանցվել է Մադրիդում և Կատալոնիայում, ուր արձանագրվել են, անցած շաբաթվա համեմատ, ավելի քիչ դեպքեր: Շուրջ 57 հիվանդ անցած օրը տեղափոխվել է վերակենդանացման բաժին:

Հինգշաբթի օրը Իսպանիայի առողջապահության նախարար Սալվադոր Իլլան ասաց, որ երկրում կորոնավիրուսի դանդաղումը պայմանավորված է արտակարգ դրությամբ և մի շարք սահմանափակումներով, որոնք կիրառել են իշխանությունները:

Շաբաթ օրվանից սկսած ՝ մեծահասակներին թույլատրվում է դուրս գալ օրը մեկ անգամ ժամը 06:00-ից 10: 00-ը կամ 20:00-ից մինչև 21: 00-ն ընկած ժամանակահատվածում: Մինչև 14 տարեկան երեխաներին թույլատրվելու է դուրս գալ մեծահասակների ուղեկցությամբ 12:00-ից մինչև 19:00-ն ընկած ժամանակահատվածում: Այսպիսի քայլերը աստիճանաբար կթեթևացնեն երկրում խստացված ռեժիմը:

Հինգշաբթի օրը Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսից վերականգնման ամենաբարձր ցուցանիշը, հայտնում են երկրի քաղաքացիական պաշտպանության վարչությունից: Արձանագրվել է մոտ 5000 բուժման դեպք, որը ամենաբարձր թիվն է այստեղ համաճարակի բռնկումից ի վեր: Ուրբաթ օրվա դրությամբ մահացածների թիվը կազմում է ավելի քան 28 հազար մարդ, իսկ հիվանդներինը՝ ավելի քան 207 հազար:

Ավելի քան 1600 մարդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, սակայն այստեղ տեղափոխվածների ընդհանուր թիվը ևս նվազել է:

Իտալիայում մարտի 10-ից հաստատվեց հատուկ դրություն, որը նախատեսվում է պահպանել մինչև մայիսի 3-ը: Դրան կհաջորդի երկրորդ փուլը, որը ենթադրում է սոցիալական, տնտեսական և արտադրական գործունեության աստիճանական վերսկսում:

Մայիսի 4-ից արտադրության, շինարարության և մեծածախ առևտրի ընկերությունները կարող են վերսկսել աշխատանքը: Դրան կհետևի մանրածախ առևտրի, թանգարանների, պատկերասրահների և գրադարանների աշխատանքի վերսկսումը մայիսի 18-ից, իսկ հունիսի 1-ից կբացվեն բարերը, ռեստորանները, վարսավիրանոցները և գեղեցկության սրահները: Բոլոր բիզնեսները պետք է հետևեն աշխատավայրի անվտանգության կանոններին:

Մեծ Բրիտանիայում վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ երկիրը վերապրել է գագաթնակետը: Ընդհանուր մահացածների թիվն ավելի քան 27500 է: Այստեղ ևս արձանագրվել է նոր դեպքերի ու մահերի նվազում: Երկրի վերաբացման ու հետագա քայլերի մասին վարչապետը խոստանում է տեղեկացնել հանրությանը հաջորդ շաբաթ հրապարակված ծրագրի միջոցով:

Հինգշաբթի օրը Գերմանիայի դաշնային և նահանգային կառավարությունները համաձայնեցին շարունակել աստիճանաբար վերացնել COVID-19-ի սահմանափակումները: Այնուամենայնիվ, ավելի վաղ ներդրված սոցիալական հեռավորության կանոնները շարունակում են ուժի մեջ մնալ: Խաղահրապարակները, թանգարանները, պատկերասրահները, կենդանաբանական և բուսաբանական այգիները և այլ վայրեր կրկին հասանելի են լինելու, բայց հիգիենայի և հեռավորության կանոնները պետք է շարունակվեն պահպանվել:

Գերմանիայի քաղաքացիներին խորհուրդ է տրվում սահմանափակել սոցիալական շփումը և պահպանել նվազագույնը 1,5 մետր հեռավորություն, ինչպես նախատեսված է մարտի 22-ին ընդունած որոշման մեջ:

Նախատեսվում է, որ դաշնային և նահանգային կառավարությունները կրկին հանդիպումներ կունենան հաջորդ չորեքշաբթի՝ քննարկելու COVID-19 սահմանափակումների հետագա վերացումը: Ուրբաթ օրը Գերմանիայում դեպքերի ընդհանուր թիվը հասել է 163 հազարի, իսկ զոհերի թիվն անցել է 6600:

Ֆրանսիայում ուրբաթ օրը հիվանդների թիվը անցել է 167 հազարը: Երկրում COVID-19- ից մահացել է մոտ 25 հազար մարդ: Երկրում հիվանդանոցային տվյալները շարունակում են ցույց տալ հուսադրող ցուցանիշներ, իսկ կառավարությունը ծրագրում է մայիսի 11-ին վերացնել կորոնավիրուսային արգելափակումները: Վարչապետ Էդուարդ Ֆիլիպը, ներկայացնելով հակակորոնավիրուսային արգելափակումները վերացնելու երկրի ռազմավարությունը, ասել է, որ մարդկանց տեղաշարժման սահմանափակումը կպահպանվի, եթե նոր վարակի դեպքերի քանակը չնվազի օրական 3000-ից:

Ռուսաստանում շարունակում է գրանցվել նոր դեպքերի աճ: Անցած 24 ժամվա ընթացքում արձանագրվել է ավելի քան 7,000 նոր դեպք: Ուրբաթ օրվա դրությամբ հիվանդների ընդհանուր թիվը մոտեցել է 115 հազարի, իսկ մահերի թիվը կազմում է ավելի քան 1,100 մարդ: Համավարակի էպիկենտրոնը Մոսկվան է, որին բաժին է ընկնում ընդհանուր հիվանդների մոտ կեսը:

Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ

«Ամերիկայի ձայն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031